Միգրացիոն հետազոտությունները՝ մեր կիզակետում

iren22013թ. դեկտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամին հաջողվեց համագործակցություն հաստատել Բաց հասարակության հիմնադրամների (OSF) Think Tank Fund-ի հետ, որի շրջանակներում Սիվիլիթասում հետազոտական կրթաթոշակի շնորհիվ ուսումնասիրություններ են տարվում մի խնդրի շուրջ, որը ոչ միայն կարևոր է Սիվիլիթասի համար, այլ ընդհանրապես՝ հայաստանյան քաղաքականության համատեքստում:

Հայաստանը անցնում է միգրացիոն ուժեղ հոսքերի, հիմնականում՝ արտագաղթի միջով, որը ստանում է հանրային ինչպես ուշադրության, այնպես էլ՝ մտահոգության առյուծի բաժինը: Արդյունքում՝ ներգաղթի և վերադարձի միգրացիայի դյուրացման ուղղությամբ տարվող քաղաքականությունը, ծրագրերը և հանրային ներգավվածությունը պակաս ուշադրության են արժանանում՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հիմնականում Սիրիայից և Իրաքից փախստականներ (մեծամասամբ՝ ծագումով հայ) և այլ երկրներից վերադարձող միգրանտներ ընդունող երկիր է:

Սիվիլիթասի նոր հետազոտող Իրենա Գրիգորյանի աշխատանքի կիզակետն են՝ ներգաղթին վերաբերող օրենսդրությունը, քաղաքականությունը ու Հայաստանում իրականացվող ծրագրերը, դրանցում առկա բացերի հայտնաբերումը, ինչպես նաև՝ Հայաստանում ներգաղթի և վերադարձի առկա պրակտիկան և խթան հանդիսացող հանգամանքները, դրանց վերաբերող միջազգային փորձը:

Իրենան, ով ավարտել է չորս եվրոպական երկրներում դասավանդվող՝ Միգրացիա և միջմշակութային հարաբերություններ եվրոպական մագիստրոսական ծրագրը (www.emmir.org), Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդ մասնագետների զարգացման ծրագրի հաղթող է ճանաչվել երկփուլ մրցույթի արդյունքում: «Վերադարձը միգրացիոն շրջափուլում ո՛չ երկրորդական փուլ կարող է համարվել, ո՛չ էլ դեպի հայրենիք վերադառնալու բնական գործողություն: Դա միգրացիոն գործընթացի կարեւոր բաղկացուցիչ փուլ է, սակայն պակաս ուշադրության է արժանանում ինչպես հետազոտական, այնպես էլ՝ քաղաքական մակարդակներում: Այդ իսկ պատճառով, հավասարակշռված պատկերացում ստանալու համար կարեւոր է ուսումնասիրել, քննարկել և հաղորդել ներգաղթի հոսքերի հետ կապված տեղեկատվությունը»: Այսպես է Իրենան բացատրում հետազոտությունն անցկացնելու իր հետաքրքրությունը և շարժառիթները, որի արդյունքը կլինի քաղաքականության համառոտագիր (policy paper) և դրա շուրջ հանրային քննարկում, և մենք հույս ունենք, որ համառոտագրում արտացոլված առաջարկները կդառնան Հայաստանում միգրացիոն քաղաքականության օրակարգի մի մաս:

Նմանատիպ կրթաթոշակներն իրենց նպաստն են բերում նաև ՍիվիլՆեթ օնլայն հեռուստաալիքի ծրագրերին և հաղորդումներին: Օրինակ, այս ՍիվիլՄուլտի ստեղծմանը նպաստել է նաև Երիտասարդ մասնագետների զարգացման ծրագիրը: ՍիվիլՄուլտն աշխատանքային միգրանտների կողմից Հայաստան ուղարկված փոխանցումների և դրանց համաշխարհային համեմատականների մասին է:

Այս կրթաթոշակի շնորհիվ Իրենան կստանա հավելյալ գիտելիքներ և պրակտիկա միգրացիայի ոլորտում, իսկ Սիվիլիթասն իր հետազոտական պրպտումներն ավելի տեսանելի և ակտուալ կդարձնի:

Միգրացիոն հետազոտությունները՝ մեր կիզակետում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով