Հունիսի 12-ին Արտբրիջ գրախանութը և Գյումրիի Էլավ գրատունը կազմակերպել էին գրքի տոնավաճառ Գյումրիում:
Կեսօրից հետո Գյումրիի կենտրոնական փողոցում, որ վերջերս վերանվանվեց Ռիժկովի անունով, արտասովոր աշխուժություն էր տիրում: Գյումրեցիները հավաքվել էին Էլավ գրատան մոտ, որտեղ գրատան դիմաց, ցուցադրված էին մի քանի տասնյակ անուն գրքեր, որոնց մի մասը բերվել էր Երևանից և գյումրեցիներն առաջին անգամ հնարավորություն ունեին ծանոթանալու այդ գրքերին:
Տոնավաճառի ընթացքում Արտբրիջի և Էլավ գրատան նախաձեռնությամբ գրքերը վաճառվում էին զգալի զեղչերով: Երևանից ժամանել էին նաև հեղինակներ` լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, որի “Կանաչ և սև. արցախյան օրագիր” գիրքը նույնպես ներկայացված էր տոնավաճառում և գրող, բանաստեղծուհի Ժաննա Հակոբյանը, որը սիրավեպերի և պատմավեպերի հեղինակ է:
Ներկա էր նաև Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը:
Ավելի ուշ Գյումրիի քաղաքային կենցաղի թանգարանում տեղի ունեցավ պարոն Օսկանյանի “Անավարտ տասնամյակ” գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ներկայացվեցին Թաթուլ Հակոբյանի և Ժաննա Հակոբյանի գրքերը:
Շնորհանդեսից հետո թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը հյուրերի համար հետաքրքիր պատմություններով համեմված այցելություն կազմակերպեց Գյումրիի քաղաքային կենցաղի թանգարան: