Հայաստանում ենք Թուրքիայից մի խումբ լրագրողների հետ միասին: Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի և Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ջանքերով կազմակերպվել է հայ և թուրք լրագրողների հանդիպում:

Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպմամբ մեկնարկած դիվանագիտական երթևեկությունը հոկտեմբերին ստորագրված արձանագրություններով բոլորովին այլ կետում է հանգրվանել:

Երկրորդ անգամ եմ Հայաստանում, որտեղ մթնոլորտը, ի տարբերություն անցյալ տարվա, պետք է ասել, որ շատ ավելի «դիվանագիտական» է: Անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումից հետո ձևավորված հուսառատ մթնոլորտի համեմատությամբ` այս օրերին Երևանում մթնոլորտը բավականին մշուշոտ է. ֆուտբոլային ոգևորությամբ արձանագրությունների ստորագրումից հետո սկսվել է դիվանագիտական սուր պայքար: Փոխակերպված մերձեցման գործընթացում, որը պայմանավորված է կողմերի ներքաղաքական զարգացումներով, մատնանշում են ժամանակացույցի հետ կապված խնդիրը:

Ուրբաթ հանդիպեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին: Նրա խոսքերով, եթե Թուրքիան մինչև մարտ չվավերացնի արձանագրությունները, գործընթացը կմտնի անդառնալի ճանապարհ:

Իսկ անդառնալի ճանապարհը հետևյալն է. եթե թուրքական խորհրդարանը մինչև մարտ չվավերացնի արձանագրությունները, ապա հավանական է, որ Հայաստանը ետ վերցնի արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը, ինչը պայմանավորված է ներքին քաղաքականությամբ: Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգմամբ Հայաստանում ձևավորվում է այն պատկերացումը, որ Թուրքիան այս ամենն արել է ապրիլի 24-ը կասեցնելու համար: Այսինքն` հայկական կողմն այն կարծիքին է, թե Թուրքիան միջազգային ասպարեզում օգտագործեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը` ԱՄՆ Կոնգրեսում «ցեղասպանության» վերաբերյալ բանաձևի ընդունումը կանխելու համար:

Թուրքիան թող արհեստական պատճառաբանություններ չբերի

Ուրբաթ երեկոյան մեզ ընդունեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ակնարկեց, թե Թուրքիան արհեստականորեն ձգձգում է արձանագրությունների վավերացման գործընթացը: Իսկ որպես արհեստական պատճառաբանություն, բնականաբար, նա նշեց Ղարաբաղի հարցը: ՀՀ արտգործնախարարը Թուրքիայի կողմից ղարաբաղյան հիմնախնդիրը որպես նախապայման առաջ քաշելուն հետևյալ կերպ է պատասխանում. «Եթե Ղարաբաղի հետ կապված պայման էր լինելու, ապա հարկ չկար նման գործընթաց սկսել: Ղարաբաղյան հիմնախնդիրը որպես նախապայման առաջ քաշելը նշանակում է խոչընդոտել գործընթացին»:

Նալբանդյանը, ով ասում է, թե միջազգային հանրության առջև Թուրքիայի ստորագրած արձանագրություններում նման պայման չկա, ակնարկելով Հայոց ցեղասպանության պնդումները, հայտարարեց. «Մենք էլ կարող ենք նախապայմաններ առաջ քաշել, բայց գործընթացը կմտնի փակուղի»:

Հայաստանը բացահայտորեն հայտարարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները միմյանցից անկախ են: Նալբանդյանը, նշելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ Ադրբեջանի հետ տեղի են ունեցել արդեն ինը հանդիպում, ասաց. «Եթե Թուրքիան ցանկանում է աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա թող հարցին չմիջամտի»:

Ըստ ՀՀ արտգործնախարարի` հայ-թուրքական մերձեցման գործընթացը ֆուտբոլային հանդիպման հրավերով սկսել է Հայաստանը, և հերթը հիմա Թուրքիայինն է, որը առաջին քայլը պետք է անի արձանագրությունների վավերացման ուղղությամբ:

Նալբանդյանի խոսքերով` Թուրքիայում մերձեցման գործընթացի հետ կապված ջանքերը սառեցված են: Իսկ այն հարցին, թե «արդյո՞ք այս խցանման մեջ չի զգացվում Թուրքիայում առկա ներքաղաքական զարգացումների ազդեցությունը», Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց. «Հայաստանի ներսում ավելի շատ խնդիրներ կան, սակայն մեկնարկեց արձանագրությունների գործընթացը: Նշանակում է` մենք ավելի ժողովրդավարական համակարգ  ունենք: Գյուլն ու Էրդողանը չպետք է խցանեն գործընթացը` պատճառաբանելով ընդդիմության կամ մեկ այլ երկրի գործոնը»:

Նալբանդյանը, ինչպես նաև Երևանում մեզ հանդիպած բոլոր պետական այրերը, հայտարարում են, որ պետք է արձանագրությունները վավերացնել «ողջամիտ ժամկետում»:

Նախ Թուրքիան թող վավերացնի

Հայաստանում տարածված է այն համոզմունքը, թե արձանագրությունները նախ և առաջ պետք է վավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից: Նման կարծիքի է նաև Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը, ով, ինչպես և Նալբանդյանը, հայտարարում է, թե հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսել է Հայաստանը: Զաքարյանի խոսքերով, եթե Թուրքիան արձանագրությունները ներկայացնի խորհրդարանի վավերացմանը, ապա նույն քայլին կգնա նաև Հայաստանը:

Սակայն իրավական տեսանկյունից, արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանում մի փոքր այլ է: Հայաստանում գործող օրենքների համաձայն` միջազգային համաձայնագրերը նախ ներկայացվում են Սահմանադրական դատարան, որից հետո` խորհրդարան: Իսկ խորհրդարանի վավերացումից հետո հաստատվում են նախագահի կողմից և մտնում ուժի մեջ: Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսել է իրավական գործընթացը: Հունվարի 12-ին արձանագրությունների առնչությամբ տեղի է ունենալու հատուկ նիստ: Եթե ՍԴ-ն տա իր հավանությունը, արձանագրությունները կարող են արդեն ներկայացվել խորհրդարան: Սակայն Երևանում առկա քաղաքական մթնոլորտը վկայում է այն մասին, որ քանի դեռ Թուրքիան քայլ չի արել, Հայաստանը արձանագրությունները խորհրդարան չի ուղարկի:

Երբ գործընթացին նայում ես երկու երկրների ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, հասկանում ես, որ իրավիճակն ավելի լուրջ է: Հայաստանում իշխանության ներկայացուցիչները բացահայտորեն հայտարարում են. «Եթե նախապայման լինի, ամեն ինչ գլխիվայր շուռ կգա»: Իսկ Ղարաբաղի հարցում Երևանում իշխում է հետևյալ տեսակետը. «Եթե խաղաղություն է, ստատուս քվոն պետք է շարունակվի»: Ինչ վերաբերում է արձանագրություններին, եթե անգամ իրավական գործընթացը սկսվել է, կարելի է ասել, որ Թուրքիայի վավերացմանը սպասելու մոտեցումը որոշիչ կլինի կարգավորման գործընթացի ապագայի համար: Կարճ ասած` Երևանում մթնոլորտը բավական մշուշոտ է:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը կարող է ավարտվել մարտին