Հոկտեմբերի 1-ին իր աշխատանքներն սկսեց ոչ միայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովն, այլև հայկական խորհրդարանը, որն անմիջապես ձեռնամուխ եղավ «Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման» քննարկումներին: Եթե միայն կարելի է դրանք անվանել քննարկումներ: «Դանուբից արևելք» ընդհանրապես ոչ թե քննարկում, այլ «փոխհրաձգություն» է լինում:
Հայաստանի Ազգային ժողովում Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ կազմակերպված լսումների արդյունքում՝ նախագահ Սերժ Սարգսյանը և կոալիցիոն կառավարությունը մեղադրվեցին «Հայաստանի շահերը ծախելու մեջ» Նման մեղադրանքներից հետո Սերժ Սարգսյանը դուրս նետվեց. մեկնեց երկար շրջագայության` «արձանագրությունները» հայկական սփյուռքի հավանությանն արժանացնելու: Սարգսյանը Փարիզում, Նյու Յորքում, Բեյրութում և Ռոստովում համոզելու է սփյուռքի հայերին: Չնայած` ասում է, թե գնում է սփյուռքին լսելու, բայց սփյուռքն էլ մտադիր է նրան լսել:
Կարելի է ասել, որ մեր հարևանությամբ գտնվող Հայաստանը «Թուրքիայի» կամ «Թուրքական նախաձեռնության» առնչությամբ տքնում է ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան` «Քրդական նախաձեռնության» առնչությամբ:
Թեմայի հետ կապված երկու հանգամանք անվիճելի է.
1. Ամեն դեպքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հոկտեմբերի 10-ին ստորագրելու են արձանագրությունները:
2. Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում ձախողելը հնարավոր չէ զուտ թվաբանական տեսանկյունից՝ չնայած բոլոր կրակոտ քննարկումներին և Սարգսյանի վարչակազմին ուղղված «Հայաստանի շահերը ծախելու» մեղադրանքներին:
***
Երկու կուսակցություն են աղմուկ բարձրացնում «ծախվեցինք» ճիչերով: Դրանցից մեկը, եթե համեմատենք, «Հայաստանի «Ազգայնական շարժում» կուսակցությունն է», այսինքն` «Դաշնակցությունը»: Սակայն խորհրդարանում այդ երկու կուսակցությունները միասին զբաղեցնում են 23 աթոռ, այն դեպքում, երբ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը` 94 աթոռ:
Թվաբանական այս անհամաչափությունն անգամ չի խոչընդոտում կրակոտ քննարկումներին և մեղադրանքներին: Հոկտեմբերի 1-ին 400 մարդ տեղավորող Հայաստանի խորհրդարանի դահլիճը լեփ-լեցուն էր: Արձանագրություններն առանց ընդմիջման քննարկվեցին յոթ ժամ շարունակ: Հայտնի չէ, թե քննարկումները դեռ ինչքան են շարունակվելու: Դա որոշ չափով պայմանավորված կլինի Թուրքիայի` հոկտեմբերի 10-ից հետո որդեգրելիք ուղեգծով: Հայաստանում արձանագրություններին դեմ հանդես եկողների թեզերը շատ նման են հարցի առնչությամբ Թուրքիայում առկա ընդդիմադիր կարծիքներին: Երկու կողմում էլ հնչում են «ծախելու» մեղադրանքներ:
Դաշնակցականներից բացի կան նաև որոշ այլ շրջանակներ (ինչպես մեզ մոտ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած շրջանակները), որոնք պնդում են, թե արձանագրություններում տեղ գտած արտահայտությունները չեն բխում Հայաստանի շահերից: Այսինքն` Հայաստանում Շյուքրյու Էլեքդաղի պակաս չի զգացվում:
Այդ ընդդիմադիր թեզերը կենտրոնանում են արձանագրություններում տեղ գտած Թուրքիա-Հայաստան ընդհանուր սահմանի ճանաչման, տարածքային ամբողջականության, արխիվների և պատմական փաստաթղթերի ուսումնասիրության առնչությամբ ստեղծվելիք ենթահանձնաժողովի վերաբերյալ դրույթների վրա: Ընդդիմադիրները հայտարարում են, թե դրանք վնասելու են Հայաստանի դիվանագիտական նպատակներին, պաշտոնապես հաստատելու են հին հայկական քաղաքների` թուրքական սահմաններում մնալը, Լեռնային Ղարաբաղի անկախության նախաձեռնությունը հասցնելու են ոչ լեգիտիմ վիճակի և հարցականի տակ են դնելու հայերի` 1915 թվականի զանգվածային կոտորածների «ցեղասպանություն» որակումը:
Մի փոքր զարմանքով կարդացի 2003թ. Աբդուլլահ Գյուլի հետ միասին Թուրքիա-Հայաստան մերձեցման գործընթացին մեկնարկ տված, այդ ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանի սեպտեմբերի 22-ի ելույթը: Այնտեղ ասվում էր հետևյալը. «Այլապես հնարավոր չէ հասկանալ այս փաստաթղթերի տրամաբանությունը, որոնք Թուրքիային միանշանակորեն և միանվագ ձևով տալիս են հենց այն, ինչ նա ցանկացել է վերջին 18 տարիների ընթացքում: Եկեք մենք մեզ չխաբենք, մեր ժողովրդին չապակողմնորոշենք: Եկեք չոտնահարենք մեր իսկ արժանապատվությունը: Եկեք իրերը կոչենք իրենց անուններով»: Նայեցի Օսկանյանի գլխավորած «Սիվիլիթաս» հիմնադրամի հարցման արդյունքները. արձանագրություններին դեմ են քվեարկության մասնակիցների 81%-ը, իսկ կողմ` 14%-ը…
***
Այս ամենին հակառակ` համոզված եմ, որ այդ գործընթացը շարունակվելու է, իսկ Կովկասում տեղի են ունենալու «նոր ռազմավարական կարգավորումներ»: Եթե Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը «ցեղասպանության» և «սահմաններին» առնչվող 1921թ. Կարսի պայմանագրի պես թեմաների պատճառով խաթարնվի, արձանագրությունները կվերացնեն այդ խոչընդոտները: Մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա ղարաբաղյան հիմնախնդիրը: Այն վերածվել է, Թուրքիան ներառյալ, «անլուծելի եռանկյունու»: Ուշագրավ են օրեր առաջ ամերիկյան մի հանդեսում տեղ գտած հետևյալ տողերը, որոնք խոսում են մոտ ապագայում այդ հարցում առաջընթաց գրանցելու մասին. «Զարմանալի չպետք է թվա այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ստատուս քվոյի փոփոխությունն այժմ բխում է գլխավոր ուժերի շահերից: Այդ սառեցված հակամարտությունը Մոսկվայի կողմից օգտագործվում էր Ադրբեջանի քաղաքականության վրա ազդելու համար: Լեռնային Ղարաբաղի հայերի` իրենց կյանքը Ադրբեջանի գերիշխանությունից դուրս շարունակելու փաստն առաջ բերեց «նոր տարածաշրջանային իրողություններ» և «քաղաքական վերափոխումներ»: Լեռնային Ղարաբաղի գոյությունը որևէ կերպ չի ազդում էներգակիրների փոխադրման վրա, որովհետև որևէ իմաստ չկա խողովակաշարերը անցկացնել Ղարաբաղի լեռներով, այն դեպքում, երբ այդ տարածաշրջանում շատ են հարթ տարածքները: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղը ո´չ նավթի, ո´չ էլ գազի պաշարներ ունի: Այս «նոր քաղաքական իրողությունների» լույսի ներքո մոտ ապագայում շատ հնարավոր է իրական լուծում Լեռնային Ղարաբաղի հարցում»: Իսկ այս ամենի տեսանկյունից կարելի է ասել, որ հիմնախնդրի կարգավորման համար Ռուսաստանը «կանաչ լույս» է վառել:
Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ Հայաստանի ռազմավարական ենթակառույցը, այսինքն` էներգետիկ ճյուղը, ատոմակայանը, երկաթուղին գտնվում են Ռուսաստանի ձեռքում: Ռուսները հետաքրքրվում են Իրան-Հայաստան գազատարով և Թուրքիայի հետ սահմանները բացվելուց հետո կավելանա էներգակիրների փոխադրումից ստացվելիք եկամուտը:
Բնականաբար, ռուսների շահերից է բխում նաև Թուրքիա-Հայաստան մերձեցմամբ Վրաստանի ռազմավարական նշանակության նվազումը:
«Ռուսական երկաթուղիներին» պատկանող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայաստանյան իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերել 1.5 մլն. դոլարի ներդրում անելու և դեպի Թուրքիա երկաթգիծ կառուցելու մասին: Այդպիսի պայմաններում Հայաստանի` Վրաստանով իրականացվող արտահանումը, ռուսական վերահսկողության ներքո, կփոխի ուղղությունը:
«Թուրքիա-Հայաստան գնացքն» այդ պատճառով ստիպված է շարժվել: Ճեպընթացն արագություն է հավաքում…