Երբ Հայաստանի հետ շփումներ սկսվեցին, կամա թե ակամա մեր օրակարգում հայտնվեց Լեռնային Ղարաբաղը: Հայտարարում են, թե «ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է լուծվի», սակայն, խոսք անգամ չկա խնդրի էության մասին: Որովհետև երբ այն ելնի ջրի երես, ավելի պարզ կերևա, թե Հայաստանն ինչպիսի ապօրինություններ է արել Ադրբեջանի նկատմամբ: Մարդիկ պաշտոնապես օկուպացրել են ադրբեջանական տարածքները, բնակեցրել և դուրս չեն գալիս:
Հարցի մասին խոսել սկսենք` անդրադառնալով Ղարաբաղի պատմությանը. Ղարաբաղը թուրքական գերիշխանության տակ անցավ սելջուկյան սուլթան Ալփարսլանի և Մելիքշահի օրոք: 11-րդ դարում Ղարաբաղը հանդիսանում էր Հուլավյան իշխանության ամառանոցը: Այդ հողերին տիրել է նաև Սևֆյան պետությունը: Եվ ի վերջո, Մուրադ 3-ի գահակալության ժամանակաշրջանից մինչև 1800-ական թվականների սկիզբը շարունակվեց օսմանյան աշխարհակալությունը: Իսկ երբ սկսեց թուլանալ Օսմանյան կայսրությունը, Ղարաբաղն անցավ Ռուսաստանի ձեռքը: Այդ ժամանակ Ղարաբաղի բնակչության 95%-ը թուրքերից էր բաղկացած: Ռուսական պետությունը թուրքերին աքսորեց, նրանց փոխարեն այդտեղ բնակեցրեց հայերին: Դրանից հետո, ԽՍՀՄ-ի տարիներին Ղարաբաղի թուրքերը հալածանքների ենթարկվեցին Ստալինի կողմից:
Ղարաբաղի դաշտային հատվածում դարձյալ հայեր բնակեցվեցին և Լեռնային Ղարաբաղը, մասամբ անջատվելով Ադրբեջանից, ինքնավար շրջան դարձավ: Լեռնային Ղարաբաղում հայկական բնակչությունը մեծամասամբ ձևավորվեց գաղթերի արդյունքում: Եվ Հայաստանը դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ պահանջում էր իրեն միացնել Լեռնային Ղարաբաղը: 1991թ. Սովետական Միությունը փլուզվեց: Այս անգամ Հայաստանը, օգտվելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը դեռևս չուներ ձևավորված բանակ, օկուպացրեց ադրբեջանական տարածքների 20%-ը: 1.5 մլն ադրբեջանցի գաղթեց:
Ադրբեջանցիները մեծ ցավ ապրեցին: Ո՞վ կարող է մոռանալ Խոջալուի կոտորածները: 1992թ. փետրվարի 26-ին Լեռնային Ղարաբաղում գտնվող Խոջալուն հայերի կողմից հարձակման ենթարկվեց: Սպանվեց 613 մարդ, այդ թվում` 83 երեխա և 106 կին: Ծանր վնասվածքներ ստացավ 487 մարդ: Հղի կանանց որովայնը պատռում, երեխաների աչքերն էին հանում: Ոմանց դիակները այրվեցին: Բացի այդ, դարձյալ Ղարաբաղում գտնվող Շուշիի թանգարանից հին ձեռագրեր, հնագիտական արժեքներ, տարբեր ժամանակաշրջանների պատկանող պաշտոնական փաստաթղթեր թալանվեցին, թանգարանն էլ ավերվեց:
***
«Ղարաբաղյան հարց» ասելիս` չպետք է մոռանանք մոտ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին: 1915 թվականի համար Օսմանյան կայսրության անունից ներողություն ենք խնդրում, իսկ Խոջալուի ջարդերն իրականացնողներին գլխավորած Հայաստանի ներկայիս նախագահ Սարգսյանի հետ արձանագրություն ստորագրելու ժամանակ լռում ենք: Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող 7 քաղաք կա` Աղդամ, Լաչին, Քելբաջար, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու: Ըստ էության, այս գրավումը միջազգային հանրությունը չի ճանաչում: Քարտեզին նայելիս տեսնում ես, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ սահման չունի: Այդ քաղաքների գրավումով հայկական պետությունը Լեռնային Ղարաբաղի հետ կապ ապահովեց: «Քաղաքները ետ կտամ, բայց Լեռնային Ղարաբաղի հետ գոնե փոքր մի հողակտորով կապված պետք է լինեմ» ասելով` փորձում է պահպանել Լաչինի միջանցքը: Բացի այդ, պահանջում է նաև իրավական տեսանկյունից Ադրբեջանի հետ կապված և ինքնավար կառույց հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիարժեք անկախացումը կամ դրան մոտ մի կարգավիճակ:
***
Թայիփ Էրդողանն ունի փայլուն հիշողություն: Մանրամասնորեն հիշում է Գազայում իսրայելական բանակի կողմից իրականացված գործողությունը: Իսկ Խոջալուի՛ կոտորածը: Մոր գրկում սպանված երեխանե՛րը:
Գուցե Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը Լեռնային Ղարաբաղի գրավման և Խոջալուի կոտորածների մասին պատմող հեռուստասերիա՞լ սկսի ցուցադրել:
***
Խոջալուում ջարդեր իրականացնող հայկական զորամիավորումները գլխավորում էր Հայաստանի ներկայիս նախագահ Սարգսյանը: