Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման հիման վրա հունիսի 22-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեցին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ անդամ Սուրեն Սիրունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը: Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով և Սուրեն Սիրունյանին դատապարտեց 4, մյուսներին` 5 տարվա ազատազրկման, որից հետո, կիրառելով համաներումը, ազատ արձակեց դատարանի դահլիճից: Նույն օրը Աբովյան քաղաքում Ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր` Սասուն Միքայելյանը, որը նաև մեղադրվում էր ապօրինի զենք ու զինամթերք պահելու մեջ, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, և նրա նկատմամաբ համաներման որոշումը չկիրառվեց:

Անցյալ տարվա մարտի մեկից հետո ձերբակալված քաղաքական գործիչներին ազատ արձակելու վաղուց հասունացած խնդիրն այսպիսով մասնակի և անհեթեթ լուծում ստացավ: Ազատ արձակվածներից մի քանիսն արդեն հայտարարել են, որ դեմ էին համաներմանը, քանի որ իրենց մեղավոր չեն ճանաչում, և վիճարկելու են դատավճիռը:

Հաջորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկելու է Հայաստանի հարցը: Համաներման նախագծի և դատավճռի ընդունման հապճեպությունն ավելի քան մեկ տարի ձգձգվող գործընթացից հետո այլ եզրակացության տեղ չի թողնում, քան այն, որ նպատակը ԵԽԽՎ-ի պատժամիջոցներից խուսափելն էր, ինչը թերևս արդեն լուծված խնդիր կարելի է համարել: Բայց արդյոք այս գործընթացով լուծվեց մեկ տարուց ավելի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամեն քննարկման ու հերթական բանաձևի հետևանքով անկում ապրած Հայաստանի վարկի ու հեղինակության խնդիրը:

Միանշանակ է, որ այս գործիչերին ազատ արձակելը դրական քայլ է: Բայց այն ձևը, որով դա արվեց մի շարք անպատասխան հարցեր է թողնում.
1. Եթե ԵԽԽՎ-ն մեկ տարի շարունակ պահանջում էր ազատ արձակել մարտի 1-ից հետո ձերբակալված գործիչներին, ուրեմն համարում էր, որ նրանց ձերբակալությունն ի սկզբանե բավարար հիմնավորված չէր:
2. Եթե ձերբակալությունը բավարար հիմնավորում չուներ, միթե նրանց ազատ արձակելը 4-5 տարվա ազատազրկման դատապարելուց և մեղավոր ճանաչելուց հետո լուծում է արդարության ու ժողովրդավարության խնդիրը, որ դրված է Հայաստանի առաջ:

Ամեն դեպքում միանշանակ է, որ այս քաղաքական գործիչներին ազատ արձակելու քայլն արդեն ուշացել էր առնվազն մեկ տարով: Մեկ տարուց ավելի Հայաստանի միջազգային վարկանիշն ու հեղինակությունը շարունակում են ընկնել, իսկ հասարակության մեջ խորանում է պառակտումն ու արդարության հանդեպ թերահավատությունը: Երկրի դատական համակարգը վերածվել է իրական արդարադատության հետ ընդամենը հեռավոր աղերսներ ունեցող երևույթների թատերաբեմի: Ժողովրդավարության հարցը Հայաստանում մի քանի անգամ քննարկվել է Եվրոպայի խորհրդում ու շարունակում է մնալ այդ կառույցի օրակարգում: Եվ ի հավելում այս ամենի Հայաստանը զրկվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից տրամադրվելիք 70 միլիոն դոլարից:

Սա է ուշացած ու անհստակ քայլերի գինը:
 

Ուշացած ու կիսատ քայլեր