Որո՞նք են լինելու մոտ մեկ շաբաթից Սպիտակ տանը կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգի գլխավոր հարցերը: Վաշինգտոնում արտաքին քաղաքականության ընթացքը բնորոշող դիպուկ մի արտահայտություն կա. «հրատապը միշտ կարևորից առաջ է»: Եվ հասկանալու համար, թե ինչի մասին են խոսելու երկու առաջնորդները, բավական է նայել կարևորից հրատապ հանդիսացող հարցերին: Ներկա պահին թուրք-ամերիկյան հարաբերություններում երկու հրատապ հարց կա` Իրանը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը: Իրանի հարցում Օբաման հնարավոր է, որ Էրդողանին հետևյալ ուղերձը հղի. «Հավանություն ենք տալիս խաղաղությանն ուղղված ձեր ջանքերին: Միայն թե Թեհրանը հարցերը դեպի անդունդ է տանում: Եթե Իրանն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դրական քայլեր չիրականացնի, գործը կհասնի տնտեսական և քաղաքական պատժամիջոցների իրականացմանը: Այդ փուլում ձեզ ցանկանում ենք տեսնել մեր կողքին, այսինքն` արևմտյան ճամբարում»:
Իրանի խնդրից հետո օրակարգ է գալու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը և ստորագրված արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում ներառելու հարցը: Ինչպես հայտնի է, արձանագրությունները գծեցին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը, և դրան հավելվեց նաև ժամանակացույց: Սակայն այդ ժամանակացույցը սկսելու է գործել այն բանից հետո, երբ արձանագրությունները պաշտոնապես շրջանառության մեջ դրվեն: Իսկ դա հնարավոր կլինի միայն երկու երկրների խորհրդարանների կողմից այդ արձանագրությունների վավերացումից հետո: Օբամայի վարչակազմի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունն ու թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը շատ կարևոր են հետևյալ պարզ պատճառով. նախագահական քարոզարշավի ժամանակ իր տված խոստմանը հակառակ` Օբաման ապրիլի 24-ին «ցեղասպանություն» եզրույթը չգործածեց: Այդ պատճառով Սպիտակ տան վրա ճնշումներ են գործադրվում Կոնգրեսի և հայկական լոբբիի կողմից: Հատկապես Կոնգրեսում, իրավիճակը ճգնաժամային է. ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ամեն վայրկյան կարող է օրակարգ բերվել:
Վերջին ժամանակներում թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառով հրեական լոբբին էլ իր հերթին է բարկացած Թուրքիայի վրա: Եվ բոլոր այս պատճառներով հանդերձ, որպեսզի Օբաման կարողանա Թուրքիայի օգտին որևէ բան ասել, դա միայն ու միայն հնարավոր կլինի արձանագրություններն օր առաջ թուրքական խորհրդարանում վավերացնելուց հետո:
Հրատա՞պ, թե՞ կարևոր
Եվ այդ ժամանակ Օբաման և՛ հայկական լոբբիին, և՛ Կոնգրեսին կարող է ասել հետևյալը. «Տեսե՛ք, երկու երկրները հաշտվում են, եկեք չկացնահարենք այդ հաշտեցումը»: Հակառակ դեպքում, ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, որը մեծ հավանականությամբ կարող է ընդունվել Կոնգրեսում, խորը ճգնաժամ առաջ կբերի թուրք-ամերիկյան հարաբերություններում: Իսկ նման ճգնաժամը կխոչընդոտի օրակարգում առկա մյուս հարցերի քննարկմանը: Եվ հենց այդ պատճառով է, որ Վաշինգտոնում հրատապը միշտ կարևորից առաջ է:
Բարի, Իրանի և Հայաստանի հետ կապված հարցերի քննարկումից հետո ի՞նչ թեմաներ են մնալու օրակարգում: Ըստ իս` մյուս կարևոր երկու հարցերը վերաբերելու են Իսրայելին և Աֆղանստանին: Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառով Մերձավոր Արևելքում և հատկապես սիրիա-իսրայելական ճակատում ձեռքբերումների կորստյան հանգամանքը Վաշինգտոնում մեծ անհանգստություն է առաջ բերում: Բարձրաստիճան մի ամերիկացի պաշտոնյա վերջերս հարցի առնչությամբ կես կատակ, կես լուրջ ասել էր. «Մինչև Սիրիայի և Իսրայելի միջև որպես միջնորդ Թուրքիայի հանդես գալը, նախ պետք է Վաշինգտոնը որպես միջնորդ հանդես գա Թուրքիայի և Իսրայելի միջև…»: Թուրքիայի` աշխարհիս երեսին ամեն հարցում որպես միջնորդ հանդես գալու ցանկության առնչությամբ այս ծիծաղաշարժ որակումն ինքնին հասկանալի է:
Իրանից, Հայաստանից և Իսրայելից հետո, Վաշինգտոնի համար շատ կարևոր է նաև Աֆղանստանը: Սպասվում է, որ վաղը Օբաման հայտարարություն կանի լրացուցիչ 30 հազար զինվոր Աֆղանստան ուղարկելու մասին: Օբամայի վարչակազմը, միևնույն ժամանակ, Աֆղանստանի հարցում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջելու է ավելի մեծ աջակցություն: Եվ շատ հավանական է, որ այդ հարցը հայտնվի Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգում:
Վերջին ժամանակներում թուրքական արտաքին քաղաքականության ուղեգծում փոփոխություններ լինել-չլինելու հարցի ամենահամոզիչ պատասխանը կլինի ամերիկյան պահանջներին ընդառաջ գնալը:
Մյուս կողմից, Վաշինգտոնում ոչ ոք այդ հարցի առնչությամբ մեծ հույսեր չի փայփայում: Ամեն դեպքում Թուրքիան և Միացյալ Նահանգները յուրաքանչյուր հարցում շարունակելու են առաջնորդվել իրենց շահերով: Եվ դա նորմալ է: