2005թ. Թուրքիայում, մինչ այդ նախադեպը չունեցող իրադարձություն տեղի ունեցավ. կազմակերպվեց գիտաժողով «Հայերը Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում» խորագրով: Իրարանցում սկսվեց:
Այդ ժամանակ արդարադատության նախարարի աթոռը զբաղեցնող Ջեմիլ Չիչեքը խորհրդարանի ամբիոնից բղավեց. «Թիկունքից դաշունահարողնե՛ր»: Գործին միջամտեց դատարանը: Գիտաժողովի առնչությամբ «նախազգուշական միջոցառումների որոշում» կայացվեց:
Այդ օրվանից ի վեր շատ բաներ տեղի ունեցան:
Նախ և առաջ` Հրանտ Դինքի սպանությունը:
Այդ ժամանակաշրջանում թուրքի թշնամու անուն ձեռք բերած Դինքի դեմ սկսվեց լինչի դատաստան:
Սակայն տարբերելու, ծանր ու թեթև անելու, քննարկելու, չիմացածն իմանալու, պատմության և ինքնության հետ հաշվի նստելու համար առաջին քայլերը հենց այդ ողբերգական ժամանակահատվածում իրականացվեցին:
Գագաթնակետը դարձավ «Ներողություն եմ խնդրում» խորագրով արշավը:
Այդ ստորագրահավաքին իրենց զորակցությունը հայտնած 30 հազար մարդ ազդարարում էր բոլորովին այլ զգացմունքի և դիրքորոշման տեր Թուրքիայի մասին:
Ոմանք, եթե անգամ զայրացան, միևնույն է սկսեցին տեսնել և մտածել…
Այդ արշավի դեմ բոլոր դատական գործերն անհաջողությամբ պսակվեցին:
Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրումը հնարավոր դարձավ այդ սոցիալական հողի վրա:
Այսօր հնարավոր չէ դա չտեսնել: Եթե մի պահ մոռանանք ցավերի և կորուստների մասին, կարելի է ասել, որ այն կետը, որին մենք այսօր հասել ենք, անհատի և հասարակության միջոցով Թուրքիային ուժեղացնելն է:
Արդեն կարող ենք ասել, որ առագաստներ ենք բացել դեպի թափանցիկություն ձգտող, իր հետ հաշվի նստելուց չխուսափող, անցյալի և ներկայի հետ կապված բաց հասարակական կարծիքին ապավինող, ավելի ինքնավստահ մի Թուրքիա…
Այս տողերը գրում եմ Սաբանջըի թանգարանից:
Թանգարանի նիստերի դահլիճում մի գիտաժողովի աշխատանքներ են ընթանում:
Գիտաժողովը նվիրված է 1909թ. Ադանայի դեպքերին…
1909 թվականն Աբդուլ Համիդի գահակալությունից հետո «Իթթիհաթ վե Թերաքքիի» («Միություն և առաջադիմություն») ժամանակաշրջանում տեղի ունեցած առաջին մեծ հայկական ջարդի հետ կապված կարևոր տարեթիվ է:
Ջեմալ փաշան իր հուշերում գրում է, որ այդ իրադարձությունների ժամանակ սպանվել է 17 հազար մարդ:
Այրվել և ավիրվել է մի քաղաք, իրադարձությունները տարածվել են Օսմանյան կայսրությունով մեկ:
Հինգ տարի առաջ Թուրքիայում նման մի գիտաժողովի մասին երազել անգամ հնարավոր չէր:
Իսկ հիմա այն տեղի է ունենում:
Այդ թեման քննարկում են թուրք, հայ, ֆրանսիացի, իտալացի, կանադացի, ամերիկացի պատմաբանները:
Դահլիճի դռներին ձու նետող չկա, չկան նաև բողոքի ակցիաներ…
Տեղի է ունենում իրական քննարկում, սեղանին են դրվում փաստաթղթեր, առաջ են քաշվում տարբեր տեսակետներ:
Գիտաժողովը կազմակերպվել է Բողազիչիի համալսարանի պատմության բաժնի, Կոմիտասի ինստիտուտի, Ստամբուլի Բիլգիի համալսարանի պատմության բաժնի և «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից:
Ինքնին արդեն իսկ կարևոր երևույթ է, երբ հանդիպում են նման կառույցների ներկայացուցիչներ և կազմակերպում քննարկում:
Երիտասարդ սերունդների հետ թուրք մտավորականները կարևոր քայլեր են իրականացնում` 19-րդ դարաշրջանը վերստին ուսումնասիրելու ճանապարհին:
Այս գիտաժողովը Թուրքիայի` իր հետ խոսելու և ժողովրդավարացման ճանապարհին նոր կիլոմետրի նշանաձող է:
Ի՞նչ է եղել Ադանայում 1909 թվականին:
Դա առանձին քննարկման թեմա է…
Արյուն թափվեց, թալան եղավ, շատերը լքեցին Օսմանյան կայսրությունը:
Ջեմալ փաշան մահապատժի դատապարտվեց:
Ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞վ:
Այս հարցերն են կարևոր…
Պատասխաններից առավել կարևոր է այս հարցերն ուղղելու համար ուժ, համարձակություն և բարոյականություն ունենալ…
Չպետք է վախենալ այն բանից, թե ուր կարող են ձեզ տանել պատասխանները, պետք է զգալ, լսել և վստահել սեփական ինքնությանը:
Այդ վստահությունը ծնում է քննադատական հայացք…
Իսկ այսօր հենց դա է տեղի ունենում…
Այսպիսի օրերին ես իմ երկիրն ավելի եմ սիրում…