Սիվիլիթաս հիմնադրամը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Սահմանադրական հանրաքվե. օրվա հրամայականը» խորագիրը: Այն ներկայացված է ստորև:

Դեպքը

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, որը ներկայացրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դեմ քվեարկեցին միայն «Հայ ազգային կոնգրես» խմբակցության 7 պատգամավորներից 6-ը, երկու պատգամավոր՝ «Օրինաց երկիր» խմբակցությունից, մեկական՝ «Ժառանգություն»-ից և «Բարգավաճ Հայաստան»-ից: Քվեարկության արդյունքը ևս մեկ առիթ տվեց իշխանություններին պնդելու, որ սահմանադրական փոփոխությունները պահանջված են և այդ հարցի շուրջ առկա է քաղաքական լայն կոնսոլիդացիա:

Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը նախագիծը հանրաքվեի դնելու օր նշանակեց դեկտեմբերի 6-ը:

Խորապատկերը

Հայաստանում Սահմանադրությունը հանրաքվեով ընդունվել է 1995-ի ամռանը: Նախքան Սահմանադրության ընդունումը՝ 1991-1995 թթ., Հայաստանը առաջնորդվում էր 1990-ի օգոստոսին ընդունված Անկախության հռչակագրով և Գերագույն խորհրդի կողմից ընդունվող օրենքներով: Սահմանադրությունը ապահովում էր ուժեղ նախագահական կառավարում:

2001-ի հունվարին, երբ Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, ստանձնեց բազմաթիվ պարտավորություններ, որոնք անհրաժեշտություն դարձրին սահմանադրական փոփոխությունները: 2003-ին, Ազգային ժողովի ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվեի դրվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հավանության արժանացած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը, սակայն, չստացավ բավարար քվե: 2005-ին Քոչարյանը և օրվա իշխանական կոալիցիան, որոշ փոփոխություններով, կրկին հանրաքվեի դրեցին փաթեթը, որն ընդունվեց:

Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 4-ին՝ ուղիղ մեկ օր անց իր՝ Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամության հայտարարության մասին, պաշտոնապես ազդարարեց սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին՝ հրամանագիր ստորագրելով Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Վերլուծություն

Եթե Ազգային ժողովը ծանրակշիռ մեծամասնությամբ կողմ է արտահայտվում  սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշմանը, Հայաստանի հասարակության տրամադրությունների հարցում այդ քվեարկությունը շատ բան չի նշանակում, եթե չասենք՝ ոչինչ չի նշանակում:

Ավելին, այդ քվեարկությունը չի կարելի դատավճիռ որակել հանրաքվեի ընթացքում այո-ի կամ ոչ-ի հարցում: Հայաստանի վերջին գումարումների խորհրդարանները չեն արտացոլում հասարակության տրամադրությունները մի շարք, այդ թվում՝ ընտրությունները կեղծելու պատճառներով: Այս խորհրդարանը ժողովրդի տրամադրությունները չի արտահայտում մեկ այլ էական պատճառով:

Փետրվարին, Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, պառակտվեց, իսկ նրա դերակատարությունը՝ ակնհայտ նվազեց: Ավելին, ԲՀԿ-ն որպես միասնական ուժ շարքից հանելու գործում գլխավորն այն էր, որ այդ կուսակցությունը կտրականապես դեմ էր սահմանադրական փոփոխություններին:

Սահմանադրական փոփոխությունների հարցում քաղաքական ուժերի և քաղաքականապես ակտիվ հասարակության տեսակետները պայմանականորեն կարելի է բաժանել չորս խմբի:
Առաջին՝ իշխանություններ և իշխանամետ ուժեր: Այստեղ ամեն ինչ պարզ է. Սերժ Սարգսյանը և նրան աջակցող ուժերը պնդում են, թե նոր Սահմանադրությունը նոր դուռ կբացի երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Երկրորդ՝ արմատական ընդդիմություն: Այստեղ էլ ամեն ինչ պարզ է. Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններով վերարտադրվելու նպատակ է հետապնդում: Ըստ այս խմբի տեսակետի՝ Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀԿ-ի ղեկավարի աթոռը, իր ձեռքում կպահի իշխանական լծակները՝ չզբաղեցնելով որևէ պաշտոն:

Երրորդ՝ ուժեր և անհատներ, որոնց հետաքրքրում է քվեարկության դրվելիք Սահմանադրության բովանդակությունը: Նրանք պնդում են, որ այդպիսի Սահմանադրությունը վտանգավոր է, անգամ չարիք երկրի համար, քանի որ ապահովում է մեկ կուսակցության գերկայությունը խորհրդարանում, և կայուն մեծամասնության երաշխավորումը դառնում է սահմանադրական նորմ: Բացի այդ, Սահմանադրության փոփոխությունը հնարավոր է դառնում խորհրդարանում ձայների երկու երրորդով, իսկ զինված ուժերի գլխավոր հրամանատարի շուրջ տրված են անորոշ ձևակերպումներ:
Չորրորդ խմբում այն ուժերն են, առաջին հերթին՝ հասարակության անտարբեր հատվածը, որոնք համոզված են՝ իշխանությունները կեղծել են համապետական նախորդ ընտրությունները, հետևաբար՝ կեղծելու են նաև հանրաքվեի արդյունքները:

Հեռանկար

Սահմանադրական բարեփոխումների այս փաթեթին, տարբեր պատճառաբանություններով և հիմնավորումներով, կտրականապես դեմ են Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի առաջամարտիկներից է: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պայքարը սահմանադրական փոփոխությունների դեմ առայժմ հրապարակային քննադատությունից այն կողմ չի անցնում:

Մինչև քվեարկությունը հասարակությունը բևեռացվելու է, իշխանությունները փորձելու են լռեցնել ՈՉ-ի ձայնը՝ հաշվի առնելով այն վճռականությունը, որ դրսևորում է Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրության ընդունման հարցում, և հաշվի առնելով, որ նրա ու իշխող ՀՀԿ-ի ձեռքում են քաղաքական ու տնտեսական մենաշնորհները, ուժային ու վարչական լծակները, ֆինանսական հոսքերը և լրատվամիջոցների մեծագույն մասը:

Հայաստանում ընտրությունների նախորդ 25 տարիների փորձը ցույց է տվել, որ միայն նախագահական ընտրությունների ընթացքում է հնարավոր լինում լայն զանգվածներ դուրս բերել փողոցներ: Սակայն հաշվի առնելով հասարակության շրջանում առկա այն համոզումը, որ Սերժ Սարգսյանը երկու նախագահական ժամկետով իշխելուց հետո անգամ չի պատրաստվում հեռանալ, և նաև հաշվի առնելով սոցիալական դժգոհությունը, չի բացառվում, որ հանրաքվեն տապալվի:

Լուծումներ

ՈՉ-ի ճակատը և սահմանադրական այս փաթեթը երկրի համար վտանգավոր համարող քաղաքական ուժերն ու անհատները, բացի փողոցային գործողություններից, կարևոր է, որ կարողանան քվեարկության օրը ընտրատեղամասերում ապահովեն կարգուկանոն և թույլ չտան կեղծիքներ և լցոնումներ:

Իշխանությունները և սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները պետք է գիտակցեն, որ սա ճակատագրական քվեարկություն է, որի օրինականությունը չի կարելի դնել հարցականի տակ: Հատկապես, եթե նրանք համոզված են, որ այդ փոփոխություններն արվում են հանուն Հայաստանի և նրա հասարակության:

Գործող իշխանությունները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել, հատկապես քվեարկությանը նախորդող շրջանում, որպեսզի էլեկտրոնային լրատվամիջոցներով հավասարապես լսելի լինի ՈՉ-ի կողմնակիցների ձայնը:

Կառավարությունը պարտավոր է ապահովել ազատ և արդար քվեարկություն:
Եվ, ամենակարևորը, լավագույն սահմանադրությունը (նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական) չի կարող ստեղծել համապատասխան պայմաններ ժողովրդավարական արժեքների կյանքի կոչման համար, երբ կեղծվում են ընտրությունները: Ներկայացված փաթեթը չի կարող ապահովել կառավարման խորհրդարանական համակարգ, եթե հանրաքվեն կեղծվի: Գործող Սահմանադրությունը չի ապահովել կիսախորհրդարանական համակարգ քաղաքական մենաշնորհի և ընտրությունների պարբերական կեղծման պատճառով: Հետևաբար, երբ արդեն հանրաքվեն անխուսափելի է, հրամայականը այն ազատ, արդար և թափանցիկ անցկացնելն է:

Սահմանադրական հանրաքվե