Կարծում եմ, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար անտեղի ժամանակ ենք վատնում: Մի՞թե մենք չենք ուզում: Ոչ, իհարկե… Այդ նրանք չեն ուզում: Հայերը բարեկամական, եղբայրական և բարիդրացիական հարաբերություններին երբեք ջերմ չեն վերաբերվել: Մեր բոլոր բարի նպատակները, ջանքերն ու ժեստերը մի քանի անպատասխանատու հայտարարություններով հօդս են ցնդեցնում: Հիմա նոր տեղեկություն ենք իմանում. Թուրքիայի և Հայաստանի միջև արձանագրությունների ստորագրումից մոտ մեկ ամիս անց թուրքաբնակ հայերը միմյանց կհանդիպեն արդեն իսկ վերականգնված Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողության ժամանակ:
Մենք ոչ թե ավերել ենք, այլ` կառուցել
Այս գեղեցիկ քայլն, անկասկած, մեր հայ քաղաքացիների համար ենք անում, ոչ թե` սփյուռքին հաճոյանալու: Հետաքրքիր է իմանալ` Հայաստանում քանի՞ մզկիթ կա: Իսկ եթե կա, ի՞նչ վիճակում են դրանք գտնվում: Կեսարիայի եկեղեցին առաջին անգամը չէ, որ վերանորոգվել է: Այդ եկեղեցին գոյություն ունի 1191 թվականից: Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունը կրող եկեղեցին ավերվել է 19-րդ դարում, վերականգնվել` 1859թ.: Վերջին` երկրորդ վերանորոգումը, տեղի էր ունեցել 20-րդ դարում: Այսինքն` ցեղասպանություն կոչված մեծ ստից տարիներ առաջ: Օսմանյան կայսրությունն այդ եկեղեցին չի ավերել, այլ վերականգնել է:
Եվ անպարկեշտ խոսքեր
Հարգելի ընթերցողներ, ստախոսության, դավաճանության, խաբեության, անհավատարմության պես արատավոր երևույթների նկատմամբ հակում ունեցողների համար դա դժվար բան չէ: Ահա մի քանի օրինակ այդ անպարկեշտ խոսքերից: Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը ասում է. «1924թ., երբ ես ծնվեցի, հայերին խոստացել էին վերադարձնել հողերը: Այդ օրվանից ի վեր սպասում եմ: Եվս 85 տարի սպասել չեմ կարող»: Լիբանանում Արամ Առաջին կաթողիկոսը հայտարարում է. «Ժամանակն է, որպեսզի օրակարգ գա հայ ազգի փոխհատուցման հարցը: Նախ ցեղասպանության ճանաչում, հետո փոխհատուցում»:
Արի և աղոթք արա
Նախ երկու խոսք Շառլ Ազնավուրին. ևս 85 տարի հողերին չի կարող սպասել: Մի՛ սպասի… Քեզ ո՞վ է խնդրել, որ սպասես: Արի´ և վերցրու´: Մի առաջարկություն էլ Լիբանանից կտրուկ դատողություններ անող կաթողիկոսի համար ունեմ. ցեղասպանություն, փոխհատուցում և նման ստեր ասելու փոխարեն եկեք ձեր համար վերանորոգված Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և կրոնավորին վայել կեցվածք ցուցաբերեք: Աղոթք արեք հանուն մարդկության, խաղաղության, հայ-թուրքական բարեկամության: Հարգելի´ ընթերցող, վերադառնանք հոդվածի սկզբում գրված տողին: Կարծում եմ` Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար անտեղի ժամանակ ենք վատնում: Մի՞թե իրավացի չեմ: