Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վաշինգտոնում իրեն ուղղված Հայոց ցեղասպանության պնդումների հետ կապված հարցին ի պատասխան, հայտարարեց. «Իմ նախնիները ցեղասպանություն չեն իրականացրել»:
Ծայրահեղական պնդում, պատմությանը միակողմանիորեն մոտենալու արդյունք, պաշտպանվելու նպատակով ասված խոսքեր:
«Իմ նախարարից, իմ նահանգապետից» հետո հիմա արդեն «իմ նախնիներն» են մեջտեղ եկել:
Չգիտեմ` Էրդողանի նախնիները նման բան կանեին, թե ոչ, սակայն եթե Դերսիմի իրադարձությունների համար գործածում է կոտորած արտահայտությունը, ապա գոնե պետք է ընդունի, որ իր նախնիները ոչ հեռավոր անցյալում որոշ վատ բաներ արել են:
Երբ վարչապետ Էրդողանը պատասխանում էր Ժողովրդա-հանրապետական Օնուր Օյմենի հայտարարություններին, օրինակ բերելով Դերսիմը, ասաց հետևյալ խոսքերը, որոնք վկայությունն են այն բանի, որ անցյալում էլ մեծ սխալներ են գործվել:
«Մի՞թե ձեր դաշտերն ու արոտավայրերն արգելված գոտիներ համարվեցին: Մի՞թե ձեր գյուղերն ու մզկիթները տրորվեցին: Մի՞թե ձեր գյուղի ճանապարհին ական տեղադրվեց: Դուք, որ ասում եք` մայրերը արցունք են թափելու, մի՞թե դուք եք զավակ կորցրել: Գիտեմ, գիտեմ, թե ինչեր են տեղի ունեցել: Դերսիմի իրադարձությունները պաշտպանողներին ես համարում եմ անմարդկային: Իմ սուրբ ազգի յուրաքանչյուր անհատ թող իրեն այդ հարցերը տա: Անկեղծորեն թող հաշվի նստի իր խղճի հետ»:
Դերսիմի կոտորածը հանրապետության ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություն է, իսկ Հայկական հարցը` իթթիհատականների:
Ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը, թուրքական և սուննի մի հանրապետություն ձևավորելու ցանկությունը նրանց մոտ նույն էր:
Բավական է, որ Էրդողանը հանգիստ թողնի իր նախնիներին և նայի այսօրվա Թուրքիային:
Մի՞թե այս խորհրդարանում քրդական հարցի կարգավորման համար Դերսիմի մոդելը առաջարկող քաղաքական գործիչ չկա:
Մի՞թե չկան քաղաքական կուսակցության առաջնորդներ, ովքեր որպես հայրենիքի դավաճանություն են դիտում քուրդ քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների ճանաչումը:
Եթե չկարողանաք ճիշտ ընկալել անցյալը, կուրորեն պաշտպանել ձեր նախնիների յուրաքանչյուր արարքը, ապա չեք կարող ճիշտ լուծումներ գտնել ներկայի համար:
Երեկ հայերին թարախապալար համարող, Դերսիմի քուրդ-ալևի քաղաքացիների դեմ ամեն տեսակ ճնշումներ և ուժ կիրառելու խորհուրդներ տվող և այսօր քրդական նախաձեռնությունը որպես հայրենիքի դավաճանություն որակող մտաուղղվածությունների միջև տարբերություն չկա:
Սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները, ունեցվածքի հարկը, Թրակիայի իրադարձությունները, ազգային փոքրամասնությունների ունեցվածքին տիրանալու որոշումները, մահմեդականների դեմ իրականացված ճնշումները մի՞թե նույն իթթիհատական մտաուղղվածության արգասիքը չեն:
Մի՞թե նույն մտաուղղվածությունը չի թաքնված 33 զինվորի սպանության և, հավանաբար, Թոքատում 7 զինվորի զոհվելու իրադարձությունների ետևում:
«Երբ խոսքը հայրենիքի մասին է, մնացածն ավելորդ է» ասելիս` մի՞թե կարողանալու եք արժևորել խեղճ զինվորների կյանքը:
Այս հողերում ապրող մարդիկ երկար տարիներ այդ քաղաքականությունների զոհն են:
Այդ քաղաքականությունների հիմնադիրներն ու զարգացնողները, կյանքի կոչողները Էրդողանի նախնիներն են:
Եթե դուք ձեր նախնիների հետ միասին մտադիր չեք պատմության հետ հաշվի նստել, ապա նրանք ձեզ «Վանդակի» մեջ կփակեն:
Եվ ինչպես Նազըմ Հիքմեթի վեպի վերնագիրն է, արյունը չի խոսում, որովհետև…