Բոլոր գաղափարախոսությունները պատմական են… Այսինքն` ի հայտ են գալիս պատմական գործընթացների հետ կապված հասարակական խմորումների արդյունքում և հիմնականում բնորոշում են տվյալ ժամանակաշրջանը: Դրանց գրավչությունը նրանում է, որ  ավետում են իրադարձությունների փոփոխություն և նշում, թե «հիմնականում» ինչպես պետք է տեղի ունենան դրանք: Սակայն կյանքն առաջ է ընթանում իր հունով` չլսելով որևէ գաղափարախոսության… Այսպիսով, փոփոխվող կյանքին ներդաշնակելու ընդունակությունն ինչպիսին էլ որ լինի, ի վերջո բոլոր գաղափարախոսությունները հակասության մեջ են մտնում իրականության հետ:

Այս տեսանկյունից նայելով` կարող ենք ասել, որ մեր գիտակից կյանքը միշտ բողբոջում է  նոր գաղափարախոսությունների համար` փորձելով ընդդիմանալ հներին: Իսկ հին գաղափարախոսությունների դիմադրողականության ամենակարևոր պատճառներից են սովորություններն ու այդ սովորություններից սնվող սպասումները: Օրինակ` ներկա ժամանակաշրջանի գերիշխող գաղափարախոսությունն ազգայնականությունն է, ու եթե անգամ ներկայում ազգայնականությունը ետընթաց է ապրում, կարելի է ենթադրել, որ մեր մեծամասնությունն ազգայնական է և գործում է դրան համահունչ:

Դժվար չէ ապացուցել այն  հանգամանքը, որ ազգայնականությունը նահանջում է: Այլևս որևէ երկրում գաղափարական գերակայություն գոյություն չունի, որևէ երկրում չի խրախուսվում պաշտամունքի գաղափարը: Ընդհանուր առմամբ դա հնացած մոտեցում է, անգամ կարելի է ասել` հասարակական ախտի տեսակ: Մյուս կողմից տեսնում ենք, որ հասարակական բախումներով ինքնության ձևավորման գործընթացի հետ մեկտեղ, շրջակայքում ազգայնականության քամիներն սկսում են փչել ավելի մեծ ուժգնությամբ, սակայն, այստեղ ազդեցության շարժընթացը հակառակ կողմով է աշխատում: Բնականաբար, ինքնության քաղաքականությամբ զբաղվողների շրջանում շատ է ազգայնականների թիվը… Սակայն երբ կողքից են նայում  անօրինականության ենթարկված և փոքրամասնություն լինելու պատճառով ճնշված ինքնությունների արդարության որոնումներին, այդ դեպքում «ազգայնականություն» տեսնելու ցանկությունն ավելի մեծ է: Օրինակ` քրդերի շրջանում ազգայնականության տոկոսն ավելի քիչ է, քան պատկերացնում են թուրքերը: Մյուս կողմից, խոսելով ինքնության քաղաքականությունից, ազգայնականության հոտ ենք առնում: Անցյալում ազգայնականությունը ինքնություններ «ստեղծող» գաղափարախոսություն էր…

Կարճ ասած` խոսում ենք աստիճանաբար իր բովանդակությունից զրկվող, սակայն, ժողովրդի լեզվով ասած, իրեն դեռ ոտքի վրա պահող  գաղափարախոսությունից: Խոսում ենք ոչ թե գիտաժողովների ու գրքերի, այլ փողոցների ու անվախ քաղաքական գործիչների գաղափարախոսությունից… Սակայն ազգայնականության մակերեսայնացվելու հանգամանքը բոլորովին էլ չի խոչընդոտում մեր շրջապատում ազգայնականություն տեսնելու կամ էլ ազգայնականության վկայակոչման դյուրին փորձերը: Ընդհակառակն, անգամ հակված ենք ենթադրելու, որ հատկապես «մեր հակասությունների» հիմնական պատճառը ազգայնականությունն է:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները  հիմնականում խարսխվում են երկկողմ խավարամիտ հավասարակշռության վրա: Նախքան արձանագրությունների ստորագրումը, կողմերից յուրաքանչյուրը «չզիջել» չափորոշիչով էր առաջնորդվում: Հայկական կողմում նկատում ենք բավականին արմատական մի հայացք, ըստ որի «թշնամու» հետ համաձայնությունը թուլություն է համարվում: Իրականում դա բացահայտ ազգայնականության դրսևորում է, որը, սակայն, մակերեսային բնույթ ունի… Քանի որ այդ տեսակետի հիմքում վախն է ընկած… Թուրքիայի համար դա հասկանալը դժվար է, որովհետև չգիտի ընդհանուր պատմությունը: Հայաստանում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները Թուրքիան և թուրքերին ընկալում են որպես ծայրահեղ ազգայնական: Այդ պատճառով են վախենում… Քանի որ մտածում են, թե Թուրքիան իր տված որևէ խոստմանը հավատարիմ չի մնալու, հայերին և Հայաստանին համոզելու է «այնպես, ինչպես նախկինում», փորձելու է տարբեր ձևերով կրկնել անցյալում տեղի ունեցած իրադարձությունները:

Թուրքիան տարիներ շարունակ հայտարարում էր, թե Հայաստանը չի ճանաչում Կարսի պայմանագիրը: Հայաստանն էլ հայտարարում էր, թե տարածքային պահանջ ունի… Սակայն եթե մյուս կողմից նայենք, Կարսի պայմանագրի իրական չճանաչողը հենց Թուրքիան է: Հենց նա էր, որ 1924թ. դադարեցրեց հյուպատոսարանի աշխատանքները, փակեց երկաթգիծը, փոփոխեց Անի քաղաքի սահմանները: Իսկ Հայաստանը, դառնալով ՄԱԿ-ի անդամ, ըստ էության ճանաչում է սահմանները: Այդ պատճառով, հակառակ կողմից նայելիս, այս կողմում շատ թանձր, «պետական մակարդակի» ազգայնականություն կարող ես տեսնել: Դրա համար էլ կասկածում են, որ Թուրքիան ի ցույց կդնի այս դարաշրջանին համապատասխանող պետության վարքագիծ:
Իսկ մի՞թե Հայաստանում բոլորովին ազգայնականություն չկա… Անհնար է… Անգամ Խորհրդային Միության անկումից հետո առաջացած գաղափարախոսական դատարկությունը բաց էր՝ հիմնականում ազգայնականությամբ լցվելու համար: Կարելի է ասել, որ դեռևս ղարաբաղյան հարցի հետ ի հայտ եկած այդ ազգայնականությունը վերածվում էր «իրականության կրողի»: Սակայն այստեղ շատ նուրբ տարբերություն կա. այն դեպքում, երբ Հայաստանում կա ինքնության քաղաքականությամբ ստեղծված ազգայնականություն, Թուրքիայում ազգայնականությունը դեռևս շարունակում է կերտել ինքնություն: Հայաստանում առկա ազգայնականությունը ժամանակավոր բնույթ ունի. քամիների հետ գնում-գալիս է: Իսկ Թուրքիայում դա տևական բնույթ է կրում: Ազգայնականության բացակայությամբ հայկական ինքնությունը չի կործանվում, սակայն թուրքականը կարծես չի կարողանում գոյատևել առանց ազգայնականության…

***

Ազգայնականությանն անդրադառնալիս` հնարավոր չէ չխոսել «Դաշնակցություն» կուսակցությունից: Այն դեռևս խոսում է Թուրքիայի որոշ տարածքներ հայերին տալու մասին: Ճիշտ է, հայերն այդ տարածքներում ապրել են հազարավոր տարիներ: Սակայն դա հայերին այդ հողի «սեփականատերը» չի դարձնում: Հայերին այնտեղից քշած «թուրքերը» թող իրենք իրենց չխաբեն, որովհետև այդ հողերը նրանց էլ չեն պատկանում: Խնդիրը նրանում է, որ մենք բոլորս այդ հողերին ենք պատկանում, բայց այդ հողը մերը չէ: Դաշնակցականները չեն հասկանում այս հին ճշմարտությունը: Հետևում են ազգայնականության ստեղծած խավարամտությանը, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիայի ազգայնականները…

Ազգայնականության խավարամտությունը