«Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող գործընթացը ոչ թե հաշտեցում է, այլ կարգավորում: Հաշտեցումը շատ ավելի երկար ժամանակ պահանջող գործընթաց է»:
Այս խոսքերը պատկանում են ամերիկահայ մի վերլուծաբանի, որոնք հնչեցին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի ջանքերով Երևանում կազմակերպված հանդիպմանը:
Միևնույն ժամանակ սրանք չորս օր շարունակվող դիվանագիտական և քաղաքական օրակարգային հարցերով հագեցած հանդիպումներում հնչած ամենաիրատեսական խոսքերն էին: Որովհետև երկու հասարակությունների միջև առկա պատմական կապերը մնում են պատմական խնդիրների ստվերում: Իսկ դա կարելի է տեսնել կյանքի գրեթե բոլոր բնագավառներում:
Զարմանալի չէ, որ ռեստորաններում կարելի է հանդիպել մանթըից մինչև տոլմա ճաշատեսակների: Հայերենում կան նաև մի շարք բառեր, որոնք գործածական են թուրքերենում:
Նմանություններից ավելի շատ ընդհանրություններն են: Հավանաբար դրանցից ամենակարևորը Աղրը Դաղըն է: Աղրը Դաղըն, որին հայերը Արարատ են անվանում, սրբազան նշանակություն ունի: Աղրը Դաղըի փառահեղ ստվերում փռված Երևանի ամեն անկյունում աչք է զարնում հայերի` Թուրքիայի կամ ավելի ճիշտ Անատոլիայի հողերի նկատմամբ տածած կարոտը:
Իսկ «հայտնի» հարցերը, որոնք ստվերում են սահմանի մյուս կողմում առկա բոլոր այս նմանություններն ու արդարացնում ամերիկահայ վերլուծաբանի արտաբերած նախադասությունը …
«Ցեղասպանության» հարցը
Այսինքն` 1915-ի իրադարձությունները… Այս իրադարձությունների շուրջ, որոնց հայերը «ցեղասպանություն» են անվանում, իսկ թուրքերը` «տեղահանություն», հեշտ չէ լուծման և համաձայնության հասնել:
Հայաստանում հարցը շատ զգայուն է: Նույնիսկ ավելի զգայուն, քան ենթադրում են ոմանք:
Մի կողմից քննադատվում է Թուրքիան` սեփական պատմության և անցյալի հետ հաշվի չնստելու համար, մյուս կողմից էլ Հայաստանում հարցի քննարկումը տաբու է:
«Հայկական թեզեր» արտահայտությունը Հայաստանում բոլորի կողմից` ամենաչափավորից մինչև ամենածայրահեղականը, հանդիպում է հակազդեցության. անմիջապես ասում են. «Թեզ-մեզ չկա: Ցեղասպանությունը իրողություն է: Դուրս եկեք փողոց: Չեք գտնի մի հայի, ում նախնիներն իրենց վրա զգացած չլինեն ցեղասպանության ազդեցությունը»:
Իսկ մյուս սպանվածնե՞րը
Հայաստանում մի շարք մարդիկ ընդունում են, որ 20-րդ դարի սկզբին Անատոլիայում բացի հայերից սպանվել են նաև այլազգիներ:
Այդ տեսակետի համաձայն` հայկական ջոկատներն, ի պատասխան իրենց դեմ իրականացված բռնությունների, «վրեժ» են լուծել` գործելով «սպանություններ»: Այսինքն` դա «ինքնապաշտպանություն» է եղել:
Նույնիսկ չեն ասում, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Ռուսաստանի աջակցությամբ հայերը ոտքի էին ելել` Օսմանյան կայսրության տարածքում անկախ պետություն հիմնելու նպատակով:
Իսկ «Ցեղասպանության թանգարանում» հայկական ջոկատները պատկերող միայն մեկ լուսանկար կա:
Թանգարանի ներկայացուցիչները դա բացատրում են նրանով, որ չեն կարողանում Թուրքիայից փաստաթղթեր ստանալ, սակայն, միևնույն ժամանակ ասում են, որ նման հարցով չեն էլ դիմել:
Պատմական հանձնաժողով
Այս պայմաններում Անկարայի և Երևանի միջև ստորագրված արձանագրություններում ամենաշատ հարցերը կապված են Թուրքիայի համար հավանաբար ամենակարևոր դրույթը համարվող պատմական հանձնաժողովի ձևավորման հետ:
Թուրքիան ավելի վաղ «ցեղասպանության» պնդումներն ուսումնասիրելու համար առաջարկել էր ստեղծել մի հանձնաժողով և հայտարարել, որ բացելու է արխիվները:
Ցյուրիխում ստորագրված և սահմանների բացում նախատեսող արձանագրություններում խոսքը պատմական հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի ձևավորման մասին է:
Թուրքիայի համար դա նշանակում է, ի վերջո, սեղանին դնել «ցեղասպանության» պնդումները:
Սակայն Երևանում պատկերը լիովին այլ է:
Պաշտոնատար անձինք հայտարարում են, թե ներկա փուլում հարկ չկա քննարկել այդ հարցը և հանձնաժողովի ձևավորումը թողնում են հետագային:
Թեմային մոտիկից ծանոթ վերլուծաբաններն ասում են, որ հանձնաժողովը չի քննարկելու «ցեղասպանության» եղելիության հարցը, և հանձնաժողովի օրակարգն ու քննարկելիք թեմաները առաջնորդվելու են «ցեղասպանություն եղել է» հիմքով:
Իսկ պատմաբանները նշում են, թե հանձնաժողովի անդամակցության չափորոշիչները ոչ ոքի հայտնի չեն: Որևէ մեկն էլ նպատակ չունի առաջարկության դեպքում ներառվել հանձնաժողովի աշխատանքներում:
Վստահության ձևավորումը
Երկու երկրների հասարակությունների միջև առկա նմանություններին հակառակ` պատմական արմատներ ունեցող անվստահությունն ակնհայտ է:
Սահմանի բացումը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է միայն մեկ քայլ լինել երկու հասարակությունների միջև կարգավորման ճանապարհին:
Իսկ երբ շարունակվում են դիվանագիտական կորպուսի և կառավարության ներկայացուցիչների բանակցությունները, պարզ է, որ երկու հանրույթների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը չի կարող առնչվել արձանագրությունների հետ կապված ժամանակացույցի հետ: