Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները նախաստորագրված «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» արձանագրությամբ, անկասկած, նոր ժամանակաշրջան թևակոխեցին: Արված տարբեր ժեստերից, խորհրդանշական քայլերից զատ՝ այս արձանագրությամբ երկու անկախ պետությունները ստորագրեցին մի տեքստ, որը միջազգային իրավունքի օբյեկտ դառնալու և դրանից բխող տարբեր արդյունքների հանգեցնելու ներուժ ունի:
Երկու երկրների միջև ստորագրվելիք արձանագրությամբ մոտ ապագայում հնարավոր է, որ Կովկասում փոխվի Առաջին աշխարհամարտից հետո ձևավորված և մեկ դար շարունակվող «իրավիճակը»: Մյուս կողմից սա ազդանշան է «սառած պատմությունը» լուծելու համար:
Մամուլում տեղ գտած ոչ պաշտոնական արձանագրության մեջ ամենագրավիչն, անկասկած, սահմանների բացման հետ կապված դրույթն է. արձանագրության վավերացումից հետո երկու ամսվա ընթացքում պետք է բացվեն սահմանները: Այս նպատակի ծանուցումը նշանակում է, որ Թուրքիան և Հայաստանն այլևս թևակոխել են անդառնալի մի փուլ. փակ սահմանները երկկողմ հարաբերություններում ստեղծել էին «հոգեբանական պատնեշ»:
Անգամ բարի նպատակ հետապնդող ջանքը, բախվելով այդ հոգեբանական պատնեշին, ետ է մղվում: Ընդհանուր սահմանի բացման հետ մեկտեղ կվերանա խնդրի՝ լարվածության տևականությունն ապահովող մեխանիզմներից մեկը: Մյուս կարևոր դրույթը` երկու կողմերի՝ բոլորի առջև արխիվների բացումն է: Կարևոր են նաև էներգակիրների հարցում կողմերի համագործակցությանը, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների բացմանը վերաբերող դրույթները:
Վերը նշված այս կարճ իրավաբանական տեքստն ինչպե՞ս պետք է մեկնաբանել:
Նախ և առաջ, այս կարճ տեքստը թողնում է պրոտո-ինտեգրացիոն համաձայնագրի տպավորություն: Երկու հարևան պետություններ իրենց միջև առկա խնդիրները լուծելու առնչությամբ հզոր կամք են ցուցաբերել՝ համագործակցելու մշակութային, կրթական, տնտեսական, հեռահաղորդակցության բնագավառներում: Դեռևս ընդհանուր սահման չունեցող երկու երկրների միջև նախաստորագրված արձանագրությունում տարբեր դրույթների առատությունը խոսում է այն մասին, որ Թուրքիան և Հայաստանը տարածաշրջանում կարևոր նախաձեռնությունների և նախագծերի իրականացման համար միմյանց կարիքն ունեն: Սակայն այստեղ անհրաժեշտ է ընդգծել հետևյալը` Թուրքիան և Հայաստանը միջազգային հարաբերությունների համակարգում «հավասարազոր» պետություններ չեն: Այդ պատճառով վերը հիշատակված արձանագրության` շրջանառության մեջ մտնելուց հետո շատ հնարավոր է, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ: Երկրորդ` արձանագրությամբ Հայաստանը կվերադառնա միջազգային համակարգ:
Այսօր Հայաստանը թույլ տնտեսությամբ և մեկուսացված աշխարհագրությամբ «դե յուրե» միջազգային համակարգի մաս է, սակայն «դե ֆակտո»` մեկուսացված: Հայաստանի և միջազգային համակարգի միջև հարաբերությունները Ռուսաստանի նման միջանցքներով են իրականացվում: Ինչպես մոտ անցյալում Սիրիան Թուրքիայի միջոցով միջազգային համակարգ վերադարձավ, այնպես էլ Հայաստանն այդ արձանագրությամբ նույն գործընթացն է սկսում: Դա կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի մշակութային, քաղաքական կյանքի վրա: Երրորդ` Թուրքիայի հետ մերձենալու «փորձ անող» հայկական քաղաքական վերնախավն, այդ ուղղությամբ, իր ողջ ուժով երկրում սկսում է նոր գործընթաց:
Թուրքիայի պես երկրի հետ, որն ավելի լավ է կարողանում գործածել միջազգային համակարգի հնարավորությունները, Հայաստանի մերձեցումն, անշուշտ, դրական ազդեցություն կարող է ունենալ այդ երկրի սոցիալական և քաղաքական կառույցում իրականացվելիք հնարավոր փոփոխությունների վրա: Մյուս կողմից, Թուրքիան, ենթատարածաշրջանային համակարգն ընդարձակելիս, դրանում կներառի նաև Հայաստանին: Չորրորդ` Հայաստանի` Թուրքիայի պես հզոր տնտեսություն և դրան զուգահեռ զանազան մշակութային և այլ ազդեցություններ ունեցող երկրի հետ նեղ հարաբերություններ հաստատելու դեպքում՝ Կովկասում կսկսի ձևավորվել ավելի «լիբերալ» միջավայր: Անգամ եթե հաշվի առնենք թուրք-վրացական և ռուս-վրացական հարաբերությունները, այդ արձանագրությամբ մեկնարկվող գործընթացը Կովկասում կարող է զարկ տալ «լիբերալիզացման» գործընթացի: Կովկասում ազդեցիկ Թուրքիայի առկայությամբ նաև, այդ գործընթացներում Հայաստանին ներառելու միջոցով, տարածաշրջանում սկսվելու է աշխարհաքաղաքական ուղեգծերի շարժ:
Արձանագրությունը Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում մեկ այլ ճգնաժամային գործընթաց մեկնարկեց: Հարկ է հիշել հետևյալը` ցանկացած միջազգային հարց կարող է քաղաքական շահարկումների նյութ դառնալ որոշ քաղաքական դերակատարների համար: Այդ պատճառով շատ հնարավոր է, որ երկու երկրների միջև մերձեցման գործընթացը թիրախ դառնա: Ե´վ Հայաստանում, և´ Թուրքիայում կգտնվեն նման հարցեր շահարկողներ: Այդ դերակատարները կփորձեն իրենց հանրությանը բացատրել, որ արձանագրությունը վնասում է ազգային շահերին: Կա նմանատիպ արգելքներից խուսափելու ճանապարհ` անհրաժեշտ է արագ գործել և զգայուն գործընթացը պաշտպանել տարբեր տեսակի վտանգներից ու վնասներից: