tatulՍոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում հնչող մեկնաբանությունները  հիմնականում վերաբերում են պատերազմին և կանխատեսում, որ հանդիպումը բացառում է մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությունը։ «Կապիտալն» այս մասին զրուցել է «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, Սոչիում կայացած եռակողմ հանդիպումն ի՞նչ նոր բան տվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

-Նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումներից Սոչիի հանդիպումն ամենակարևորը և ամենապահանջվածն էր, քանի որ 2010թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները մտել էին փակուղի, և կար այդ փակուղուց դուրս գալու, ելքեր փնտրելու անհրաժեշտություն։ Ես, իհարկե, չեմ պնդում, թե ելքը եղավ այդ հանդիպումը, սակայն հանդիպելու փաստն ինքնին չափազանց կարևոր էր։ Ի վերջո, շատ ավելի լավ է հազար տարի բանակցել, քան մի օր պատերազմել, իսկ պատերազմի հավանականություն միշտ էլ կա, ավելին՝ պատերազմն այսօր շարունակվում է շփման գծի ողջ երկայնքով, որի ապացույցներից մեկն էլ այն էր, որ հանդիպման նախօրեին սահմանի վրա ադրբեջանական գնդակից զոհվեց հայ զինվոր։

-Դուք ասացիք, որ պատերազմի վտանգը շարունակում է մնալ։ Սրան հակառակ՝ հանդիպումից հետո հնչող տեսակետների ճնշող մեծամասնությունն այն մասին է, որ հանդիպումով փակվեց պատերազմի վերսկսման հավանականությունը գոնե մոտ ապագայում։ Ձեր դիտարկումը։

-Պատերազմի հավանականությունը չի կարող փակված լինել անգամ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետ։ Այս մասին խոսում է ոչ միայն էթնիկ հակամարտությունների խրոնիկան, այլև համաշխարհային փորձը։ Եթե հիշում եք, 1939թ. օգոստոսին երկու խոշոր ուժերի՝ Գերմանիայի և Խորհրդային Միության միջև կնքվեց չհարձակվելու պայմանագիր, սակայն մեկ ու կես տարի հետո հենց այդ երկուսի միջև սկսվեց պատերազմ։ Վերադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նշեմ, որ համոզված եմ՝ քանի դեռ ստատուս քվոն շարունակվում է մնալ այս ձևով, պատերազմի հավանականությունը ակտուալ է։ Իմ ասածը, բնականաբար, չի նշանակում, որ պետք է փոխել ստատուս քվոն, ընդ որում՝ փոխել ի վնաս Հայաստանի, սակայն հաշվի առնելով դիմացի կողմի ռազմական նախապատրաստությունները, նրա ռազմական բյուջեի չափերը և այն քարոզարշավը, որն իրականացվում է Ադրբեջանի ներսում՝ կարող ենք ասել, որ այդ ամենը պատերազմի համար ստեղծում է շատ բարենպաստ պայմաններ։ Կրկնում եմ՝ չի բացառվում, որ ռազմական գործողությունները չվերսկսեն առաջիկա 50-100 տարիներին, սակայն եթե վաղը սկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ, թող որևէ մեկը չզարմանա, քանի որ այս պահին անգամ շփման գծի երկայքով տեղի է ունենում պատերազմ։ Խոսքս, իհարկե, ոչ դասական պատերազմի մասին է։ Ասածս հիմնավորելու համար բերեմ մի փաստ. 1994թ. մայիսյան հրադադարից ի վեր հակամարտության կողմերը հենց շփման գծի երկայնքով տվել են շուրջ երեք հազար սպանվածներ։ Հիմա հարց եմ տալիս, սա պատերա՞զմ է, թե՞ ոչ։ Պետք է ընդամենը գնալ և քայլել Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի երկայնքով, հանդիպել տեղի բնակիչներին, որից հետո շատ պարզ կհասկանաք, որ պատերազմն այդ վայրերում դեռ կենդանի է։

-Որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը կամ Հայաստանը, հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար, վերսկսեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ։

-Այս տարբերակը հիմնականում կարող եմ բացառել այն պարզ պատճառով, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի (ԼՂ-ի անունը չեմ տալիս, քանի որ այն դուրս է մղվել բանակցություններից) վարչակարգերը պատերազմի սկսման հավանականության դեպքում կորցնելու շատ բան ունեն։ Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանում հաստատվել է ավտորիտար վարչակարգ, և բոլոր ֆինանսական լծակները Ալիևի ընտանիքի ձեռքին է, Հայաստանում իրավիճակը գրեթե նույնն է, ստեղծված է մի քանի ընտանիքների իշխանություն, որոնց վերահսկողության տակ են բոլոր ֆինանսական հոսքերը։ Այս պարագայում դժվար  է պատկերացնել, որ այդ մարդիկ գնան նման քայլի։ Կարծում եմ՝ պատերազմ կսկսվի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը համոզված լինի, որ եթե սանձազերծի այդ պատերազմը, ապա անպայման կհաղթի։ Միայն այս դեպքում կսկսվի պատերազմ։ Ես համաձայն չեմ նաև այն տեսակետներին, թե միջազգային հանրությունը թույլ չի տա պատերազմի վերսկսում։ Սա ճիշտ չէ, քանի որ բավական շատ են այն դեպքերը, երբ պատերազմներ են սկսվել, իսկ միջազգային հանրությունը լուռ հետևել է, թե ինչպես են երկու ժողովուրդներ միմյանց կոտորում։

-Հավանակա՞ն համարում եք դեյթոնյան սցենարի կրկնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

-Այս պահի դրությամբ բացառում եմ, քանի որ կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են միմյանցից, որ, ըստ էության, կողմերը խոսելու բան չունեն։ Եթե նայում ենք կողմերից հնչող հայտարարություններին, Ադրբեջանը համարում է, որ բանակցային սեղանի վրա են նորացված Մադրիդյան սկզբունքները, իսկ հայկական կողմը պնդում է, որ բանակցային սեղանին է Մադրիդյան մայր փաստաթուղթը։ Այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր վիճում են ոչ թե հարցի կարգավորման մանրամասների շուրջ, այլ, թե որ փաստաթուղթն է իրականում դրված բանակցային սեղանին։ Այս պայմաններում չեմ կարծում, որ որևէ խոշոր երկիր կամ երկրների խումբ գնա նման քայլի։ Իհարկե, եղել են դեպքեր, երբ կողմերին պարտադրվել է լուծում, սակայն հիմնականում այդ լուծումը չի աշխատել, քանի որ այն  կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ կողմերի դիրքորոշումները շատ մոտ են։

-Ըստ Ձեզ՝ հայ և ադրբեջանցի հասարակությունները պատրա՞ստ են պատերազմի։

-Կարծում եմ, որ հասարակություններին պատերազմի պատրաստելու համար երկար ժամանակ պետք չի գա։ Բավական է հեռուստաեթերով մի քանի հայրենասիրական երգ դնել, մի քանի հաղորդում պատրաստել մեր պատմական տարածքների մասին, և հասարակությունը կպատրաստվի։ Բնականաբար, որևէ ժողովուրդ չի ցանկանում պատերազմ, սակայն երբ պատերազմը դառնում է ազգի գոյության պահպանման վերջին միջոցը, ապա այդ ժողովուրդը պատերազմում է։ Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ պատերազմն ամենաողբերգական սցենարն է, որը կարող է լինել։ Կարծում եմ՝ այս սերնդի համար նոր պատերազմը չափից դուրս շռայլություն է, այս սերունդն արդեն ղարաբաղյան պատերազմին տվել է ամեն հնարավորը։ Լավ կլինի, որ այս սերունդն այլևս չտեսնի պատերազմ։ Ես ընդամենը ցանկանում եմ մի թիվ նշել, որ պատկերն ավելի ամբողջական դառնա. ԼՂՀ-ի կանանց 17 տոկոսն այրի է, քանի որ նրանց ամուսինները զոհվել են պատերազմում։ Սա, կարծում եմ, բավական խոսուն փաստ է պատերազմի արհավիրքների մասին։ Կարծում եմ՝ Հայաստանը պետք է անի ամեն հնարավոր բան՝ նոր պատերազմից խուսափելու համար։

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանի իշխանությունների իրականացրած քայլերը բավարար են պատերազմից խուսափելու համար։

-Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները փորձում են անել հնարավորը։ Պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը հզոր բանակ ունենալն է։ Այս առիթով պետք է ասել, որ հայկական բանակը, չնայած տեղի ունեցող սպանությունների, ստորացման դեպքերի և այլ հոռի երևույթների, հզոր բանակ է, սակայն սա բավարար չէ, քանի որ ամենահզոր բանակն էլ կարող է մեկ օրում դառնալ դասալիք կամ պարտվել։ Պատերազմում հաղթանակի հասնելու համար հզոր բանակից էլ կարևոր է հզոր և կազմակերպված հասարակությունը։ Այստեղ ես լուրջ խնդիրներ եմ տեսնում։ Այստեղ ես տեսնում եմ անարդարության մեծ տոկոս, տնտեսական քաղաքականության լրջագույն վտանգներ, որոնք կարող են լրջագույն և անդառնալի կորուստներ պատճառել Հայաստանին։ Մեր երկրում այսօր ստեղծված է մի մթնոլորտ, որտեղ մարդիկ օր օրի համոզվում են, որ իրենց երկիրն անարդար է, որ իրենք այդ երկրում չեն կարողանում հոգալ իրենց հանապազօրյա հացը, ամեն քայլափոխին իրենց նկատմամբ կատարվում են ապօրինություններ, դատարաններն ազատ չեն, ընտրությունները կեղծվում են և այլն։ Այս իրավիճակը բավական վտանգավոր է, իսկ պատերազմի վերսկսման դեպքում այն դառնալու է առավել վտանգավոր։ Նորից եմ կրկնում, որ այսօր հայկական բանակը պատրաստ է հետ մղել թշնամու հարձակումը, սակայն պատերազմում միայն բանակով չեն հաղթում։ Պատերազմի ժամանակ հավասարապես կարևոր է ևþ առաջին գծում կռվող մարտիկի խիզախությունը, ևþ թիկունքի կազմակերպվածությունը, սեփական երկրի համար պայքարելու պատրաստակամությունը։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ արաբական աշխարհի վերջին զարգացումները տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների վրա։

-Քիչ թե շատ ծանոթ լինելով արաբական աշխարհին և պարբերաբար այցելելով արաբական աշխարհի տարբեր երկրներ՝ կարծում եմ՝ Հայաստանը, անգամ Ադրբեջանը դեռ պետք է մի 40 տարի ապօրինի ընտրություններ անցկացնեն, որպեսզի հասնեն արաբական շխարհի վիճակին։ Այսինքն՝ իմ տեսած արաբական աշխարհում տիրող բարքերը, երբ համեմատում ենք Հայաստանի և անգամ Ադրբեջանի հետ, հասկանում ենք, որ մենք երանության մեջ ենք։ Այնպես որ, տեղին չեն այն զուգահեռները, որն անցկացվում են արաբական աշխարհի և ԱՊՀ երկրների միջև։ Սակայն ես չեմ բացառում, որ սա կարող է որոշակի ազդակ լինել, որպեսզի կիսաժողովրդավարական և ավտորիտար երկրներում, ինչպիսին Հայաստանն է, լինեն հուզումներ։ Սա չպիտի որևէ դեպքում բացառել, սակայն ուղղակի կապ ես չեմ տեսնում։

-Ըստ Ձեզ՝ որքանո՞վ փոխկապակցված են ներքին հուզումներն ու պատերազմի վերսկսման հավանականությունը։


-Սա շատ վտանգավոր ու նուրբ հարց է և, ցավոք, այն շահարկվում է։ Իհարկե, միշտ էլ կան վտանգ, որ եթե Հայաստանում լինեն ներքին հուզումներ, ապա Ադրբեջանը կփորձի դրանից օգտվել։ Այս իմաստով հայ ժողովուրդը, ընդ որում՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը,  միշտ էլ ցույց է տվել, որ շատ խոհեմ է եղել և միշտ զգացել է այս վտանգը։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ իշխանությունները, ընդ որում՝ բոլոր իշխանությունները, շահարկում են այս հարցը՝  նշելով, որ եթե հասարակությունն իրեն հնազանդ չպահի, ապա Ադրբեջանը կհարձակվի։ Կարծում եմ՝ սա պարզապես անբարոյականություն է սեփական ժողովրդի նկատմամբ։

Բանակից էլ կարևոր