(Հոդվածը ներկայացվում է կրճատումներով)
Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունները, որոնցով նախատեսվում է նաև սահմանների բացում, չեն մոռացվել, սակայն, կարծես թողնվել են սառնարանում սառչելու:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից արձանագրությունների վավերացման բանալին Ալիևի գրպանում է: Երբ Բաքուն և Երևանը համաձայնության կհասնեն յոթ շրջաններում հայկական բռնազավթմանը վերջ դնելու հարցում և երբ Ալիևը «գոհ» կմնա, այսինքն, երբ նրա կողմից կանաչ լույս կվառվի, այդ ժամանակ արձանագրությունները կվավերացվեն թուրքական խորհրդարանում: Սակայն հիմա հարցն այն է, թե արդյոք ազերիներն իրո՞ք ուզում են, որ հիմնախնդիրը կարգավորվի:
Այդ հարցում մի շարք կասկածներ կան: Հարցականի տակ է դրվում այն, թե ազերիները ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորո՞ւմն են ուզում, թե՞ առաջին փուլում յոթ շրջաններից հայերի դուրս գալը ներառող մի կարգավորման հնարավորություն:
Մինչև անցած տարի Բաքվում փակ դռների ետևում այդ հարցին ազերի պաշտոնյանների տված պատասխանը լիովին նույնն էր. «… Ինչո՞ւ շտապենք… Աստիճանաբար հարստանում ենք, իսկ հարստանալով` նաև հզորանում: Այնինչ հայերը թուլանում են, և քանի դեռ Թուրքիայի հետ փակ են սահմանները, շարունակելու են թուլանալ: Այդ պատճառով մենք չենք շտապում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Սպասենք, թե խնձորը հասնելով ինչպես կընկնի»: Այս մոտեցումը շարունակվեց մինչև 2008թ. օգոստոս, երբ Ռուսաստանը զորքեր մտցրեց Վրաստան: Այդ իրադարձությունն ազերիներին նույնպես վախեցրեց: Ռուսաստանը ցույց տվեց, որ տարածաշրջանում գերակշռող դիրք ունի և անհրաժեշտության դեպքում կգնա միջամտության: Այլ կերպ ասած` Հայաստանի հիմնական դաշնակիցը` Ռուսաստանը, վախեցրեց Բաքվին` հասկացնելով, որ «թույլ չի տա, որ հայկական հասած խնձորն ազերիների գիրկն ընկնի»:
Սակայն այս ընթացքում հստակ չէ, թե որ կողմից է փչում քամին: Ազերիները մի կողմից ցույց են տալիս, թե ուզում են կարգավորում, մյուս կողմից` խուսափողական դիրք` վերջակետ դնելու հարցում: Իսկ քայլեր չիրականացնելն ավելի է մեծացնում կասկածները:
Եվ քանի որ յոթ շրջաններով հարցի լուծմանը չի լինում հասնել, Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունները ոչ մի կերպ չի հաջողվում ներկայացնել խորհրդարանի լիագումար նիստին: Եթե ազերիները շարունակեն այն մոտեցումը, որ առկա էր մինչև 2008թ., կնշանակի` դեռ շատ երկար տարիներ ենք սպասելու: