borderՍիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամներ Վարդան Օսկանյանն ու Վահե Աղաբեկյանցը, տնօրեն Սալբի Ղազարյանը և աշխատակազմի անդամներ Արտաշես Դարբինյանն ու Հայկ Պետրոսյանը այցելեցին Գորիս և Մեղրի` ականատես լինելու Սիվիլիթասի գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրի ներդրմանը Սյունիքի մարզում:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը, համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ, օգնում է Իրանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալվանք և Շվանիձոր գյուղերին անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելու հարցում: Այս ծրագրի կարևոր մաս է Իրանի հայ համայնքի թեմական խորհրդի աջակցությունը: Մեղրիի ճանապարհը, որն անցնում է երեք լեռնաշղթաների միջով, մոտավորապես մեկօրյա ճանապարհ է Երևանից, ծովի մակերևույթից մոտավորապես 400 մետր բարձրության վրա: Մինչ ձնհալը կհասնի գյուղի արտերին, ամբողջ ջուրը կլանում են ժայռերը, ավազն ու հողը:

Այսպիսով, դարեր ի վեր այս գյուղերը (ինչպես նաև Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի շատ գյուղեր) հոգացել են իրենց ջրի կարիքները` պահպանելով ստորգետնյա աղբյուրները, որոնք միացված են միմյանց մի շարք թունելներով: Գործող աղբյուներն ու մաքուր թունելները ապահովում են ամռան ամիսներին համարժեք ջրամատակարարում: Վնասված պատերով աղբյուրները, որտեղ ներխուժել են ծառի արմատները, հունիսից մինչև հոկտեմբեր չեն կարող բավարար ջուր ապահովել մարդկանց և կենդանիների համար:

Վերջ ի վերջո ամեն ինչ հանգում է ջրի հիմնախնդրին. ոչ միայն մարդու և կենդանիների, այլև արտադրության, շուկայի և կյանքի պայմանների համար: Ջրի անբավարար քանակությունը Մեղրիի արևշատ և տաք դաշտերում, նշանակում է, որ Մեղրիի հայտնի ծիրանի, թզի և թթի ծառերը համապատասխան ծավալով բերք չեն տա: Եվ չնայած որ Մեղրիի բերքի տեղափոխումը Երևան թանկ և բարդ գործ է, Մեղրիի բերքը կարող է վաճառվել ավելի մոտ գտնվող իրանական շուկայում:

Հետևաբար, ջուրը առաջնային է ինչպես արժանապատիվ ապրելակերպի, այնպես էլ տնտեսական զարգացման համար: Մեղրիի համար դա աղբյուրների և թունելների պահպանումն է, որոնք կենսատու ջրի աղբյուր են հանդիսանում:

Այդուհանդերձ, աղբյուրների և թունելների համակարգի (որը կոչվում է քահրիզ) պահպանման հմտությունը կորսվում է: Սիվիլիթասը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը Իրանի հայկական համայնքի աջակցությամբ Իրանից մասնագետներ են հրավիրելու, որոնք կսովորեցնեն համայնքներին ինքնուրույն պահպանել այս անփոխարինելի ջրի աղբյուրները: Մայիսի 3-ին Սիվիլիթասի անձնակազմը ժամանեց Մեղրի` հանդիպելու պարսկահայ մասնագետներին, ինչպես նաև այդ գյուղերի գյուղապետերին: Վահե Աղաբեկյանցը բացատրեց, որ Շվանիձորում ոչ միայն աղբյուրների պահպանման խնդիրն է, այլ նաև անհրաժեշտ է կառուցել ջրամբար, որը հնարավորություն կտա հավաքել ջուրը գարնան ամիսների ընթացքում: Այնտեղ արդեն արվում են քահրիզների ինքնուրույն պահպանման փորձեր և կարևոր է, որ պահպանման գործընթացը ձեռք բերի կազմակերպված և համակարգված բնույթ, ինչը որոշակի կանխատեսելիություն կմտցնի գյուղի տնտեսական կյանքում:

Առաջին հանդիպումը կայացել էր աշնանը: Վահեն և Հայկը հանդիպել էին գյուղի ղեկավարներին և գյուղական համայնքներին` կարիքները հասկանալու համար: Սրան հետևեցին մի քանի հանդիպումներ Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք արդեն իսկ ակտիվ մասնակցություն էին ունեցել ինչպես այս, այնպես էլ հարավային սահմանի այլ համայնքների կարիքների աջակցման գործում: Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը նույնպես Սյունիքի մարզում էր, որը տնտեսության աջակցման մի քանի ծրագրեր է իրականացնում: Այդուհանդերձ, նրանց ներգրավվածությունը այս յուրահատուկ ծրագրում փոքր ինչ արտասովոր է: Չնայած ծրագրի հիմնական խնդիրը ջրի ենթակառուցվածքի նորոգումն է, դրա վերջնական նպատակը գյուղական համայնքների ինքնակազմակերպումն է, և համայնքի անդամների` համայնքում տեղի ունեցող այս և այլ գործընթացներին լիիրավ մասնակցության խրախուսումը:
Այս նպատակի իրականացման համար, Գորիսում տեղակայված գործընկերության և համագործակցության կազմակերպությունը կազմակերպում է հանրային հանդիպումներ գյուղերում, որոնք կօգնեն գյուղերում կազմակերպել գործընթացներ և կառույցներ իրենց սեփական ջրի աղբյուրները ինքնուրույն տնօրինելու համար:
Այս նույն փորձը ակնկալվում է կիրառել տեղական այլ կարիքների համար:

«Ամեն անգամ, երբ ես Երևանից Մեղրի եմ գնում, ես հասկանում եմ, որ այսպիսի հեռավոր համայնքների համար տնտեսական բարգավաճում ունենալու և կենսունակ լինելու միակ հնարավորությունը առավելագույն արդյունավետ ինքնաբավությունն ու ստեղծագործական համագործակցությունն է: Այսօր Շվանիձորը ունի 400 բնակիչ, իսկ Ալվանքը ավելի քիչ: Սրանք Արաքս գետի վրա գտնվող չորս գյուղերից երկուսն են: Նայելով սահմանից այն կողմ` կարելի է տեսնել Իրանի կանաչ դաշտերը: Այս նույն արդյունքին մենք կարող ենք հասնել նաև սահմանի այս կողմում, այսպիսի եռակողմ համագործակցության օրինակով»,- ասում է Վահե Աղաբեկյանցը:

 

Ապահովելով սահմնանամերձ գյուղերի ջրամատակարարումը