Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև նախ Երևանում, իսկ այնուհետև Բուրսայում երկու երկրների նախագահների ներկայությամբ տեղի ունեցած պատմական ֆուտբոլային հանդիպումներն ավարտվեցին: Սակայն, իրականում, քաղաքական պայքարը նոր է սկսվել: Հայաստանի նախագահի խոսքերով, «Բուրսայում պատմական պահ արձանագրվեց: Խաղում կարող ենք պարտվել, բայց դիվանագիտության մեջ` երբեք: Մենք իրավունք չունենք նեղանալու Թուրքիայից»:
1878թ. Բեռլինի համաձայնագրից հետո, երբ ստեղծվում էր Բուլղարիա պետությունը, հայերը սխալ քայլի գնացին` երազելով Կովկասում և Անատոլիայում Սև և Միջերկրական ծովերի միջև Մեծ Հայաստան ստեղծել: Սակայն հայերին Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան օգտագործել են` սկսած 1878թ. Բեռլինի համաձայնագրից մինչև Լոզան, 1974թ. Կիպրոսի խաղաղարար գործողությունից մինչև 2009թ. հոկտեմբերի 10-ը Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: Համաշխարհային քաղաքականությունն ուղղորդող միջազգային կապիտալի 70%-ն աջակցում է արձանագրություններին: Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «մի կողմ թողե´ք բազմամյա թշնամանքն ու կարգավորե´ք ձեր հարաբերությունները» ուղերձով հստակեցրեց ԱՄՆ-ի` այդ հարցում ունեցած դիրքորոշումը: Հայաստանյան իշխանություններն արձանագրությունների հետ կապված հարցերի պարզաբանումների համար տարբեր մարզերում հավաքներ և ժողովներ անցկացրեցին: ԱՄՆ-ի հայկական սփյուռքը Քլինթոնին ուղերձ հղեց` արձանագրությունների առնչությամբ ճնշումներ գործադրելու համար: Մի պահ երկխոսելու մասին համաձայնությունը փակուղի մտավ: Սակայն մեծ եղավ երկխոսության ծավալման հարցում երկու կին նախարարների` Քլինթոնի և Քալմի-Ռեյի դերակատարությունը: Հայկական սփյուռքը ցասման մեջ, սպառնալիքներով լի ուղերձներ է հղում: Սպառնում է դադարեցնել ֆինանսական աջակցությունը Հայաստանին: Բացառությամբ սփյուռքի` բոլորը երջանիկ են: Սփյուռքը, որը չի կարողանալու իրականություն դարձնել «փոխհատուցում» և «հողային պահանջ» նպատակները, գրեթե կործանված է: Հոկտեմբերի 10-ը սփյուռքը հայտարարեց սգո օր:
Բանալին Ղարաբաղն է: Քանի դեռ վերջ չի դրվել հայկական օկուպացիային, որևէ բան չի կարող կարգավորվել: Արձանագրությունները ստորագրված են, հերթն այժմ խորհրդարաններինն է: Բռնազավթված տարածքների ազատագրման բանաձևը կապված է Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համագործակցության և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչներից կազմված Մինսկի խմբի` արդար լուծում գտնելու համար կայացնելիք որոշման հետ:
Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացրած քայլերը չեն նշանակում ծախել Ադրբեջանը: Օսմանյան կայսրությունը պետության և հայերի անվտանգության համար երկրի արևելքում բնակվող հայերին ստիպեց գաղթել այլ վայրեր` պետության սահմաններում: Դա ցեղասպանություն չէ: Եթե ցեղասպանություն լիներ, դրան կենթարկվեին նաև պետության արևմուտքում բնակվող հայերը: Իսկ այդ շրջաններում բնակվող հայերի քիթն անգամ չարյունոտվեց: Թուրքիա-Հայաստան հարաբերություններում պետք է առաջնորդվել Սիրիայի օրինակով: Խաղաղությունը լավ բան է: Պատերազմի ժամանակ լինում են հաղթողներ և պարտվողներ, սակայն ոչ ոք չի շահում: Բոլոր երեք երկրներից յուրաքանչյուրը պետք է կարողանա ռիսկի դիմել: Թշնամանքի և ատելության փոխարեն պետք է համագործակցել…