Այն, որ ներքաղաքական խնդիրներն ուղղակիորեն անդրադառնում են արտաքին քաղաքականության վրա բազմիցս ապացուցված փաստ է: Այն, որ արտաքին քաղաքական խնդիրները հաճախ շահարկվում են ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար, նույնպես ակնհայտ է: Այսօր սակայն այս դրսևորումն առավել ցայտուն է և, որ ամենամտահոգիչն է, առավել վտանգավոր:

Այսօր հնչող քննադատությունը և ծայրահեղական գնահատականները երկու պատճառ ունեն: Մեկը արդարացված մտահոգություն է, քանի որ վերջին մեկ և կես տարվա ընթացքում եղել են նախադեպեր` մայնդորֆյան հռչակագիրը, հայ-թուրքական հայտարարությունը, որոնք լուրջ մտահոգություների տեղիք են տվել և խարխլել են վստահությունը վարվող արտաքին քաղաքականության արդյունավետության հանդեպ:

Մյուսը ներքաղաքական պատճառն է: Անառողջ ներքաղաքական մթնոլորտի հետևանքով հազվադեպ են հնչում իրավիճակի սթափ գնահատականներ և խորքային վերլուծություններ: Դրանք փոխարինվում են անձնավորված մեղադրանքներով ու քննադատությամբ հանուն քննադատության: Ինչպես նաև անձնավորված “պաշտպանությամբ” հանուն “պաշտպանության”:

Սրա հետևանքով կարևոր խնդիրը` ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու անհրաժեշտությունը, անտեսվում է: Որևէ առաջարկից հրաժարվելը, հատկապես վկայակոչելով “հասարակական ճնշումը”, ամենապարզ լուծումը կարող է թվալ: Բայց սթափ գնահատականը առաջ է բերում հստակ պատկեր` կա մի իրավիճակ, որտեղ առաջին անգամ որպես հիմնարար սկզբունք նշված է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հնարավոր է, որ կան նաև սկզբունքներ, որոնք կարող են հայկական կողմի համար վտանգավոր մեկնաբանություն և վերջնական իրականացում ունենալ: Բայց ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ հայկական դիվանագիտությանը հաջողվել է ամրագրել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և այս հաջողությունը թերագնահատելը, որքան էլ մեծ լինի քաղաքական շահարկումների գայթակղությունը, վտանգավոր է:

Ինչ ձևակերպումներ ենք մենք ուզում տեսնել սկզբունքներում և դրանց որ մասն է իրատես լինելու դեպքում հնարավոր ամրագրել սկզբունքներում, տարբեր խնդիրներ են: Դժվար է հավատալ, որ քննադատները, որոնց թվում նաև փորձառու դիվանագետներ կան, ակնկալում են, որ սկզբունքներում ամրագրված լինեն մեր առավելագույն ցանկությունները: Նրանք հասկանում են, որ դա հնարավոր չէ: Հատկապես, որ քննադատներին ժամանակին չի հաջողվել նույնիսկ սկզբունքներում ամրագրել հայկական կողմի նվազագույն պահանջը` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, էլ չենք խոսում առավելագույն ցանկությունների մասին:

Ուստի սկզբունքների շուրջ ծայրահեղականացված գնահատականները, պարզունակ բանավեճերը, թե ով էր ավելի շատ կամ քիչ մտահոգ Ղարաբաղի ճակատագրով, ուժերի վատնում է և բացառապես ներքաղաքական նպատակներին ծառայող շահարկում: Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել, որպեսզի եղածը մերժելով` չմերժել նաև այնտեղ ամրագրված ինքնորոշման սկզբունքը, որը կորցնելու դեպքում, շատ դժվար կլինի վերականգնել: Իսկ բանակցությունների տապալումը ամենաանկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:

Ուստի, գիտակցելով, որ մեր առավելագույն ցանկությունները հազիվ թե հնարավոր լինի ամրագրել սկզբունքներում, իշխանություններից պահանջը պետք է լինի ոչ թե սկզբունքները մերժելը, այլ հետագա բանակցություններում մանրամասների միջոցով մեր առավելագույն ցանկությունների ամրագրմանը հասնելը և դրանք իրականացնելը:

Խորքային բանավեճի համար իսկապես լուրջ խնդիրներ կան: Սկզբունքներից պակաս կարևոր չէ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և դրա միջազգային ընկալումը: Հնարավո՞ր էր արդյոք ավելի հաշվարկված և շրջահայաց արտաքին քաղաքականություն վարելու արդյունքում խուսափել Ղարաբաղի շուրջ նման լարված իրավիճակի ստեղծումից և Հայաստանի համար անցանկալի դերակատարների (Թուրքիայի) ներգրավումից: Իհարկե հնարավոր էր: Ուստի քննադատության էությունը պետք է լինի այսօրվա արտաքին քաղաքականություն իրականացնողներից հետագայում արտաքին քաղաքականության մեջ առավել մեծ շրջահայացություն դրսևորելու պահանջը:

Հնարավո՞ր է, շարունակելով բանակցությունները, կառուցողականություն, դիվանագիտական հմտություն և կամք դրսևորելով, փորձել մանրամասներում հասնել մեզ համար ընդունելի դրույթների ամրագրմանը: Թերևս հնարավոր է: Ուստի իշխանություններին ուղղված հասարակության պահանջը պետք է հստակ լինի և չտարալուծվի քաղաքական շահարկումների, ինքնանպատակ համեմատությունների ու վերլուծությունների մեջ: Իշխանություններից պետք է պահանջել հնարավորինս արդյունավետ օգտվել մեզ համար շահեկան ինքնորոշման իրավունքի ամրագրման փաստից, դրա համար իրականացնելով հավասարակշռված, շրջահայաց ու լավ հաշվարկված արտաքին քաղաքականություն` դրսևորելով քաղաքական հմտություն բանակցություններում: Պետք է պահանջել հստակեցնել սեփական հասարակության համար այն սահմանը, որից այն կողմ Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն անցնելու, և վերջապես պետք է հստակություն պահանջել ոչ միայն այս, այլև մյուս բոլոր մտադրությունների և անելիքների վերաբերյալ:

Որքանով դա հնարավոր և արդյունավետ կլինի հասարակական խորն անվստահության, անառողջ ներքաղաքական մթնոլորտի ու բազմաթիվ ներքին չլուծված խնդիրների առկայության պարագայում այլ, բայց ոչ պակաս կարևոր խնդիր է:

Չքննարկենք շղարշը