Համահայկական ներուժի նոր զորաշարժի` մոբիլիզացիայի անհրաժեշտությունը հրատապ խնդիր է: Մեր փոքր տարածքը և փոքրաթիվ բնակչությունը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հսկայական հնարավորությունները և կատարելագործված դիվանագիտական մեքենան, մեզ միշտ էլ ստիպել են համախմբել մեր ազգային և միջազգային ռեսուրսները, թեկուզ տարբեր չափով, խորությամբ և արդյունավետութամբ: Բայց այսօր, հաշվի առնելով մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունները և ի հայտ եկող նոր մարտահրավերները, սա դառնում է օրվա հրամայական:

Կարելի է առանձնացնել չորս պատճառ, որոնք մոբիլիզացիայի խնդիրը հրատապ են դարձնում:

Առաջին` գլոբալ և տարածաշրջանային նոր զարգացումները, որ տեղի են ունեցել վերջին մեկ և կես տարվա ընթացքում և դեռևս շարունակվում են:

Երկրորդ` մեր լավ չհաշվարկված արտաքին քաղաքականության հետևանքով առաջացած խնդիրները:

Երրորդ` այդ քաղաքականության հետևանքով, հատկապես ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների կողմից արված համատեղ հայտարարության պատճառով, Հայաստանի իշխանությունների և սփյուռքի միջև խրված սեպը:

Վերջապես` լեգիտիմության, հասարակության տարբեր շերտերի միջև հատվածականության և աճող լարվածության խնդիրները, խորացող անվստահությունը հասարակության և կառավարության միջև, ինչը  ժողովրդավարության պակասի, հետևողականորեն անցկացվող վատ ընտրությունների և հետմարտիմեկյան իրավիճակի հետևանք են:

Ռեսուրսների մոբիլիզացիան ճիշտ պատկերացնելու համար անհրաժեշտ է պատասխանել երեք խումբ հարցերի:

Առաջին` ի՞նչն է, որ մենք փորձում ենք մոբիլիզացնել, որտե՞ղ են այդ ռեսուրսները, ինչպե՞ս բացահայտել ակնհայտ տեսադաշտից դուրս գտնվող ռեսուրսները, ինչպե՞ս դրանք համախմբել ընդհանուր նպատակի համար:

Երկրորդ` ո՞րն է այդ համախմբման նպատակը, ո՞ւմ հետ պետք է աշխատի այդ ուժը մեր ընդհանուր նպատակներն իրականացնելու համար: Որո՞նք են ուժի և
ազդեցության այն կենտրոնները, որոնց հետ մենք ուզում ենք աշխատել: Որո՞նք են այն լծակները, որ պետք է օգտագործել:

Վերջապես, ամենակարևորը` ո՞րն է այն գաղափարախոսությունը, որի շուրջ պետք է համախմբել մեր հնարավորությունները: Ո՞րն է այն նպատակը, որին հայ ժողովուրդը, որպես մեկ ազգ և ժողովուրդ` Հայաստանում, Ղարաբաղում և սփյուռքում, ուզում է հասնել:

Սա է այն կարևոր խնդիրը, որի վրա ուզում եմ կենտրոնանալ` մեր ընդհանուր նպատակները և մեր խոցելի կողմերը:

Որպեսզի մենք կարողանանք ճիշտ գնահատել մեր խոցելի կողմերը և մարտահրավերները, թույլ տվեք անդրադառնալ այն խնդրին, թե ինչ է փոխվել այս վերջին մեկ և կես տարվա ընթացքում, և որոնք են այն վտանգները, որ սպառնում են մեզ:

Առաջինը գլոբալ մակարդակում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների փոփոխությունն է: Կատարվում է մերձեցման և երկու ուժերի միջև նոր detente-ի (լարվածության թուլացման) փորձ: Մերձեցման այս միջավայրում, այս երկու երկրները գլոբալ խնդիրներին սկսելու են նայել այլ տեսանկյուններից: Հնարավորությունները, արդյունքները և շահը երկու կողմերի համար էլ ավելի մեծ է լինելու, քան նախկինում:

Երկու կողմերի միջև բանակցային սեղանին դրված են պոտենցիալ անհամաձայնության բազմաթիվ խնդիրներ` էներգետիկ, սպառազինությունների վերահսկման, միջուկային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև հակամարտությունները, որ ներառում են նաև ղարաբաղյան հակամարտությունը, ինչն ակնհայտ դարձավ Մեծ ութնյակի հանդիպման ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությամբ: Նման պայմաններում փոխադարձ առևտրի հնարավորությունները շատ ավելի մեծ են, և էլ ավելի մեծ է հավանականությունը, որ առևտուրը տեղի կունենա ի հաշիվ մեզ: Մենք չենք կարող արհամարհել կամ պարզապես կողքից դիտել այդ փոփոխությունները: Մենք պետք է լինենք հետևողական, զգոն և փորձենք կանխել այս երևույթների բացասական հետևանքները Հայաստանի համար:

Երկրորդ` ռուս-վրացական պատերազմն անցյալ տարի փոխեց ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև մինչ օրս ինչ-որ չափով պահպանվող հավասարակշռությունը: Արևմուտքը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, չնայած Ռուսաստանի զգալի դիմադրությանը: Թեև Ռուսաստանը սպառնում էր ի հակակշիռ Կոսովոյի անկախության ճանաչմանը նույնն անել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում, նա չէր կարող դա հեշտությամբ անել: Դա լուրջ քաղաքական խնդիրներ կառաջացներ: Բայց ռուս-վրացական պատերազմը փոխեց միջավայրը և դարձավ անհրաժեշտ պատրվակ դա անելու համար:  Ռուսաստանը հակադրվեց Կոսովոյի անկախությանը, որը համարում էր միակողմանիորեն պարտադրված, նույնն անելով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում: Այժմ, երբ այս, իրար հակադրվող, ճանաչումներն ավարտվեցին, կարծես համընդհանուր ներքին համաձայնություն կա, որ ինքնորոշման ջանքերի ճանաչման այս շարքն ավարտված է, և որ նույն բանին ձգտող մյուսների հանդեպ այլ վերաբերմունք է լինելու: Այս “քվոտավորմանն” անհրաժեշտ է հակազդել:

Երրորդ` այս ամենը տեղի է ունենում տարածաշրջանում, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացում, Թուրքիայի դերի բարձրացման համատեքստում: Ռուս-վրացական պատերազմի, բայց հիմնականում հայ-թուրքական խիստ հրապարակային դիվանագիտական ներգրավվածության հետևանքով, մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ, որից հնարավոր էր խուսափել:

Ահա թե ինչպիսին է ստեղծված իրավիճակը: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, թերևս նաև Ռուսաստանը, ինչպես և Թուրքիան ու Հայաստանը, որոնց վարկը մասամբ կախված է հայ-թուրքական այս գործընթացի հաջողությունից, գործընթացի հանդեպ համընդհանուր ուշադրության պայմաններում ակնկալում էին հայ-թուրքական սահմանի բացում: Բայց դա տեղի չունեցավ: Ավելին` բոլորը հասկացան այն, ինչ պիտի հասկանային հենց սկզբից, որ Թուրքիան քայլ չի անի, քանի դեռ Ադրբեջանն իրեն բավարարող լուծումներ չի ստացել Ղարաբաղի հարցում: Այն, ինչը սկսվեց որպես հայ-թուրքական երկկողմ գործընթաց, ավարտվեց ղարաբաղյան խնդրի լուծման վերածումով հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի նախապայմանի: Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում և առաջին հերթին Հայաստանի վրա հսկայական միջազգային ճնշման պայմաններում ղարաբաղյան կարգավորման արագացված գործընթացը, որը միտված է ոչ միայն հենց ղարաբաղյան խնդիրը, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն, կարող է հատկապես մեզ համար վատ որոշումների և զարգացումների բերել:

Չորրորդ` իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ Հայաստանն անցյալ նոյեմբերին ստորագրեց մայնդորֆյան հռչակագիրը, որի պահանջներից մեկը մեր դեմ է աշխատելու: Այն է` հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ միայն միջազգային սկզբունքների, այլև միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված որոշումների հիման վրա: Սա լուրջ դիվանագիտական բացթողում էր: Այդ հռչակագրով մենք հեշտացրել ենք Ռուսաստանի և այլ երկրների գործը Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում` նրանց հնարավորություն տալով անել ադրբեջանանպաստ հայտարարություններ: Հայաստանը պետք է ամեն ինչ անի այդ հռչակագրի գոյությունը, դրա կարևորությունը հնարավորինս չեզոքացնելու և որպես գործոն նվազեցնելու ուղղությամբ:

Վերջապես հինգերորդը` ռազմական և քաղաքական հավասարակշռությունը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սկսում է փոխվել: Զինադադարը, որը պահպանվել է 15 տարի, պայմանավորված էր ոչ միայն կողմերի բարի կամքով և բանակցային գործընթացի առկայությամբ, այլ հիմնականում այն հանգամանքով, որ կողմերի միջև գոյություն է ունեցել բուֆերային գոտի և ռազմական հավասարակշռություն: Այսօր հավասարակշռության այդ բաղադրիչը հարցականի տակ է: Բուֆերային գոտու հարցն արդեն Հայաստանի վրա ճնշման առիթ է` տարածքները վերադարձնելու պահանջի տեսքով: Ադրբեջանը անթաքույց հզորացնում է իր ռազմական ներուժը: Որքան էլ մենք վստահ լինենք մեր բանակի հզորության և մեր ուժերի վրա, ադրբեջանական կողմը կարող է ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնել` ելնելով իրենց ընկալումներից: Այս բանաձևի քաղաքական մասը, որ արտահայտվում է բանակցությունների միջոցով, նույնպես փոփոխվում է: Այսօրվա բանակցային փաստաթուղթն արդեն հինգերորդն է վերջին 10 տարվա ընթացքում: Եթե կողմերը կորցնեն հավատը  բանակցային գործընթացի հանդեպ, և դա զուգորդվի ռազմական հավասարակշռության փոփոխության ընկալմամբ, պատերազմի հնարավորությունը էապես կմեծանա:

Ես թվարկեցի մեզ համար խոցելի կողմ հանդիսացող հինգ խնդիրներ, որոնք, ես կարծում եմ, պետք է լինեն մեր մոբիլիզացիայի ջանքերի հիմքը:

Մենք պետք է փորձենք հակազդել այն իրավիճակին, որտեղ ԼՂՀ-ն կարող է առևտրի առարկա դառնալ գերտերությունների միջև:  Մենք պետք է հստակեցնենք, որ մեզ համար անընդունելի է ինքնորոշման և անկախության համար քվոտաների սահմանումը: Մենք պետք է թույլ չտանք, որ Թուրքիան շահարկի հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված փակուղային իրավիճակը, ուշադրությունը շեղելով առանց նախապայմանների սահմանը բացելու իր ստանձնած պարտավորություններից և մեղքը դնելով հայկական կողմի վրա` Ղարաբաղի հարցում զիջումներ չանելու համար: Մենք պետք է հստակորեն պնդենք, որ Ղարաբաղի  հարցը պետք է լուծել միջազգային սկզբունքերի և ոչ թե միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված, պարտադիր ուժ չունեցող որոշումների հիման վրա:

Վերջապես, առ այսօր լինելով ղարաբաղյան մարտում հաղթող կողմը, մենք պետք է հստակ շեշտենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում, և կոչ անենք գնալ հարցի լուծման խաղաղ ճանապարհով` հիմնվելով պատմական ու իրավական իրողությունների վրա:

Այս նպատակները պետք է լինեն մեր մոբիլիզացիայի ջանքերի հիմքում: Ջանքեր, որոնց գաղափարական առաջնորդողը պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապահովությունը, անվտանգությունը և արժանավայել ապագան:

Վերջին երկու տասնամյակի պատմությունը բերել է մեզ մի հանգրվանի, երբ մենք պետք է պահանջենք, որ աշխարհը ճանաչի Ղարաբաղի ժողովրդի այս անքակտելի իրավունքը: Ղարաբաղի ժողովուրդը քվեարկել է այդ իրավունքի համար, պայքարել է դրա համար և ինստիտուցիոնալ շրջանակներ է ստեղծել այդ իրավունքը վերահաստատելու համար: Խնդրի կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի անցած 20 տարվա իրողությունների վրա, իրատեսորեն միտվի ապագային, խաղաղության ապագային:

Ազգային մոբիլիզացիայի անհրաժեշտություն