Փետրվարին հրապարակված պաշտոնական վիճակագրությունը հաստատում է անհերքելի ճշմարտությունը` Հայաստանը ռեցեսիայի շեմին է:

Թեև այս փաստերը չեն թաքցվում, դրանք նաև չեն բացատրվում: Կառավարությունը (արդարացիորեն) հավատում է, որ հանրային վստահությունը կենսական կարևորություն ունի տնտեսական կայունության համար և փորձում է հավատ ներշնչել տնտեսության հանդեպ:

Սակայն դա արվում է առանց տնտեսական իրականության հետ համադրելու, և կամ առանց համարժեք գործողությունների, որոնք վստահություն կներշնչեն հասարակությանը, որ տնտեսական իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են:

Մենք ապրում ենք արտասովոր ժամանակներում, հետևաբար խնդիրները նույնպես արտասովոր լուծումներ են պահանջում: Այնպիսի լուծումներ, որոնք թերևս դուրս կգան Համաշխարհային բանկի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի լուծումների սովորական շրջանակներից: Այնպիսի լուծումներ, որոնց արդեն դիմել են աշխարհի շատ երկրներ:

Կարծում եմ, որ միաժամանակ մի շարք քայլեր իրականացնելու դեպքում հնարավոր է մեղմել տնտեսական անկումը:

Նախ` տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղվող քայլերի հանդեպ վստահություն և հավատ հաղորդելու համար առաջին հերթին հանրային անկեղծ, համարձակ և շարունակական երկխոսության կարիք կա, ինչն ակնհայտորեն բացակայում է: Սպառողների վստահությունը կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության հանդեպ այս բանաձևում խիստ կարևոր է: Կառավարությունն իր որոշ գործողություններով արդեն իսկ տնտեսական ճգնաժամին համարժեք արձագանքելու սեփական կարողության վերաբերյալ թերահավատության տեղիք է տվել հասարակությանը: Նախ` ընդամենը մի քանի ամիս առաջ արվող հայտարարությունները, որ տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, ի սկզբանե խաթարեցին շատերի վստահությունը կառավարության անկեղծության հանդեպ, և ավելորդ խուճապ չստեղծելու կառավարության ենթադրյալ մտադրությանը հազիվ թե ծառայեցին: Ավելի վաղ կառավարությունը համառորեն 9 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսման վրա հիմնված բյուջե կազմեց, այն դեպքում, երբ կառավարության իսկ ցուցանիշներն ակնհայտ էին դարձնում, որ դա իրատեսական նպատակ չէ: Կառավարությունը գերադասեց քաղաքականապես ցանկալի պատկերը, ինչի արդյունքում տնտեսապես անիրատեսական սցենար ստացավ, հույսը դնելով, ինչպես իրենք էին ասում, համաշխարհային տնտեսության արագ վերականգնման վրա: Այս մարտավարությունը նույնպես նպաստեց կառավարության և բիզնեսի միջև վստահության ճեղքի մեծացմանը: Վստահության ներշնչմանն ուղղված կառավարության հռետորությունն այդպես էլ չվերածվեց իրականության:

Երկրորդ` կարևոր է, որ կառավարությունը հանրությանը ներկայացնի, ու նաև ներգրավի Ռուսաստանից ստացված 500 միլիոն դոլարի վարկը արդյունավետ օգտագործելու շուրջ քննարկումներում: Կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունն ունի այս փողի կարիքը տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար: Խնդիրը սակայն այս գումարը տնտեսության արդյունավետության բարձրացմանն ուղղելն է:
Արդյո±ք կառավարությունը պատրաստվում է օգտագործել այս միջոցները ընթացիկ բյուջետային պարտավորությունները կատարելու համար: Արդյոք այս գումարի մի մասը որպես վարկային միջոց կտրամադրի բանկային համակարգին: Կամ արդյոք կներդնի այս միջոցները տնտեսության կարևոր ճյուղերում, ինչպես օրինակ գյուղատնտեսությունը, կամ հանքարդյունաբերությունը, որոնք հսկայական սոցիալ-տնտեսական նշանակություն, ինչպես նաև աճի ներուժ ունեն: Այլ կերպ ասած` արդյոք կառավարությունը ճգնաժամի շրջանում պետք է մտածի հանապազօրյա հացի խնդիրը լուծելու, և սոցիալական դժգոհությունը զսպելու կարճաժամկետ խնդրի, թե կայուն տնտեսական զարգացման մասին:

Երրորդ` միայն նոր դրամական միջոցները չեն կարող լուծել տնտեսության խնդիրները: Կարևոր քայլերից մեկը, որը կառավարությունն արդեն իսկ ուշացրել է, դրամին ազատ շուկայական փոխարժեք գտնելու հնարավորություն տալն է: 2008 թվականից առ այսօր Հայաստանի պահուստային միջոցներից 440 միլիոն դոլար է ծախսվել դրամի այսօրվա փոխարժեքը պահելու համար` գրեթե նույնքան, որքան մենք պարտք ենք վերցնում Ռուսաստանից: Սա երկարաժամկետ լուծում չէ: Վաղ թե ուշ կառավարությունը ստիպված կլինի ավելի ճկուն փոխարժեքի քաղաքականություն որդեգրել: Դրամի ավելի իրատեսական փոխարժեքը կնպաստի արտաքին կապիտալի արժեվորմանը, կբարձրացնի արտաքին տրանֆերտներով ապրող բազմաթիվ քաղաքացիների գնողունակությունը, կնպաստի արտահանմանը և կխթանի զբոսաշրջությունը, որն արդեն զգալի վնասներ է կրել դրամի նման փոխարժեքի պատճառով:

Չորրորդ` հարկային բարեփոխումներ իրականացնելիս կառավարությունը պետք է լրջորեն կշռադատի ոչ միայն բարեփոխումների բնույթը, այլև հաշվի առնի այն ժամանակահատվածը, որի ընթացքում մտադիր է դրանք ձեռնարկել: Մի կողմից մանր և միջին ձեռնարկություններին օգնելու նպատակով հարկային կառուցվածքը բարեփոխելը կարևոր քայլ էր, մյուս կողմից` ամենափոքր ձեռնարկատերերին անգամ հաշվիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտադրանքը հարկային բեռը ծանրացնում է մանր հարկատուների ուսերին` շատերին պարզապես դուրս մղելով շուկայից: Այս քայլը կարելի էր հետաձգել: Շարքային քաղաքացին, անշուշտ, պարտավոր է հարկ վճարել, բայց այդ պահանջը արդարացված կլինի միայն այն բանից հետո, երբ պետությունը վերացնի տնտեսության զարգացման իրական խոչընդոտները. Հայաստանի տնտեսությունն այսօր առաջին հերթին խեղդվում են ոչ մրցակցային համակարգի և մենաշնորհների պատճառով:

Հինգերորդ` ժամանակն է բյուջեի դեֆիցիտն ավելացնելու քայլին գնալու: Հայաստանի տնտեսության պարագայում, որտեղ սղաճի ճնշումը մեծ չէ, որտեղ լիկվիդայնությունը սահմանափակ է, հատկապես տնտեսական ակնհայտ անկման պարագայում բյուջեի դեֆիցիտն ավելացնելը ոչ միայն ընդունելի է, այլև` անհրաժեշտ:

Հայաստանի բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր է քան միջազգայնորեն ընդունված ՀՆԱ-ի 3 տոկոսը: Այսօրվա արտառոց պայմաններում բյուջեի դեֆիցիտը կարող է ավելացվել մինչև անգամ 6 տոկոսի: Այդ լրացուցիչ գումարը կարող է ֆինանսավորել հանրային սեկտորը` այդպիսով աշխատատեղեր ստեղծելով, բարելավելով ենթակառուցվածքները և խթանելով տնտեսությունը:

Վեցերորդ` սա լավագույն ժամանակն է վերադառնալու կառավարության միջամտության սկզբունքին հանրային-մասնավոր գործակցության միջոցով: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառը հենց չմիջամտելու, շուկան լիովին ինքնահոսի թողնելու գաղափարախոսությունն էր: Այսօր ևս նույն անվերահսկվող շուկայական զարգացումներին շարունակ ապավինելը նշանակում է հանդուրժել կապիտալիզմի ծայրահեղ դրսևորումները` դրանք սանձելու փոխարեն: Աշխարհը սրանից արդեն դասեր է քաղել: Եթե Հայաստանում մենք ակնկալում էինք, որ այս անցումային շրջանի ավարտին ծայրահեղ կոմունիզմից ծայրահեղ կապիտալիզմ վայրիվերումների արդյունքում պետք է հանգրվանեինք սանձազերծ մրցակցության և լիակատար կախվածության մեջտեղում, ապա այս ճգնաժամը հնարավորություն է ընձեռում, ու նույնիսկ ստիպում է, որ կառավարությունը տնտեսության մեջ խելամիտ ներգրավվածության ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի: Միևնույն ժամանակ, սոցիալական խնդիրներին իրական լուծումներ տալու ուղղությամբ գործնական քայլեր անելով կառավարությունը կմեղմի սոցիալապես առավել խոցելի խավի վիճակը:

Եւ, վերջապես, կա ևս մեկ կարևոր ոլորտ, որտեղ լուրջ քայլերից հնարավոր չէ խուսափել: Դա մեր քաղաքական իրականությունն է: Տնտեսական գործընթացները մեծապես պայմանավորված են քաղաքականությամբ և օրենքով: Դրանց կանխատեսելիությունից, արդարությունից և թափանցիկությունից է զգալիորեն կախված տնտեսությունը: Մեր շուրջ այսօր ստեղծված քաղաքական իրավիճակն անհնար է դարձնում տնտեսական իղձերի իրականացումը: Խնդիրը միայն բևեռացումը, ցինիզմն ու արդարության պակասը չէ: Խնդիրը մասնավոր սեփականության հանդեպ հարգանքի բացակայությունն է, առկա մենաշնորհներն են, խնդիրը նաև այն կառույցների անպատժելիության զգացումն է, որոնց մենք վստահել ենք օրենքի գերակայության պաշտպանությունը:

Կառավարությունը պատասխանատու է երկրի և տնտեսության անվտանգությունն ապահովելու համար: Երկու դեպքում էլ երկրի ներսում առողջ քաղաքական մթնոլորտը կենսական է: Կառավարությունը գուցե այսօր ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն չէ, բայց միայն կառավարությունն է, որ այսօր հնարավորություն ունի երկիրն այս վիճակից դուրս բերելու: Հնարավոր չէ դիմակայել այսօրվա տնտեսական ճգնաժամին, առանց ընդունելու և լուծելու քաղաքական ճգնաժամը: Սա տնտեսական և ներքաղաքական ճգնաժամ է, բայց այն անխուսափելիորեն կազդի մեր արտաքին հարաբերությունների վրա` այդպիսով անդրադառնալով նաև մեր անվտանգության վրա:

Այլ խոսքով` մեր տնտեսության ներսում առկա խնդիրները գուցե և սրվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, ներքաղաքական ճգնաժամն էլ գուցե և քաղաքական դաշտի բոլոր դերակատարների սխալի հետևանք է: Այդուհանդերձ, լուծումները պետք է փնտրել ներսում: Ո’չ սփյուռքում, որն արդեն զգում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները, ո’չ Ռուսաստանում կամ Չինաստանում, որտեղ փողի հետ նաև քաղաքական ակնկալիքներ են ի հայտ գալիս: Այլ հենց մեր փոքր տնտեսության մեջ, որի խնդիրները տեսանելի են, իսկ դրանց լուծումները` հնարավոր:

Ժամանակն է պատասխանատու կառավարում իրականացնելու և քաղաքացիների բարեկեցության համար անհրաժեշտ բեռը կիսելու պատրաստակամություն դրսևորելու: Ժամանակն է համախմբելու թե’ կառավարության ներսում, թե’ կառավարությունից դուրս գտնվող մտավոր ներուժը և բարի կամքը, թե’ բիզնեսում, թե’ դրանից դուրս գտնվողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության փորձը և գաղափարները` ճիշտ որոշումներ կայացնելու համար:

 

Լուծումները պետք է փնտրել ներսում