Մի կողմ թողնելով կրոնական միտումները` պետք է ասել, որ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը ճիշտ ախտորոշումներ է անում Թուրքիայի առջև ծառացած քաղաքական խնդիրների ուղղությամբ: Իրականում մեր ազգի ներքին խաղաղության և հանգստության համար պետք է լուծել մեր գլխին պատուհաս դարձած քրդական հարցը: Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ մեր հարաբերությունները համակարգելու համար արդեն ժամանակն է, որպեսզի լուծվի նաև կիպրական հիմնախնդիրը, Հայաստանի հետ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, և «այո» ասվի Հեյբելիադայում հունաց ուղղափառ թեմական դպրոցի բացմանը: Սակայն այս ամենի իրականացումն այնքան էլ հեշտ չի թվում: Եվ այդ նպատակով իրականացվող նախաձեռնություններն առանց որևէ արդյունքի մեկ առ մեկ ձախողվում են:
Գիտենք, թե ինչ տեղի ունեցավ քրդական հարցի կարգավորման նախաձեռնության հետ: Այդ նախաձեռնության սանձերը հայտնվել են Ափոյի և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ձեռքերում: Եթե ընդունվում են նրանց ցանկությունները, նախաձեռնությունը գործում է, եթե ոչ` ոչ: Սակայն այդ ցանկությունները հակասում են թուրք ազգի միությանն ու ամբողջականությանը և Թուրքիայի «ունիտար պետության» կառույցին, և այդ պատճառով «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նեղ դրության մեջ է հայտնվել իր ազգայնական-կրոնական ընտրազանգվածի և ազգայնական միտումներով քուրդ անջատողականների ցանկությունների միջև: Եվ եթե այդ ցանկություններն ընդունվեն, դա կնշանակի քվեի կորուստ և «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության մայրամուտը:
Կիպրական հիմնախնդրի կարգավորման նախաձեռնության իրականացումը նույնպես հեշտ չի թվում: Այդ նախաձեռնությունն, ըստ էության, սկսեց ձախողվել այն պահից, երբ հույները «ոչ» ասացին Անանի պլանին, որի հետ հույսեր էր կապում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Եվ այդ ժամանակից ի վեր երևում է, որ հույները չեն հրաժարվել ողջ կղզուն տիրելու և գերիշխելու նպատակներից: Կիպրոսի մեր ազգակիցները, որոնք տեսնում են, որ խաղաղության և հաշտեցման հույսերը իրականություն չեն դառնում, հոգնել և կշտացել են հույների առաջնորդ Դիմիտրիս Խրիստոֆիասի խուսանավող տակտիկայից և անհաջողությունների համար մեղադրում են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Մեհմեդ Ալի Թալաթին: Այդ պատճառով 2010 թվականի ապրիլին, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում հստակ երևում է, որ Թալաթի տեղը կզբաղեցնի Դերվիշ Էրօղլուն, ով հակված չէ հավատալու բանակցությունների արդյունավետությանը, ով ցանկանում է, որ կղզու փաստացի բաժանումն օրենքի ուժ ստանա, ինչն այնքան էլ դուր չի գալիս Էրդողանին: Նման փոփոխությունը անհաջող նախաձեռնությունների ցանկում կավելացնի ևս մեկը:
Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության ելքը երևում է` նման ճակատագրի կարժանանա: Ինչպես հայտնի է, Թուրքիայի և Հայաստանի միջև Միացյալ Նահանգներում գործող հայկական սփյուռքի «ցեղասպանության» ճնշումից ազատվել ցանկացող Բարաք Օբամայի ճնշմամբ և Շվեյցարիայի միջնորդությամբ սեպտեմբերի 1-ին նախաստորագրվեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ երկու արձանագրությունները: Սակայն Ադրբեջանի հակազդեցության պատճառով Անկարան այդ արձանագրությունների հետագա ճակատագիրը շաղկապեց հայերի` Լեռնային Ղարաբաղի բռնազավթված տարածքներից դուրս գալու և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վավերացման հետ: Երկու պայմանն էլ թույլ հիմքի վրա են: Ո´չ Հայաստանը նպատակ ունի դուրս գալ գրավված տարածքներից, ո´չ էլ թուրքական խորհրդարանն առանց այդ պայմանի իրականացման` վավերացնել այդ արձանագրությունները: Սփյուռքի սուրը դեռ ճոճվում է Թուրքիայի գլխավերևում:
Ինչ վերաբերում է հունաց ուղղափառ թեմական դպրոցի բացման հարցին, այն իրականում ամենահեշտ լուծելի խնդիրն է… Մյուսների համեմատությամբ այնպիսի հարց չէ, որ կախված լինի մի շարք դերակատարների գործողություններից: «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն այդ հարցը կարող է լուծել կամք ցուցաբերելով: Սակայն իշխող կուսակցության կրոնական-պահպանողական ընտրազանգվածն այդ դպրոցի բացումը հեշտությամբ չի կարող մարսել: Իսկ այս հարցում Էրդողանի ձեռքն ու ոտքը կապողն այդ զանգվածի կորստյան վախն է: