Հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս է ազատագրվելու Ղարաբաղը:
Հիմա Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում անհանգստություն մտցրած հարցը պետք է որ դա լինի:
Ղարաբաղ ասելիս` առաջինը միտքդ են գալիս 1991-93թթ. հայերի կողմից գրավված Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները:
Ղարաբաղ-Նախիջևան հարցը որպես առանձին թնջուկ, որը ԽՍՀՄ-ն օգտագործում էր իրենից կախման մեջ գտնվող երկրներին միմյանց դեմ հանելու և այդպիսով դրանց հեշտությամբ ղեկավարելու համար, հնուց ի վեր շարունակվում է:
Վերջին հայկական գրավման ժամանակ հազարավոր քաղաքացիներ սպանվեցին, 1.5 մլն ադրբեջանցի ստիպված գաղթեց ադրբեջանական հողերից: «Փախստականի» կարգավիճակ ստացած այդ մարդիկ տարիներ շարունակ ծայրաստիճան աղքատության մեջ են ապրում:
Եվ առաջնային լուծվելիք հարցն այդ 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին: Իսկ ինչպե՞ս է դա կատարվելու: Գուցե այդ առնչությամբ ռուսական նախաձեռնությո՞ւն կա: Այսինքն, եթե Ադրբեջանը Ռուսաստանի հետ զարգացնի իր հարաբերությունները, վերջ կդրվի՞ անմիջականորեն Մոսկվայի օգնությամբ իրականացված այդ գրավմանը:
Եթե ասենք, որ այս հարցը միջազգային հանրության օրակարգում հայտնվեց Թուրքիայի նախաձեռնությամբ, սխալված չենք լինի:
Քանի որ ամեն անգամ, երբ Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից օրակարգ էր բերվում Հայաստանի հետ սահմանները բացելու խնդիրը, Թուրքիան նրանց առջև էր դնում ղարաբաղյան հիմնահարցը: Այսօր էլ նույնն է անում: Իսկ շրջանառվող այն կարծիքները, թե Թուրքիան Ադրբեջանին հաշվի չի առնում, նրան ուզում է ճանապարհից հեռացնել, ուղղակի անհեթեթություններ են:
Մի՞թե հնարավոր է, որ Թուրքիան, որընիր կենսական շահերի տեսանկյունից հետաքրքրվում է Բոսնիայով, Ադրբեջանին հաշվի չառնի:
Մի՞թե Թուրքիան, որը Սիրիայի և Իրաքի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրեր է ստորագրում, կարող է ճանապարհից հեռացնել Ադրբեջանին:
Ադրբեջանը, բնական գազից, Նաբուկկո նախագծից և այլ տիպի հարաբերություններից բացի, Թուրքիայի բարոյական մի մասնիկն է… Թուրքիայի ղեկավարներն իրենց խելքը հացի հետ են կերե՞լ, որ անտեսեն Ադրբեջանի շահերը:
Վարչապետ Էրդողանը Ադրբեջան կատարած այցելության ժամանակ բացահայտ խոստումներ է տալիս խորհրդարանում: Օբամային պիտսբուրգյան հանդիպման ժամանակ հիշեցնում է գրավված ադրբեջանական տարածքների մասին, նշվում է, որ մոտ ապագայում կայանալիք հանդիպումների ժամանակ օրակարգի առաջին հարցը լինելու է գրավված տարածքների հարցը:
Նախագահ Գյուլը զանգահարում է Օբամային և ասում, որ «առանց Ղարաբաղի արձանագրությունը խորհրդարան չի մտնի»:
Նախագահ Գյուլը հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ ընթացող բանակցությունների որոշ մանրամասներից հասարակությունը տեղյակ չէ, և ավելացնում, որ Թուրքիան հաշվի է առնում Ադրբեջանի զգայունությունը:
Իր այդ վճռականության մասին Թուրքիան իրազեկում է Մինսկի խմբին: Եվ մենք Ադրբեջանի հետ հայտնվում ենք միմյանցից նեղացածի կարգավիճակում, որը հասնում է ընդհուպ մինչև դրոշները: Ադրբեջանական դրոշ` աղբանոցում: Սարսափելի սադրանք:
Շեհիդների պուրակից իջեցված թուրքական դրոշ: Սարսափելի սադրանք:
Ադրբեջանում լույս տեսնող «Ենի մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն ճիշտ նկատեց. «Կարող եք բարկանալ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության վրա, սակայն ի՞նչ է նշանակում շեհիդների պուրակից հանել թուրքական դրոշը: Շեհիդների պուրակը ստեղծվել է ի հիշատակ ռուսների հետ պայքարում Ադրբեջանին պաշտպանելու համար զոհվածների…»: Այո, ռուսների դեմ Նուրի փաշայի հրամանատարությամբ պաշտպանվեցին ադրբեջանական հողերը, և 1130 մարդ զոհվեց:
Մի՞թե այդպես չէ: Հարկ է հարցնել` հավերժ նեղանալո՞ւ ենք միմյանցից:
Եղբայրների` միմյանց հասցրած վերքերը հեշտ չեն ամոքվում: Դրոշների պատմությունն ավելի շատ է ցավ պատճառում:
Չգիտեմ` Գյուլի, Էրդողանի և Ալիևի միջև կապը դրա պատճառով է կտրվե՞լ:
Ցանկալի կլիներ, որ հարգարժան Ալիևը վեր կենար ու գնար Անկարա, հարգարժան Գուլն ու Էրդողանն էլ` Բաքու… Մինչև առավոտ զրուցեին, և երևային միայն նրանց բարեկամական հայացքները:
Մի՞թե հեռվից, հիասթափության դրսևորումներով հնարավոր է զարգացնել հասարակությունների եղբայրական զգացմունքները:
Ի՞նչ կլիներ, եթե հոդվածիս խորագիրը լիներ` «Ղարաբաղյան հակամարտության հարցը Ռուսատանն է լուծելու»:
Իսկ տարածվող այն լուրերը, թե «Թուրքիային հակազդելու համար Ադրբեջանը գնացել է Ռուսաստանի մոտ», իրականում արտացոլում են դրության ողբերգականությունը:
Դա բացատրելու համար հիշենք մեր ասացվածքներից. «Ծովն ընկնողն օձին էլ է փաթաթվում», «Ոջիլի համար վերմակ այրել»:
Թուրքիա-Ադրբեջան…
Մեկ ազգ, երկու պետություն… Այս գեղեցիկ պատկերը ոչ ոք չպետք է խեղի: