Անցած շաբաթ Երևանում այցելեցինք «ցեղասպանության հուշակոթող», որտեղ դրեցինք մեխակներ և մեկ-երկու րոպե լռությամբ կանգնեցինք հուշակոթողի կենտրոնում վառվող կրակի մոտ:

«Մենք» ասելով` նկատի ունեմ Թուրքիայից ժամանած տասը լրագրողներիս և երեք հետազոտողներիս:

Հայաստանում էինք Ստամբուլի մշակույթի համալասարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից կազմակերպված «լրագրողների հանդիպմանը» մասնակցելու նպատակով…

Այցն ուներ պարզ և հստակ նպատակ` ճանաչել և ճանաչվել, հասկանալ և հասկացվել… Կարճ ասած` «փոխհամակրանք»… Երկխոսության նախապայմանը…

Քանի որ հուշակոթողին մեխակներ էինք դրել և հարգանքի տուրք մատուցել… Այժմ ձեզանից շատերի մոտ կարող է առաջ գալ հետևյալ հարցադրումը. «Հայոց ցեղասպանությունն ընդունո՞ւմ եք»:

Ասեմ, որ դեմ եմ այդ հարցին «այո» կամ «ոչ» կարճ և բացահայտ պատասխաններ տալուն…

Անգամ եթե այդ իրադարձությունից ի վեր անցել է մոտ հարյուր տարի, մեզ համար նման կտրուկ պատասխաններ տալու ժամանակը դեռ չի եկել:

Ես ոչ «ընդունման», ոչ էլ «ժխտման» կողմնակից եմ…

Կարծում եմ, որ «գորշ տարածաշրջանում» կարգավորման գործընթացում հանդարտությունը կլինի ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Փիլիսոփայության տեսանկյունից, կանգնելով «ընդունում-ժխտում» երկընտրանքի առջև, հնարավոր չէ հասնել իրականությանը: «Ո´չ հարցրու, ո´չ էլ ասա… Ս´ա պետք է լինի մեր նախապատվությունը:

Այդ պատճառով էր, որ Երևանում` մամուլի ասուլիսի ժամանակ, երբ մեր դեմ կանգնած 30 լրագրողներից մեկի` «որպես անհատ` ներողություն խնդրո՞ւմ եք» հարցին ի պատասխան ասացի. «Ի՞նչ է պատահել, դատարանո՞ւմ ենք»:

Հուշակոթող այցելության լուրը հասավ Ադրբեջան… Ադրբեջանական մի հեռուստաալիքից զանգահարեցին և հարցրեցին. «Ճի՞շտ է, որ ծաղիկ եք դրել: Ցեղասպանությունն ընդունո՞ւմ եք»:

Ես պատասխանեցի. «Ինչու ծաղիկ դրեցի՞նք. ցույց տալու համար, որ մենք հասկանում ենք նրանց ցավն ու հարգում զոհերի հիշատակը»: Ես նվազագույնն այդպես եմ մտածում… Եվ կարծում եմ, որ այնտեղ ծաղիկ դնելը, հարգանքի տուրք մատուցելը մարդկային տեսանկյունից շատ ճիշտ քայլ է:

Դա ինձ համար ունի հետևյալ նշանակությունը. «Քեզ ընդունում եմ այնպես, ինչպես կաս: Քանդում եմ մտքիս արգելապատերը, ջարդում կարծրատիպերը, քո նկատմամբ անտարբեր չեմ»…

Եթե այս ուղերձը չհղենք, մի՞թե մենք իրավունք ունենք ակնկալելու, որ մեր հայ զրուցակիցները, իջեցնելով վահանը, փորձելու են մեզ հասկանալ:

Ինչո՞ւ ենք ցանկանում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Մի՞թե աշխարհա-տնտեսական պատճառներից ելնելով: Դա միայն երկրորդական պատճառ կարող է լինել:

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ նորմալ երկիր դառնալու ճանապարհն է հարթելու: Հիմնական հարցը ոչ թե Թուրքիայի` Հայաստանի հետ, այլ իր հետ ունեցած խնդիրն է:

Իսկ մեր առաջին խնդիրը «անիրազեկությունն է»: Մի՞թե իմացանք, թե իրականում Անատոլիայում ինչ է տեղի ունեցել 1915-1922 թվականներին: Այսօր գիտե՞նք: Ո՞վ կարող է հանգիստ խղճով «այո» ասել:

Չգիտեինք: Իսկ մի՞թե իմացանք, թե ինչ է եղել ԱՍԱԼԱ-ի ահաբեկության և ցեղասպանության մեղադրանքների արդյունքում: Ո՛չ: Ավելի շատ ներփակվեցինք, ավելի շատ թշնամացանք: Որովհետև դա արյունալի հիմնավորում էր:

Հետաքրքրության համար ասեմ, որ Հայկական հարցը լուծելիս պետք է առաջնորդվել ոչ թե «դեդուկցիայով», այլ` «ինդուկցիայով»: Այսինքն` ոչ թե կառչել «ընդունում-ժխտում» դիլեմայի կողմերից մեկին, այլ ելնելով փաստերից` ի մի բերել դրանք և պարզել, թե որն է մեր իրականությունը:

Եթե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չձախողվի քրդական հարցի կարգավորման նախաձեռնության պես և շարունակվի, պետք է մշակել տեղեկությանը հասնելու և այնտեղից ճշմարտությունը վերհանելու մեխանիզմները:

Մտքի դարպասների բացումը նույնքան կարևոր է, որքան Ալիջանի սահմանադուռը բացելը:

Ինչո՞ւ այցելեցի «ցեղասպանության հուշակոթող»