Թուրքիայի և Հայաստանի միջև ձեռք բերված «անսպասելի» համաձայնությունը ներքին և արտաքին աջակցության, ինչպես նաև հակազդեցությունների պատճառ է դարձել: Այն դեպքում, երբ Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցությունն այդ համաձայնությունը որակում է որպես խայտառակ փաստաթուղթ` հայտարարելով, թե «Թուրքիան խոնարհվեց հայկական անօրինական պահանջների դեմ», Հայաստանում «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, թե Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությունը սառեցնում է ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում անհրաժեշտ է, որ Թուրքիան մեծ ջանքեր գործադրի Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու և ազերի ժողովրդի` Թուրքիայի հանդեպ ունեցած վստահության հիմքերը չխարխլելու համար: Կարճ ասած` պետք է ճիշտ իրականացնել ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական դիվանագիտությունը: Իսկ թեմայի առանցքային կետը Լեռնային Ղարաբաղն է:
Հայաստանի տնտեսությունը շատ վատ վիճակում է: Այս տարի սպասվում է 10 տոկոս տնտեսական անկում: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ այս տարվա մարտին կնքված ծրագիրն անհաջող է ընթանում, և տարեվերջյան ամփոփիչ թվերը, հատկապես աճի և բյուջեի ցուցանիշները, մարտին հրապարակված ակնկալվող ցուցանիշներից շատ հեռու են լինելու:
Շնորհիվ դրսից Հայաստան մտնող օգնության` (առանձին օժանդակությունները և Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկի տրամադրած միջոցները) վերջին տարիներին երկրի տնտեսությունում նկատվում էր աճ: Սակայն այս տարի պատկերն ամբողջովին այլ է: Դա ուղղակիորեն կապված չէ համաշխարհային ճգնաժամի հետ, քանի որ Հայաստանի տնտեսությունը, հատկապես էներգետիկ ոլորտը, որը պայմանավորված է արտաքին գործոններով, մեծ վնասներ է կրում` «Դաշնակցություն» կուսակցության գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի գրավումից հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների փակ լինելու պատճառով: Նման իրավիճակում արտերկրից ստացվող օժանդակությունները միշտ չէ, որ կարող են ապահովել տնտեսական աճ:
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Դաշնակցությունը պատմության մեջ Հայաստանի հետ պատահած ամենավատ բանն է: Իրեն աշխարհի ամենահին կուսակցություններից մեկը համարող և ահաբեկության հետ սերտաճած Դաշնակցության «ամենալուրջ գործը» եղավ այն, որ, հաշվի չառնելով ջրային սահմաններ չունեցող երկրի` ԽՍՀՄ-ի անկումից հետո ձեռք բերված անկախության շրջանում ապրած դժվարությունները, նախաձեռնեց գրավել հարևան պետության տարածքները: Այդ ագրեսիայի ընթացքում հարյուր հազարավոր ադրբեջանցիներ սպանվեցին կամ սեփական երկրում փախստական դարձան, իսկ Հայաստանն էլ թևակոխեց չքավորության շրջան: Այդ ընթացքում Հայաստանը դուրս մնաց տարածաշրջանային կարևոր նախագծերից: Տարածաշրջանն էլ կորցրեց խաղաղության կղզի դառնալու շանսը:
Համաձայնության նպատակին շուտ հասնել հնարավոր չէ: Նախագահ Սարգսյանի համար շատ դժվար է առկա տնտեսական պայմաններում Դաշնակցության քարոզչության դեմ ժողովրդին համոզել, որ պետք է Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականություն վարել:
Գործընթացը բացարձակապես հանգուցված է ղարաբաղյան հիմնախնդրին: Լեռնային Ղարաբաղի գրավման հարցում ազերի ժողովրդի զգայունությունն արդարացված է: Իսկ 20-րդ դարի սկզբին ազատագրական պայքար մղած Թուրքիայի համար դժվար չէ դա հասկանալ:
Համաձայնության տեքստում որևէ կետ չկա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Թեման ոչ բացահայտորեն դասակարգվում է «նախապայման» անվան տակ և եզրափակվում կողմերի` կարգավորման հարցում գործընթացի շուրջ համաձայնություն ձեռք բերելու ձևով: Եվ եթե նման պայմաններում սահմանները բացվեն, Ղարաբաղի գրավումը վերացնելու գործընթացը Թուրքիայի տեսանկյունից անխուսափելիորեն կնմանվի Կիպրոսի ԵՄ անդամակցության գործընթացին, իսկ դա ձեռնտու չէ ազերի (և թուրք) ժողովրդին:
Սահմանների բացմամբ Հայաստանը տնտեսապես կկապվի Թուրքիային: Դա և´ Թուրքիայում, և´ Հայաստանում կհանգեցնի դրական տնտեսական զարգացումների: Այդ տեսանկյունից Թուրքիան պետք է շարունակի տարածաշրջանում իրեն վստահված նախաձեռնությունները: Սակայն քողարկված մի գործընթաց չպետք է պատճառ դառնա, որպեսզի Թուրքիան Կովկասում կորցնի իր ամենակարևոր դաշնակցին` Ադրբեջանին, և հարատևվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: