– Պրն. Օսկանյան, արդեն բավական ժամանակ է անցել այն պահից, երբ Հայաստանի նոր իշխանությունը հռչակեց արտաքին քաղաքականության նախաձեռնող եւ ակտիվ կուրս: Ձեր կարծիքով, կարո՞ղ ենք արդյոք գնահատել, թեկուզ նախնական իմաստով, այդ կուրսի արդյունքը, և ընդհանրապես, ի՞նչ տարբերություն եք նկատում “նախաձեռնողական” հռչակված կուրսի եւ մինչ այդ վարած արտաքին քաղաքականության միջև:
– Նախաձեռնող քաղաքականության մասին երկու նկատառում ունեմ: Առաջինը` արտաքին քաղաքականության մեջ ինչ որ բան նախաձեռնելուց առաջ ամեն քայլը պետք է սկզբից մինչև վերջ լավ հաշվարկված լինի, այլապես նախաձեռնությունը կարող է նախաձեռնողի դեմ աշխատել:
Երկրորդ` նախաձեռնողականությունը պետք է ճիշտ ընկալել: Միջազգային հարաբերությունները ստատիկ վիճակում չեն, և երկիրը տարբեր իրավիճակներում տարբեր երկրների ճնշման տակ է լինում ինչ որ քայլ անելու կամ չանելու, ազդելու կամ հակազդելու իր անմիջական միջավայրում արվող այլ քայլերին: Ուստի այդպիսի իրավիճակներում ինչ-որ քայլ չանելը նույնքան նախաձեռնություն է, որքան քայլ անելը:
Օրինակ, եթե ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունը նախաձեռնողական քաղաքականության արդյունք է, նման քայլ չանելը նույնպես կարող է նախաձեռնություն համարվել: Եթե ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու որոշումը նախաձեռնություն է, չմասնակցելու որոշումը նույնպես հավասարազոր նախաձեռնություն է: Կարևոր է ճիշտ հասկանալ “նախաձեռնողականության” էությունը: Այլապես, եթե մեզ կթվա, որ նախաձեռնող լինելու չափանիշն անընդհատ նոր քայլեր անելն է, հերթական քայլն անելու մարմաջի մեջ մենք կարող ենք գնալ սխալ ճանապարհով, ինչին ականատես եղանք վերջին շրջանում:
– Եթե փորձենք իրավիճակը պատկերացնել կոնկրետ օրինակի վրա, ապա թերեւս բավական խոսուն էր Հայաստանի եւ Վրաստանի նախագահների վերջին հանդիպումը Երեւանում: Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլիի այդ հանդիպումն անցավ այնպիսի բարեկամական մթնոլորտում, որ մի պահ թվաց, թե խոսքը ոչ թե վերջին ամիսներին քաղաքական, մշակութային, հոգևոր ոլորտներում խնդիրներ ունեցած Հայաստանի ու Վրաստանի, այլ քույր քաղաքների քաղաքապետերի հանդիպման մասին է: Ձեր կարծիքով, մի՞թե այդօրինակ հռչակագրային բնույթի բարձր մակարդակի հանդիպումը, այն էլ հայ-վրացական հարաբերության այդ բեռի պայմաններում, տեղավորվում է Հայաստանի նախաձեռնողական և ակտիվ քաղաքականության շրջանակում:
– Իմ տպավորությամբ, իսկապես շատ պրոտոկոլային այցելություն էր: Ես, օրինակ, կուզենայի այս այցելության արդյունքում տեսնել երկու երկրների միջև համագործակցության, կոնկրետ ծրագրերի ուղղությամբ առաջընթաց, ինչպես նաև առկա խնդիրների լուրջ, խորքային քննարկում: Օրինակ` Բաթումի տանող մայրուղու շինարարության ուղղությամբ նախնական պայմանավորվածությունների փաստաթղթային ձևակերպում և կամ սահմանային անցակետի գործառույթների պարզեցման մասին որոշում:
Վրաստանի կարևորությունը Հայաստանի համար անուրանալի է: Մենք ունեցել ենք մեծ օրակարգ, և այն օրեցօր պետք է առավել խորացնել: Յուրաքանչյուր հանդիպում պետք է ծառայի հարաբերությունների առավել համակարգմանը: Ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը նույնպես ռազմավարական կարևոր նշանակություն ունի Վրաստանի համար: Մեր ընդհանրություններն այսօր ավելի շատ են, քան այն հարցերը, որ մեզ բաժանում են: Պետք է կարողանալ շեշտը դնել այդ ընդհանրությունների բացահայտման վրա, կոնկրետ ծրագրերի իրականացմամբ գործնականացնել այդ ընդհանրությունները, բայց միևնույն ժամանակ երկու երկրների միջև առկա լուրջ խնդիրները քննարկելու համարձակություն ունենալ և փորձել լուծումներ գտնել այդ խնդիրներին:
– Ի դեպ, հաշվի առնելով հայ-վրացական տիրույթում առկա հայտնի խնդիրներն ու հայտնի իրադարձությունները, ինչպե՞ս եք գնահատում Միխայիլ Սահակաշվիլիին պարգևատրելը և այդ առիթով Ռուսաստանից հնչած քննադատությունը:
– Սա Հայաստանի սուվերեն որոշումն էր: Եթե նույնիսկ պարգևատրելը սխալ որոշում էր, դա մեր ներքին խնդիրն է: Ցավալի փաստ է, որ մեր քայլերին նման հրապարակային հակազդեցություն է լինում այլ երկրներից: Ընդ որում, վերջին շրջանում առաջին անգամը չէ, որ նման իրավիճակներում ենք հայտնվում: Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել-չմասնակցելու հարցը նույնպիսի, մեղմ ասած, անշահեկան վիճակում դրեց Հայաստանը: Սրա հիմնական պատճառն, իմ համոզմամբ, այն է, որ Հայաստանը հրաժարվել է կոմպլեմենտարությունից: Նման պարագայում այլ երկրների ակնկալիքները Հայաստանից փոխվում են: Այդ իսկ պատճառով, որպես արձագանք մեր քայլերին, հնչում է ամենաբաց ու ուղղակի քննադատություն մեկ կամ մյուս կողմից:
– Կան փորձագիտական գնահատականներ, որ աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումների պարագայում, որ 2008 թվականից հետո մեկնարկեցին մեր տարածաշրջանում, Հայաստանի համար առավել նպատակահարմար էր զգույշ եւ մտածված արտաքին քաղաքականությունը: Ինչպե՞ս եք վերաբերում այդօրինակ գնահատականին:
– Մեծ հաշվով, ասածս կարելի է այդպես էլ ամփոփել, հետևաբար համաձայն եմ այդ գնահատականների հետ: Ռուս-վրացական պատերազմից հետո, ԱՄՆ-ում վարչակարգի փոփոխությունից հետո բազմաթիվ գործընթացներ են տեղի ունենում, և իրավիճակը շատ հեղհեղուկ է: Մի կողմից նկատելի է ԱՄՆ- Ռուսաստան որոշակի մերձեցման գործընթաց: Մյուս կողմից, այդ երկու երկրներն էլ որոշակիորեն կոնսոլիդացնում են իրենց դիրքերը մեր տարածաշրջանում: Այսպիսի հեղհեղուկ իրավիճակում անհրաժեշտ է, որ Հայաստանի քաղաքականությունը լինի շատ ճկուն, որպեսզի բաց պահի բոլոր տեսակի հնարավորությունները:
– Պրն. Օսկանյան, Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցելությունը Բաքու, եթե հատկապես նկատի ունենանք, որ դա տեղի ունեցավ Սահակաշվիլիի Երեւան կատարած այցից օրեր անց, ընդ որում նկատի ունենանք Երեւանում Սահակաշվիլիի բավական խիստ հակառուսական հայտարարությունները: Դրանից էլ բացի նկատի ունենանք, որ այդ այցելությունը Մեդվեդեւը կատարեց նաեւ Մեծ Ութնյակի վեհաժողովից, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից առաջ: Ինչո՞ւ նա գնաց Բաքու:
– Բնականաբար, դա պայմանավորված է Ռուսաստանի շահերով: Ռուսաստանը կոնսոլիդացնում է դիրքերը տարածաշրջանում, հատկապես Օբամայի հետ գագաթաժողովի նախօրեին: Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մերձեցումը կարող է լինել ի հաշիվ Հայաստանի: Սա է առանցքային փոփոխություններից մեկը, որ մեր տարածաշրջանում տեղի է ունեցել:
– Ինչպե՞ս կարելի է հասկանալ Բաքվում Մեդվեդևի արած հայտարարությունը Ղարաբաղի հակամարտության, “պատմական մոտ հեռանկարում” դրա լուծման հնարավորության, լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կառույցների ընդունած որոշումների հիման վրա տեսնելու մասին, եթե հիշենք, որ այդ որոշումները Հայաստանի համար կարծես թե այդքան էլ շահավետ չեն: Ալիևն ու Մեդվեդևը մեջբերում էին մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ հենց հիշատակվում են այդ որոշումները և որի տակ Հայաստանը ստորագրել է:
– Ամիսներ առաջ արդեն ասել եմ, որ Հայաստանն ամեն ինչ պետք է աներ մոսկովյան հռչակագիրը ստորագրելուց խուսափելու համար: Սա լուրջ դիվանագիտական բացթողում էր: Այդ հռչակագրով մենք հեշտացրել ենք Ռուսաստանի և այլ երկրների գործը Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում` նրանց հնարավորություն տալով անել Ադրբեջանանպաստ հայտարարություններ: Հայաստանը պետք է ամեն ինչ անի այդ հռչակագրի գոյությունը, դրա կարևորությունը հնարավորինս չեզոքացնելու և որպես գործոն նվազեցնելու ուղղությամբ:
– Ղարաբաղի խնդրում Հայաստանի դիրքը միշտ պայմանավորվել է ներքին իրավիճակով: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքին իրավիճակն այժմ:
– Որևէ երկրի արտաքին քաղաքական դիրքերի վրա մշտապես երեք գործոն է ազդում: Տարածաշրջանում ակտիվ այլ երկների շահերը, միջազգային կազմակերպություններում այդ պահի տենդենցնեցերը և երկրի ներքին քաղաքական և տնտեսական իրավիճակը: Այս երեք ուղղություններով էլ Հայաստանի պարագայում կան փոփոխություններ: Առաջինը` ռուս-ամերիկյան հնարավոր մերձեցումն է, Թուրքիայի առավել մեծ դերակատարումը Ղարաբաղի հարցում, որ հայ-թուրքական հրապարակային երկխոսության հետևանք է: Կոսովոյից և Հարավային Օսիայից ու Աբխազիայից հետո միջազգային կազմակերպություններում տենդենցներն այնքան էլ բարենպաստ չեն մեզ համար: Ներքին քաղաքական և տնտեսական իրավիճակը նույնպես բարդ է: Տնտեսական անկումը շարունակվում է, և դրա վերջն առայժմ չի երևում: Անառողջ ներքաղաքական իրավիճակը, երկրում հակակշիռների բացակայությունը, հասարակության խորացող հուսահատությունը, մեղմ ասած, չեն նպաստում մեր արդյունավետ ներգրավվածությանը միջազգային թատերաբեմում: Միջազգային ասպարեզում ուժեղ դիրքերի համար իշխանության դիրքերը պետք է ուժեղ լինեն երկրի ներսում: Ընդ որում, ուժեղ իշխանությունն այն իշխանությունը չէ, որ տնօրինում է իշխանական բոլոր լծակները: Իշխանության ուժը սեփական հասարակության վստահությունն է, որն ամենկարևորն է նաև միջազգային ասպարեզում:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասին ԵԽԽՎ հերթական թիվ 1677 բանաձեւը, որ ընդունվեց օրեր առաջ:
– Անկախ բանաձևի բովանդակությունից, քանի դեռ Հայաստանի հարցն օրակարգում է, պարտվում ենք բոլորս: ԵԽԽՎ-ում վերջին իրադարձությունները, ներքին գզվռտոցները, որ մեր բոլորի աչքի առաջ տեղի ունեցան, նախորդ հարցին պատասխանիս հավաստիացումն է: Մեր ներքին խնդիրները թույլ չեն տալիս մեզ արդյունավետ ներկայանալ արտաքին աշխարհում:
– Պարոն Օսկանյան, Հայաստանը, ինչպես նշեցիք, շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ: Ձեր կարծիքով, ԵԽ մոնիտորինգը վերջին հաշվով Հայաստանի համա՞ր է հարց լուծում, թե՞ Եվրոպայի:
– Եվրոպական կառույցները չպետք է դիտարկել որպես մեր խնդիրների լուծման միջոց: Ոչ ընդդիմությունը պետք է այդպես մտածի, ոչ էլ իշխանությունը: Եվրոպական կառույցները մեր խնդիրները չեն լուծելու, դրանք ընդամենը հնարավորություն են ընձեռելու եվրոպական փորձը Հայաստան ներմուծելու, ժողովրդավարացման գործընթացներին նպաստելու համար: Եթե մենք չենք ուզում օգտվել այդ հնարավորությունից, ոչ ոք մեզ ոչինչ չի պարտադրելու: Եթե մեզ համար եվրոպական արժեքները շարունակեն տեսական նշանակություն ունենալ, Եվրոպան ոչինչ չի անելու դրանց գործնականացման համար: Դա մեր գործն է: Հայաստանն արդեն 8 տարի է ԵԽ անդամ է, և պարզապես ամոթալի է, որ մենք շարունակում ենք մնալ մոնիտորինգի տակ:
– Պրն. Օսկանյան, Հայաստանում ընդհանրապես տպավորություն կա, որ շատ հաճախ գլխավորը շփոթվում է երկրորդականի, կամ ոչ գլխավորի հետ, եւ դա կարծես թե արվում է միտումնավոր: Ձեր կարծիքով, կա՞ արդյոք այսօր Հայաստանում իրավիճակը հանգամանալից եւ հստակ հասարակությանը ներկայացնելու անհրաժեշտություն, թե՞ առկա է մի վիճակ, երբ ամեն ինչ առանց խոսքի էլ պարզ է բոլորին: Կա՞ արդյոք հանրության եւ պետության առաջ ծառացած խնդիրները շարադրելու անհրաժեշտություն, թե՞ այդ խնդիրները բոլորն էլ շատ լավ գիտեն, պարզապես ոչ բոլորին են դրանք հետաքրքրում:
– Հայաստանում քաղաքական և հասարակական գործընթացներում թափանցիկության բացակայություն կա: Իրականության հետևողական աղավաղումը, անկեղծության բացակայությունը, ընդ որում թե իշխանության, թե ընդդիմության կողմից, հանգեցրել է հասարակության բևեռացմանն ու խորն անտարբերությանը: Ի վերջո, հասարակության առավել արագ հիասթափվող հատվածը, որ հատկապես պասիվ քաղաքական շրջանում մեծամասնություն է կազմում, տեսնում է և ճիշտ է վերլուծում իրականությունը, անկախ այն բանից, թե ինչպես են փորձում ձևափոխել իրականությունը թե իշխանությունը, թե ընդդիմությունը:
– Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր են պետք, որպեսզի հաղթահարվի այդ բևեռացվածությունը եւ անտարբերությունը: Ի՞նչը կարող է հասարակության համար լինել միավորիչ գաղափար: Ի՞նչը և ո՞վ կարող է հաղթահարել հասարակության հիասթափությունը:
– Առողջ պետություն կառուցելու այլ ճանապարհ, քան հակակշիռների վրա հիմնված առնվազն երկբևեռ քաղաքական համակարգն է, գոյություն չունի: Այսօր Հայաստանում մեծ հաշվով միայն մեկ` իշխանական բևեռ գոյություն ունի, որին, չնայած ընդդիմադիր ուժերի գոյությանը, գործուն հակակշիռ չկա: Խոսքը նախ և առաջ գաղափարական և ազդեցության լծակների առումով հակակշիռ բևեռի մասին է:
Հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ իշխանության մենատիրական նկրտումներն առավել ցայտուն դրսևորվեցին, նման բևեռի ձևավորումն անհրաժեշտություն է: Ընդ որում, խնդիրը չպետք է լինի ամեն գնով գործող իշխանությունից ձերբազատվելը, որն ինչպես փորձը ցույց է տալիս, ավելի է կոնսոլիդացնում ամեն գնով իշխանությունը պահելու ուղղությամբ իշխանության ջանքերը: Խնդիրը պետք է լինի ուժեղ ընդդիմադիր բևեռի միջոցով կառավարման համակարգի ներսում հակակշիռների մեխանիզմի կայացումը: Միայն նման ուժեղ բևեռը այլընտրանք կդառնա գործող իշխանությանը: Միայն այդ դեպքում իշխանությունը կհասականա, որ ամեն գնով իշխանությունը պահելն իր համար ավելի վտանգավոր է, քան իշխանություն կիսելը: