Թուրքիան ինչպես ներքաղաքական, այնպես էլ Արևմուտքի հետ հարաբերությունների տեսանկյունից, ճգնաժամային փուլ է թևակոխում: Անցած շաբաթ տեղի ունեցած զարգացումները դրա վառ ապացույցն են: Վարչապետի վաշինգտոնյան այցելությամբ հագեցած, արտաքին քաղաքականությամբ մեկնարկած շաբաթը եզրափակվեց «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակմամբ կատարված ներքաղաքական երկրաշարժով: Անկասկած, քրդական խնդրի կարգավորման հարցում հանգրվանած մեր այս կետում մեզ սպասվում են դժվարություններ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքականության ասպարեզում: Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը ծանր հարված է հասցնելու Թուրքիայի` դեպի Եվրամիություն առանց այն էլ կաղացող ընթացքին: Նրանք, ովքեր ասում են` «Եթե «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը Եվրոպայում գործեր, միևնույն է` փակվելու էր», ընդհանուր առմամբ զբաղված են դատարկաբանությամբ: Սև հումոր է համեմատել Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Բատասունայի առնչությամբ կայացրած որոշման հետ: Կարծես Թուրքիայում ազգային փոքրամասնություններն ունեն նույն իրավունքները, ինչ Իսպանիայում: Այդ երբվանի՞ց են քրդերի քաղաքական և մշակութային իրավուքները սկսել համեմատվել բասկերի և կատալոնացիների իրավունքների հետ: Չնչին նմանություն իսկ չկա Թուրքիայի քրդերի և Իսպանիայի բասկերի սահմանադրական իրավունքների միջև:
Ցավոք մենք որևէ կերպ չենք կարողանում խուսափել ինքներս մեզ վնասելուց: Իսկ սրա վկայությունն այն է, որ քրդական հարցի կարգավորման ճանապարհին «բացվելուց փակման» հասանք: Արևմտյան մամուլում Թուրքիայի վերաբերյալ վերջին մեկ տարվա ընթացքում որպես դրական և հուսադրող զարգացում էր նշվում «ժողովրդավարական նախաձեռնությունը»: Իսկ հիմա արդեն դրա տեղը քամիներ են շրջում: Կրկին վերադարձավ այդ հին, ավտորիտար, իր հետ անհաշտ և հակաժողովրդավարական Անկարան: Արթնացել էինք և հանկարծ հայտնվեցինք մղձավանջի մեջ: Քրդական հարցի առնչությամբ այսքան հույսերից և քննարկումներից հետո հասանք ողբերգական կետի: Ասելով` «լավ բաներ են լինելու»` ճանապարհ դուրս եկանք և անտեղի մեծացրեցինք մեր քուրդ քաղաքացիների հույսերն ու ակնկալիքները: Սակայն արդյունքում դարձյալ փակուղու մեջ հայտնվեցինք:Արմատականները կշեռքի նժարն իրենց կողմը թեքեցին
Իսկ ինչո՞ւ հայտնվեցինք այս իրավիճակում: Կարճ ասած` և՛ թուրքերի, և՛ քրդերի կողմից «կարգավորմանը դեմ հանդես եկող արմատականները» կշեռքի նժարն իրենց կողմը թեքեցին: Նախ Թոքատում տեղի ունեցավ «պրովոկացիոն» ահաբեկություն, որին զոհ գնաց 7 զինվոր: Այդ արյունալի հարձակման հիմքում մի սադրանք էր` ուղղված «ժողովրդավարական նախաձեռնության» կասեցմանը: Իսկ դրանից առաջ Թուրքիան արևմուտքից արևելք ալեկոծվում էր Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) գործողություններից: Իրավիճակը շատ պարզ էր: Իրեն օտարված զգացող Աբդուլլահ Օջալանը, գործածելով քուրդ երիտասարդների վրա ունեցած իր ազդեցությունը, ամեն ինչ անում էր նախաձեռնությունը վիժեցնելու համար: Սակայն Իմրալըում այդ ամենն ինքնուրույն իրականացնելու հնարավորություն չուներ: Օջալանին նվազագույնը հարկավոր էր կարգավորմանը իր նման դեմ հանդես եկող «թուրքական ճակատ»: Այսինքն` չկարգավորումից սնվող, միմյանց կարիքը զգացող կողմեր: Իսկ երբ ուրբաթ օրը թուրքական ճակատում այդ կարգավորման դեմ հանդես եկող Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցություններին միացավ Սահմանադրական դատարանը, խփվեց «ժողովրդավարական նախաձեռնության» դագաղի վերջին մեխը:
2007թ. ընտրություններից հետո ներքաղաքական գործընթացները լավ չղեկավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն, անմիջապես ընտրություններից հետո, ընդգրկուն սահմանադրական փոփոխություններ չկատարելու պատճառով իրեն դատապարտեց ազատազրկման և այսօր կրում է իր պատիժը:
Իսկ ինչպիսի՞ն է դրությունը արտաքին քաղաքական ճակատում: Ասացինք, որ Եվրամիության հետ գործերն ավելի են վատանում: Եթե ներքաղաքական և Եվրամիության հետ կապված հարցերում զգալի խնդիրներ ունեցող «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը չի ցանկանում բարդություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, ապա պետք է շտապ որոշ քայլեր ձեռնարկի:
Էրդողանի վաշինգտոնյան այցելության ժամանակ հիմնական հարցերն էին Իրանը, Աֆղանստանը և Հայաստանը: Այս երեք հարցերից հայկական ճակատում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համեմատաբար ավելի հանգիստ կարող է գործել: Հուսանք, որ արձանագրություններից գոնե մեկը շուտով կվավերացվի խորհրդարանի կողմից: Իսկ չշտապելու և հապաղելու դեպքում կհզորանա հակաթուրքական ճակատը Վաշինգտոնում, ինչպես նաև կշահեն հայ արմատականները: Ժամանակը քիչ է, իսկ հարցերը` շատ: