Նստեցինք մզկիթի մոտակայքում գտնվող մի սրճարանում, թեյ ըմպեցինք: Բաժանվելիս հարցրեցի Ջորջին. «Այն ամենի մասին, ինչ ապրեցիր ու տեսար, գրելո՞ւ ես»: Պատասխանեց. «Այո, իհարկե: Որովհետև ես հիմա ոչ ամերիկացի եմ, ոչ հայ, ես անատոլիացի եմ»: Եթե խառնակչություն չլինի, մենք հայերի հետ շատ լավ բարեկամներ ենք դառնալու: Նրանք նույնպես անատոլիական հողի ընձյուղներ են…
Ջորջ Նակնիկյանն Ինդիանա համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչն էր: Հիմա ինձ պես թոշակի է անցել: Ջորջի պապին Շապինգարահիսարում 1915 թվի իրադարձությունների ժամանակ մենք ենք սպանել… Թուրքերեն սովորել է հորից, ձայնն ուղղակի ապշեցուցիչ էր: Եթե լսեիք, թե ինչպես էր երգում «Թավշյա քսակը», կհիանայիք: Բոլոր թուրքաբնակ հայերի պես ուներ սիրո և ատելության բարդույթներ: Եվ շատ էր բարկանում Թուրքիայի վրա, և շատ էր սիրում նրան: Չեմ հիշում, թե ինչպես ծանոթացանք: Միշտ հանդիպում էինք Ինդիանա համալսարանում: Բարեկամացանք: Իմ տուն էր գալիս, նարդի էինք խաղում: Ես նրան Քոջա Գյավուր էի ասում, ծիծաղում էինք:
Ջորջն ուզում էր Թուրքիա գալ, բայց վախենում էր: Մայրն ասում էր. «Մի´ գնա, թուրքերը քեզ կսպանեն»: Կարծեմ 1976թ. էր: Մի օր Ջորջին ասացի. «Դե´, արի գնանք: Թուրքիա գնանք, ես քեզ կպաշտպանեմ, մի´ անհանգստացիր»: Նստեցինք «Թուրքական ավիաուղներին» պատկանող մի ինքնաթիռ և Անկարա եկանք: Երկու օր մնացինք և շրջեցինք Անկարայում, հետո ավտոբուսով ուղևորվեցինք դեպի Չորում, որտեղից գնալու էինք դեպի Շապինգարահիսար` Ջորջի երկիրը:
Փշատենու բույրը
Ճանապարհին ավտոբուսի անիվը պայթեց: Մինչև կնորոգեին այն, մենք քայլում էինք ճանապարհի երկայնքով: Գարունը շուրջբոլորը լցրել էր փշատենու բույրով: Գարնանն Անատոլիան փթթում է, արթնանում ձմռան քնից: Այդ ժամանակ հնարավոր չէ հագենալ անատոլիական հողի համից ու հոտից: Փթթուն կանաչը ձեզ մեծահոգաբար իր գիրկն է առնում:
Մի փշատենու շվաքին հանգստանում էինք, երբ տեսանք մի գյուղացու: Բարևեցինք և հարցրեցինք. «Կարո՞ղ ենք մի ճյուղ պոկել ձեր փշատենուց, շատ լավ է բուրում»: «Մեծ ճյուղ պոկեք, Ալլահի փշատենին է»:
Պոկեցինք այդ ծառի մի քանի ճյուղ և երբ խոսում էինք այգու տիրոջ հետ, նա մեզ ներս հրավիրեց. «Ներս համեցեք, ձեզ իմ այգուց վարդեր կտամ, ինքս եմ աճեցրել»: Ճանապարհորդ էինք, չէինք կարող ընդունել նրա հրավերը: Մի պահ անհետացավ մեր զրուցակիցը: Ջորջին ասացի. «Այդ մարդը գնաց մեզ համար վարդ քաղելու»: «Դե վերջացրո´ւ: Մի մարդ, ով մեզ չի ճանաչում, ինչո՞ւ պետք է մեզ համար վարդ քաղի»,- ասաց Ջորջը: Քիչ անց եկավ Աշիր էֆենդին` ձեռքին երկու փունջ վարդ: «Վարդի բույրն օրհնյալ է, ներս համեցեք, մի բաժակ սուրճ կըմպենք»,- ասաց Աշիր էֆենդին: Ջորջը թուրքերեն մի քիչ հասկանում էր, ես թարգմանում էի: «Աշիր էֆենդի, ընկերս հայ է»,- ասացի ես: «Ի՞նչ է դա նշանակում, մի՞թե նա էլ Աստծո ծառան չէ»: Ջորջն իր առաջին զարմանքն ապրելու էր այդ պատասխանով: Աշիր էֆենդին համառում էր, անպայման մեկ բաժակ սուրճ էինք խմելու, պետք է մնայինք ընթրիքի, մեզ համար փլավ պատրաստեց, մի հավ մորթեց, ռաքի էլ ուներ: Գիշերեցինք նրա մոտ: Մեր տոմսերի ժամկետն էլ անցավ: Հաջորդ օրը պետք է նորը գնեինք: Ջորջն այդ հյուրասիրությունից ուղղակի ապշել էր: «Այդ մարդուն նախկինում ճանաչե՞լ եմ: Ոչ չեմ ճանաչել: Հարցրու տեսնենք, այս մարդը մահմեդակա՞ն է»,- ասաց նա: Հարցրեցի, Աշիր էֆենդին պատասխանեց. «Մուսուլման եմ, գիտեմ մեկ Ալլահ, մեկ Մարգարե: Իմ կարծիքով, մահմեդականության հիմքը դա է»,- պատասխանեց Աշիր էֆենդին: «Աշիր էֆենդի, քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ ես»: Աշիր էֆենդին սոցիալիստ էր: «Հարցրու, տեսնենք ի՞նչ է հասկանում սոցիալիզմից»,- ասաց Ջորջը: Հարցրեցի: «Մենք ոչ ոքի ուսերին չենք նստի, մեր ուսերին էլ ոչ ոքի չենք նստեցնի»,- պատասխանեց Աշիր էֆենդին: Նրա սոցիալիզմի ընկալումը հիացրեց Ջորջին:
Եթե Էջևիթը ֆաշիստ լիներ…
Աշիր էֆենդին 30 տարի աշխատել էր ածխահորում, թոշակի էր անցել, այդ այգին էր մշակում: Էջևիթի կողմնակիցն էր: Ասում էր. «Եթե Էջևիթը ֆաշիստ լիներ, նրան էլ մեր մտքից կհանեինք»:
Հրաժեշտ տվեցինք Աշիր էֆենդուն և շարունակեցինք մեր ճանապարհը: Ջորջը բերանը ջուր էր առել: Պարզ երևում էր, որ ներաշխարհն ամբողջությամբ տակնուվրա էր լինում: Ես էլ հասկանալով դա` որևէ բան չէի հարցնում: Հասանք Թոկատ: Ես այնտեղ երկու տարի գրականություն էի դասավանդել: Այնտեղ աշակերտներ ունեի: Շրջում էինք ամրոցում: Երեք ամաչկոտ և հարգալից երեխա մոտեցավ մեզ: Ամաչելով հարցրին, թե ովքեր ենք, պատասխանեցինք: 10-12 տարեկան աշակերտներ էին: Մեզ հետ շրջեցին, շատ խելացի հարցեր էին տալիս: Ջորջի դուրը շատ եկան երեխաները: «Ես այս երեխաների համար ուզում եմ պաղպաղակ գնել»,- ասաց նա: Երեխաները համաձայնեցին: Գնացինք մի զբոսայգի, նրանք նստեցին, իսկ ես գնացի աշակերտներիս տեսակցելու: Նրանցից մեկը դեղագործ էր դարձել, մյուսը` գյուղատնտես: Աշակերտներիս հետ խոսքով ընկա, ուշացա: Ջորջը երեխաներին պաղպաղակ էր հյուրասիրել, երեխաներն էլ Ջորջին ասել էին. «Հորեղբայր, դու մեզ պաղպաղակ հյուրասիրիր, մենք քեզ` թեյ, թե չէ անհարմար կլինի»: Երբ ես ուշանում էի, Ջորջը երեխաներին ասել էր. «Երեխաներ, դուք շարունակեք ձեր ճանապարհը, ինձ համար այստեղ մի սպասեք»: Իսկ երեխաներից ամենամեծը պատասխանել էր. «Չի´ լինի, հորեղբայր, դուք օտարական եք, մինչև ձեր ընկերը չգա, մենք ձեզ մենակ չենք թողնի»: Եվ երբ ես վերադառնում էի, Ջորջը հեռվից ինձ տեսնելուն պես, ձեռքով-ոտքով ինչ-որ բան էր ուզում հասկացնել: Երբ մոտեցա, հարցրեց. «Իլհան, այս երեխաները նման դաստիարակություն որտեղի՞ց են ստացել»: «Ջորջ, նրանք պետք է որ Աշիր էֆենդու երեխաները լինեն…»,- պատասխանեցի ես:
Մեր մեջ արյուն չպետք է թափվեր
Շապինգարահիսար չկարողացանք գնալ. ճանապարհը քանդված էր: Մենք էլ ճանապարհ բռնեցինք դեպի Սվազ: Չամլըբելում Քյորօղլուի աղբյուրից սառնորակ ջուր խմեցինք և հասանք իմ երկիրը` Սվազ: Ես միջնակարգ և ավագ դպրոցը Սվազում եմ ավարտել: Հանդիպեցինք ծանոթների ու բարեկամների: Մի քանի օր Սվազում մնացինք, բարեկամների տանը հյուրընկալվեցինք:
Մի օր կանգնած էինք Սվազի քաղաքապետարանի շենքի դիմաց: Ես գնացի թերթ գնելու: Ջորջն էլ ցանկացավ մի օղաբլիթ գնել, որն արժեր հարյուր քուրուշ: Իսկ նա ուներ ընդամենը 75 քուրուշ: Օղաբլիթ վաճառող երեխան ասաց. «Ոչինչ, հետո կտաս հորեղբայր»: «Ես ամերիկացի եմ, երբ եմ նորից գալու` չգիտեմ»,- մինչ Ջորջը նման բաներ էր ասում, երեխան հասկացավ և ասաց. «Այդ դեպքում, հորեղբայր, այդ 25 քուրուշը քեզ նվեր»: Ես վերադարձա, Ջորջի դեմքը գունատ էր, փաթաթվեց ինձ և սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Գրկեցի նրան: Երկու ալեհեր մարդ Սվազի կենտրոնում կանգնած իրար գրկած լաց էին լինում: Մեր շուրջ հավաքված մարդիկ օգնություն էին առաջարկում: Ես հարցնում էին Ջորջին. «Ի՞նչ է եղել, Ջորջ, ինչո՞ւ ես լաց լինում»: Ջորջը պատմեց այն, ինչ տեղի էր ունեցել օղաբլիթ վաճառող տղայի հետ և, հոնգուր-հոնգուր լաց լինելով, ասաց. «Իլհան, այդ բարի մարդկանց ու մեր միջև չպետք է արյուն թափվեր»: Ես կարծում էի, որ այդ պահին Ջորջի ողջ սարսափն ու ատելությունը հօդս ցնդեցին:
Այնտեղից հասանք Ենի Չաբուք գյուղ: Մորաքույրս այնտեղ էր ապրում: Դուռը բացեցինք, ներս մտանք: Մորաքույրս` տիկին Լյութֆիյեն, թոնրում լավաշ էր թխում: Ինձ տեսնելուն պես ուրախությունից բացականչեց, գրկախառնվեցինք: Մեզ ձվով, սոխով ու լավաշով պատրաստած մեկական բրդուճ տվեց:
Ջորջի կերած ամենահամեղ սենդվիչը դա էր:
Գյուղում մի քուրդ ընտանիք հարսանիք էր անում: Առանց հարցնելու, թե ով ենք, որտեղից ենք, մեզ հրավիրեցին: Սեղանն առատ էր: Ջորջի տրամադրությունը շատ բարձր էր, իսկ երբ սկսեց երգել «Թավշյա քսակը», բոլորը հիացմունքից քար կտրեցին:
Մեր սեղանին նոր ուտելիք բերեցին, գալիս, գրկում էին Ջորջին, համբուրում նրա ձեռքերը: Ջորջը չգիտեր` ինչ աներ: Տրամադրությունը բարձր էր, կանգնում և շնորհակալություն էր հայտնում: Հարսանիքին ներկա էին նաև իմ բարեկամները` Գեմերեք և Քյոմերեք գյուղերից:
Բոլորը մեզ իրենց գյուղ, իրենց տուն էին հրավիրում: Մեկն ասում էր, թե «Սաթենիկ անունով հայուհի հարևան ունեինք, շատ լավ մարդիկ էին», մյուսը` թե «մեր տանը վարպետ Թորոսն է ապրել»: Ոչ ոքի մոտ ատելության նշույլ անգամ չկար: Բայց, հավանաբար, մի քիչ մեղքի զգացում կար նրանց մեջ:
Հայ հարևանները
Հայրս Գեմերեքում երեսուներեք տարի ուսուցիչ է աշխատել: Ամուսնացել էր այնտեղ: Այնտեղ էինք ծնվել նաև մենք` ծնողներիս վեց արու զավակներս: Հայրս այնտեղ տուն էր կառուցել: Հիմա այդ տանն ուրիշներն էին ապրում: Այցելեցինք այդ տուն: Այն ժամանակ ինձ մեծ էր թվում, իսկ հիմա կարծես փոքրիկ հյուղակ լիներ: Այդ տանը Ջորջին սպասվում էր ամենամեծ անակնկալը: Ջորջին ասացի, որ տան առաստաղին արաբերեն տառերով գրված է. «Այս տունը կառուցած վարպետ Թորոս»: Ասաց. «Ստացվում է` մահմեդականի տունը հայ վարպե՞տ է կառուցել»: Պատասխանեցի. «Այո, բայց դա դեռ ինչ է: Մեր հայ հարևանների տոնի ժամանակ մենք էլ էինք կարմիր ձու խաշում և տոնում: Մուսուլմանը հայի տո՞ն է նշում: Դեռ ավելին, եթե մի մահմեդական մոլլայի աղոթքով չէր ապաքինվում, գնում և վանականին էին դիմում: Նույն ձևով էլ հայը մոլլային էր դիմում: Անատոլիայի մահմեդականությունն ու հայությունը դա է»:
Նստեցինք մզկիթի մոտակայքում գտնվող մի սրճարանում, թեյ ըմպեցինք: Բաժանվելիս հարցրի Ջորջին. «Այն ամենի մասին, ինչ ապրեցիր ու տեսար, գրելո՞ւ ես»: Պատասխանեց. «Այո´, իհարկե: Որովհետև ես հիմա ո´չ ամերիկացի եմ, ո´չ էլ հայ, ես անատոլիացի եմ»:
Նրան Անկարայից ճանապարհեցի Ամերիկա: Սակայն Ջորջն Ամերիկայում հայկական կազմակերպություններից և Ինդիանապոլիսում գտնվող հայկական եկեղեցուց վախեցավ և չկարողացավ գրել այն, ինչ տեսել ու ապրել էր:
Մեկ այլ պատմություն
Հայ մարդու ջերմության մասին մի հուզիչ պատմություն էլ պատմեմ: Դա «Միլլիյեթ Բլոգ»-ում իմ բարեկամ Հալե Քորայն էր գրել: Այդ երկար հոդվածից մի փոքր մաս ներկայացնեմ.
Իլհան հոջան ասաց. «Պատմի´ր, հորաքույր»: Եվ նա պատմեց. «Տղաս փոքր էր: Մի օր տուն եկավ և ասաց, որ շատ բարեհամբույր մի թուրք մորաքրոջ հետ է ծանոթացել լվացքատանը»: «Ո՞վ է, անունն ի՞նչ է»: «Աննա է անունը»: «Տղա´ս, Աննան թուրքական անուն չէ: Սխալ ես հասկացել»: «Ո´չ, անունն Աննա է, ինքն էլ Ստամբուլում է բնակվում»: Ես էլ ասացի` գնամ ստամբուլցի տիկին Աննային տեսնեմ: Աննա Լոլոյանի և նրա ընտանիքի հետ այդպես ծանոթացա: Լոլոյան ընտանիքը, նախքան Միացյալ Նահանգներ գաղթելը, բնակվում էր Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում: Ընտանիքի տղաներից մեկը ոսկերիչ էր, մյուսը` դերձակ: Աննան իր տուն հրավիրեց: Գնացի: Տանը Իբրահիմ Թաթլըսեսի երաժշտությունն էր հնչում: Հողաթափեր տվեցին: Սուրճ ըմպեցինք, զրուցեցինք, բաժակ նայեցինք:
Որոշ ժամանակ անց, հայր Լոլոյանը` Հովհաննեսը, մահացավ: Ընտանիքով գնացինք նրա հուղարկավորությանը: Աննայի մայրը` Նազլըն, շատ տնարար կին էր: Մի օր, երբ նրանց տուն էի գնացել, տեսնեմ Նազլը մորաքույրը ոտքերը նամազի դիրքով ծալած նստել է: Գլխին էլ նամազի սպիտակ գլխաշոր կար և քթի տակ աղոթք էր անում` տերողորմյան ձեռքին: Ինքս ինձ ասացի. «Նազլը մորաքույրը կրոնափոխ է եղել: Ըստ էության, անունն էլ հայկական անուն չէ»: (Նրանց տանը Գյուլբահար անունով մի հարս կար): Հենց կինը աղոթքը վերջացրեց, հարցրի. «Նազլը մորաքույր, դուք դյոնմեն ե՞ք»: Տարեց կինը տարօրինակ հայացքով նայեց դեմքիս: Սառեցի: «Մտածեցի, թե որ մահմեդականների պես ձեր գլուխը ծածկել եք, ձեր ձեռքն եք վերցրել տերողորմյան, ծնկները ծալել և աղոթք եք անում…»: Նազլը մորաքույրը ծիծաղեց. «Ինչ իմանամ, աղջիկս, մենք այնտեղ բոլորս այդպես էինք աղոթք անում»,- ասաց նա:
Նազլը մորաքրոջ թոռնուհին` Ջուլիետը, կյանքում Թուրքիայում չէր եղել, անատոլիական բարբառով հրաշալի թուրքերեն էր խոսում: Թուրքերենը տատից էր սովորել: Հարցրեցի, թե ինչու են այդ բարբառով խոսում: Ասացին, որ գեմերեքցի են: Նազլը մորաքույրն ինձ հարցրեց Գեմերեքի տներից մեկում վարձով ապրող մի ընտանիքից ոմն Մեհմեդի մասին: «Լսել եմ` տղան Ամերիկա է գնացել, մեծ մարդ դարձել: Նրանց հետ ապրում էինք մի ընտանիքի պես: Տղան մեր ձեռքերում է մեծացել»:
Երբ Իլհան Բաշգյոզ հոջային մոտիկից ճանաչեցի, իմացա, որ նա էլ է գեմերեքցի, աղքատ լինելու պատճառով մի հայ ընտանիքի տանը մի սենյակում վարձով է ապրել, դպրոց գնացել:
Խոսում էինք ամեն ինչի մասին: Այսինքն` այդ Գեմերեք կոչվածն ինչպիսի տեղ էր 60 տարի առաջ: Այնտեղ քանի հայ ընտանիք է վարձով սենյակ տվել, քանի այրի կին է եղել, քանի մարդ է եղել Մեհմեդ անունով (Իլհան հոջայի ամբողջ անունը Մեհմեդ Իլհան Բաշգյոզ է): Մի ձմեռային օր, հեռախոսով նրա հետ խոսեցի և ասացի. «Վաշինգտոնում մասնակցելու եմ գիտաժողովի, կցանկանայի ձեզ այցելել»: Երբ հանդիպեցինք, ասացի նրան. «Հոջա´, արի քեզ մեկի հետ ծանոթացնեմ» և տարա նրան Նազլը մորաքրոջ տուն: Տասնյակ տարիներ իրար չտեսնելուց հետո այդ երկու մարդիկ հանդիպելով լաց եղան, սրտները դուրս թափեցին: Այդ օրվանից հանդիպում են: Ես էլ մի պահ ինձ Եգիպտոսից վերադարձող Նապոլեոն զգացի»:
Եթե խառնակչություն չլինի, մենք հայերի հետ շատ լավ բարեկամներ ենք դառնալու: Նրանք էլ անատոլիական հողի ընձյուղներ են…