Դեպի Եվրամիություն ճանապարհը խցանող կիպրական ոտնաշղթան առաջիկա հինգ ամիսների ընթացքում քանդվելու է: Սակայն հարյուրամյա արյան վրեժի վերածված Հայկական հարցում դեռ նոր ենք ճանապարհ դուրս եկել:
Ութսուն տարի շարունակ արևմտյան աշխարհի հետ Թուրքիայի հարաբերությունները թունավորող երկու մեծ հարց կա: Առաջինը կիպրական հիմնախնդիրն է, երկրորդը` Հայկական հարցը: Ով ասես, որ չի զբաղվել հույների «Էնոսիսի» հետ կապված երազանքները հօդս ցնդելուց հետո Թուրքիայի ոտքերը շղթայած կիպրական կապանքները քանդելու հարցով` Ֆաթին Ռյուշթյու Զորլուից մինչև Ռաուֆ Դենքթաշ, Բյուլենթ Էջևիթից մինչև Սուլեյման Դեմիրել: Նրանցից յուրաքանչյուրը դիմեց տարբեր մեթոդների, սակայն կիպրական ոտնաշղթան այդպես էլ փակ մնաց: Ի վերջո, 2004թ. Էրդողանը, համաձայնության գալով ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ, փորձեց քանդել այդ կապանքը, սակայն, դա նրան նույնպես չհաջողվեց: Եվ Կիպրոսը խցանեց Թուրքիայի` ԵՄ անդամակցության ճանապարհը: Առաջիկա հինգ ամիսների ընթացքում այդ ոտնաշղթան այսպես թե այնպես բացվելու է: Կամ Եվրամիության հովանու ներքո համաձայնություն ձեռք կբերվի, կամ թուրքերի և հույների միջև կբացվի թավշյա տարանջատման ուղին: Այսինքն` Կիպրոսը Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների ապագայի առնչությամբ կլինի առաջին քննությունը:
Որևէ փոփոխություն չկա
Երկրորդ քննությունը լինելու է Հայկական հարցը: Ինչո՞ւ, որովհետև հարյուրամյա արյան վրեժի ժամանակաշրջանում ազդարարվել է նոր շրջանի սկիզբ: Իսկ այդ նոր ժամանակաշրջանը, հավանաբար, առաջին անգամ հայության մեջ երկրաշարժ, նույնիսկ մի քիչ քաոս առաջ բերեց: Միայն թե Օտտավայում հանդիպումների ժամանակ հասկացա, որ հայերը չեն փոխվել: Սփյուռքը դեռ ցասման մեջ է: Սարգսյանին մեղադրում է «դատը» ծախելու մեջ այն պատճառով, որ վերջինս համաձայնել է ցեղասպանության եղելությունն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Սակայն, որ ավելի կարևոր է, 1982թ. Օտտավայում հայերի կողմից գնդապետ Աթիլլա Ալթըքաթի սպանությունից ի վեր, սփյուռքին տեղի տված Կանադայում շփոթություն է նկատվում: Չգիտեն` ինչ անել: Մի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան է, ով Ալթըքաթի սպանության պատճառով 27 տարի շարունակ առանց ձանձրանալու բողոքի նոտա է հղում, մյուս կողմից` հզոր հայկական լոբբին, որն անընդհատ բախում է կանադացի քաղաքական գործիչների դուռը:
Էրդողանն ու Մաքքեյը
Շատ հետաքրքիր հայտարարություն լսեցի Կանադայի պաշտպանության նախարար Փիթեր Մաքքեյի շուրթերից: Մաքքեյը, ով արևմտյան աշխարհի քաղաքական ուղեծրում փայլող աստղերից է, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աթոռի համար առաջադրված Ռասմուսսենի գլխավոր մրցակիցն էր, սակայն այդտեղ հաջողության չհասավ: Կարծում եմ, որ Էրդողանը Մաքքեյին ճանաչելուն պես ասելու էր. «Ռասմուսսենի դեմ դուրս գալու փոխարեն պետք է աջակցեինք 45-ամյա Մաքքեյին»: Իսկ ինչո՞ւ: Որովհետև հայկական լոբբիին անձնատուր չեղած միակ կանադացի նախարարը նա է: Մաքքեյին պատմեցի կանադական խորհրդարանում իմ հանդիպումների մասին, որից հետո նա ասաց. «Ես դեմ եմ դուրս եկել որոշման ընդունմանը: Մենք շատ առաջ գնացինք» և ավելացրեց, որ աջակցում է հայ-թուրքական մերձեցմանը:
Կարճ ասած` Թուրքիայի հաշտեցման գրոհը ճեղք է առաջացրել հայության շրջանում, որտեղ տեղի ունեցող երկրաշարժը, կառուցվող նոր աշխարհի համակարգում, կարող է ճանապարհ բացել Թուրքիայի ոտքերը շղթայած հայկական կապանքները քանդելու համար: