Ի վերջո հասկանալի է Թուրքիայի` հանուն Հարավային Կովկասի  խաղաղության ձեռնարկած դիվանագիտական ջանքը: Սակայն մի քիչ վաղ էր հանրությանը ներկայացնել մի գործընթաց, որը սկիզբ էր առել` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձում հայկական թեզերը պաշտպանող հայտարարությունը կանխելու համար: Հայտարարվեց «Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհային քարտեզի» մասին, որոշ գաղտնիքներ հայտնվեցին մամուլում: Անգամ դա էր բավական, որպեսզի մեծ աղմուկ բարձրանար, թե «ճանապարհային քարտեզում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ չի ներառվել, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու է առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման»:

Այսօր արդեն հասկանում ենք, որ «ճանապարհային քարտեզի» երկու արձանագրությունների շուրջ աղմուկ բարձրացնել պետք չէր:

Ներքաղաքական քննարկումների սկիզբը ազդարարող   արձանագրությունները Թուրքիայի և Հայաստանի միջև մոտ 100 տարվա թշնամանքին վերջ դնելու նպատակ հետապնդող կարևոր և լայն շրջանակ ունեցող փաստաթուղթեր են: Եվ այն Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման ներուժ ունի:

Առաջին արձանագրությունում շեշտը դրվում է տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման, միջազգային խնդիրների խաղաղ կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա: Իսկ երկրորդ արձանագրությունում նշվում են ձեռնարկվելիք քայլերն ու ժամկետները: Նշվում է նաև, որ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, գիտական, տեխնիկական և մշակութային կապերի զարգացման համար ստեղծվելու է միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որն ունենալու է ենթահանձնաժողովներ:

Այստեղ Թուրքիայի երկու կարևոր ձեռքբերումներն են` Հայաստանը ճանաչում է 1921թ. Կարսի պայմանագրով գծված արևելյան սահմանը: Հայաստանն ընդունում է վարչապետ Էրդողանի կողմից տարիներ առաջ «ցեղասպանության» թեզն ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը:

Թուրք հանրության մեջ, սակայն, թերագնահատում են այդ ձեռքբերումները` առաջինի համար նշելով, թե «դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, այսպես թե այնպես, ստիպված էին լինելու ճանաչել մեր սահմանները», իսկ երկրորդի համար` «հայերը լուրջ չեն վերաբերվի պատմական հանձնաժողովին»: Մինչդեռ Հայաստանում կարգավորմանը դեմ հանդես եկող ազգայնական ճակատի և սփյուռքի վարքագծը ապացուցում է, որ վերոհիշյալ թերագնահատումներն անհիմն են:  

Երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց արձանագրությունների կարևորությունը, ոտքի ելավ ընդդիմությունը: «Դաշնակցություն» և «Ժառանգություն» կուսակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: Բայցի այդ, կան նաև հանրաքվե անցկացնելու կողմնակիցներ: Նրանք պնդում են, թե «Ցեղասպանությունը, փոխհատուցման և հնարավոր տարածքային պահանջները կասկածի տակ են դրվում»: Հայաստանյան ճակատում միակ հուսադրող կետը Սարգսյանի վարչակազմի վճռական գործելաոճն է և ընդդիմության անզորությունը: Այսօր Սարգսյանին քաղաքական մեկ այլընտրանք կա. դա Թուրքիայի հետ մերձեցման գործընթաց մեկնարկելու պատճառով իր իշխանությունը կորցրած Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Իրական ճնշողը «անհոգ» սփյուռքն է: Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը նախաստորագրված արձանագրությունները որակել է որպես «վտանգավոր հետընթաց քայլ»: Իսկ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, բողոքելով, թե Թուրքիան տնտեսական և դիվանագիտական ճնշումներով Երևանին ստիպել է ընդունել որոշ պայմաններ, հայտարարում է. «Առանց ցեղասպանության մեղքը ընդունելու` Թուրքիայի հետ չեն կարող հաստատվել մնայուն կապեր»: Այսինքն` հայաստանյան իշխանությունների գործն իրականում շատ դժվար է:

Ադրբեջանական ճակատում իրավիճակը շատ ավելի առողջ է: Օրինակ` ադրբեջանական մամուլը գրում էր, թե արձանագրությունները հայտարարվելուն պես «պետության նախագահ Իլհամ Ալիևը, կիսատ թողնելով իր այցը Վրաստան, հրավիրում է խորհրդարանի արտակարգ նիստ և Թուրքիային մեղադրում դավաճանության մեջ»: Սակայն Ալիևի` արտաքին կապերի հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հերքում է տարածված այդ լուրերը` թուրք և ազերի ժողովուրդներին կոչ անելով չհավատալ նման տեղեկություններին: Նույնիսկ հայտարարում է, թե հնարավոր է, որ նախքան հայ-թուրքական սահմանի բացումն առաջընթաց գրանցվի ղարաբաղյան հակամարտության գործընթացում:

Նշանակալի կշիռ ունեցող Ռուսաստանի վարքագիծը նույնպես կարևոր է: Ռուսները Թուրքիայի գործադրած ջանքերից անհանգստացած չեն: Պատճառը երևի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու` անցյալ տարի Բուշի վարչակազմի ուղղորդմամբ սանձազերծած կովկասյան պատերազմն էր: Թվում է` ռուսներն արդեն սկսել են գիտակցել, որ արտաքին ուժերը չպետք է միջամտեն տարածաշրջանին, անձամբ տարածաշրջանի երկրները պետք է ձեռնպահ մնան բախումնային քաղաքականությունից: Նրանք ողջունում են Թուրքիայի, անցյալ տարի առաջարկած, Կովկասյան համագործակցության և կայունության պլատֆորմ ստեղծելու գաղափարը:

Տարածաշրջանային դրությունից երևում է, որ Հարավային Կովկասում սկսել են փչել մեղմ քամիներ: Եթե արձանագրությունները վավերացվեն Թուրքիայի և Հայաստանի խորհրդարաններում, դա խթանիչ ուժ կդառնա տարածաշրջանի խաղաղության համար: Իսկ մի՞թե չկան վտանգներ: Իհարկե կան: Սակայն այլընտրանքային տարածաշրջանի համար պատերազմից, բախումներից և թշնամանքից բացի, այլ բանի չհանգեցնող ստատուս քվոն շարունակվում է …

Խաղաղության դեղատոմս Հարավային Կովկասի համար