Անցած հինգշաբթի օրվանից ի վեր` Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվելու ընթացքում, ի թիվս այլ հարցերի փնտրում էի հետևյալի պատասխանը. «Ի՞նչ է պատասխանելու Սարգսյանի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ղարաբաղյան նախապայմանով խցանող վարչապետ Էրդողանին»…
Երևանում Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ջանքերով կազմակերպվել էր հայ և թուրք լրագրողների հանդիպում, որի շրջանակում հանդիպեցինք նաև բարձրաստիճան հայ պաշտոնյաների և վերլուծաբանների:
Կարծում եմ, որ Ստամբուլ եմ վերադառնում վերոհիշյալ հարցի պատասխանը գտած:
Սակայն նախ հիշենք, թե որն էր հարցը. Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների Ցյուրիխում, հոկտեմբերի 10-ին ստորագրած արձանագրություններով գծվեց երկկողմ հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը»…
Իսկ հիմա այդ արձանագրությունները սպասում են երկրների խորհրդարանների վավերացմանը:
Եվ որքան փաստաթղթերը երկար մնան պահարանում, այնքան կդանդաղի հարաբերությունների կարգավորման գործընթացի արագությունը, որից հետո շատ դժվար կլինի վերակենդանացնել գործընթացը…
Կարգավորում հնարավոր է միայն ու միայն երկու երկրների` վավերացման գործընթացի և ռիթմի ներդաշնակության դեպքում…
Սակայն հենց սկզբում պարզ դարձավ, որ դա դժվար է լինելու…
«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության մեծ սխալն էր, որ նա չկարողացավ կանխատեսել Բաքվի` Հայաստանի հետ սահմանի բացման առնչությամբ հակազդեցությունը: Սակայն էլ ավելի մեծ սխալ եղավ այն, որ վարչապետ Էրդողանը, հակազդեցությունը մեղմելու համար, մայիսին Բաքվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շաղկապեց ղարաբաղյան հիմնախնդրին:
Այժմ Երևանում այդ «ղարաբաղյան նախապայմանը» մեծ անհանգստություն և լարվածություն է առաջ բերել…
Եվ քանի որ չստացվեց ստեղծել այն պատկերը, թե Թուրքիայի ճնշմամբ Երևանը Բաքվին զիջումներ է անելու, հիմա արդեն այստեղ շեշտադրվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում խոսք անգամ չի կարող լինել դիրքորոշման մեղմացման մասին…
Միմյանց կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան հիմնախնդիրը հավասարազոր է թվում երկու հարցն էլ փակուղի մտցնելուն…
Մյուս կողմից հավանական է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Մինսկի խմբի միջնորդությամբ հունվարին հանդես գան համատեղ հայտարարությամբ: Իսկ սա մի նախաձեռնություն է, որի նպատակն է գոհացնել Անկարային արձանագրությունները երջանիկ ավարտի հասցնելու համար…
Սակայն Երևանն առանձին մի «խաղի նախագիծ» ունի…
Դա հասկացվում է այն սպառնալի տոնից, որով սկսել են խոսել հայ պաշտոնատար այրերը… Երևանում հայտարարում են, որ եթե Թուրքիան մինչև մարտ չվավերացնի արձանագրությունները, Հայաստանը ետ կվերցի արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը, և գործընթացը կավարտվի:
Էդվարդ Նալբանդյանի հետ մեկտեղ` մի շարք այլ անձինք, կոչ անելով Անկարային արձանագրությունները վավերացնել «ողջամիտ ժամկետում», հայտարարում են. «Կատարեք ձեր ստանձնած պատասխանատվությունը, այլապես երկար ժամանակ նման պատեհ առիթ չենք կարողանալու գտնել»:
Երևանում կան նաև մարդիկ, ովքեր հայտարարում են, թե Ժնևում բանակցությունների ժամանակ թուրքական և հայկական կողմերի միջև ձեռք է բերվել գաղտնի համաձայնություն, ըստ որի, արձանագրությունները միաժամանակ և մինչև 2010թ. ապրիլ պետք է վավերացվեն… Այսինքն, եթե Թուրքիան հավատարիմ չմնա այդ ժամանակացույցին, նշանակում է` կդրժի իր խոստումը…
Ապրիլի 24-ը 1915-ի 95-րդ տարելիցն է… Այստեղ այն դիտվում է որպես «հոգեբանական շեմ»: Արդեն շրջանառվում է այն նախազգուշացումը, թե ԱՄՆ Կոնգրեսը 2010թ. ապրիլի 24-ից առաջ այս անգամ կընդունի ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:
«Ապրիլի 24-ը» երևանյան խաղի նախագծի «ստորագրությունս ետ կվերցնեմ» սպառնալիքի մյուս անվանումն է:
Սակայն, հակառակ ողջ այդ կտրուկ տոնին, հարց է, թե արդյո՞ք Երևանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ետ վերցնելով ստորագրությունը, իր վրա կկրի «արձանագրությունները սպանողի» դրոշմը…