Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաշինգտոնյան այցելության ժամանակ շատ պարզ և բացահայտ խոսեց. հրապարակավ հայտարարեց, որ «կապ» գոյություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացների միջև: Էրդողանը, Օբամայի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ամերիկահայ լրագրողների հարցերին, հայտարարեց, թե որևէ նախապայման չկա Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունների մեջ, սակայն հիշեցրեց, որ այդ արձանագրությունները պետք է վավերացվեն խորհրդարանի կողմից: Վարչապետը, ասելով, թե թուրքական կառավարությունն ըստ արարողակարգի արձանագրությունները ներկայացրել է խորհրդարան, ավելացրեց. «Թե ինչպիսի պայմաններով խորհրդարանը կընդունի դրանք, չենք կարող ասել»: Այդ ընթացքում վարչապետը վկայաբերեց խորհրդարանի մարտիմեկյան որոշումը…
Իրականում Թուրքիայի և Հայաստանի միջև հոկտեմբերին ստորագրված արձանագրություններում որևէ դրույթ չկա Լեռնային Ղարաբաղի մասին: Այսինքն` երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորում և Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացում նախատեսող համաձայնության կյանքի կոչվելը չի շաղկապվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ:
Միայն թե այդ համաձայնության իրականացման համար Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեն երկրների խորհրդարաններում:
Թուրքիայի խորհրդարանը ցանկություն չունի վավերացնելու այդ արձանագրությունները, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չի գրանցվել Ադրբեջանին բավարարող առաջընթաց: Ընդդիմությունն էլ, ըստ էության, այդ արձանագրություններին դեմ է: «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության շարքերում հարցի առնչությամբ նկատվում է զգայունություն: Վարչապետ Էրդողանը կամ կառավարությունը դա պարտադրելու նպատակ չունեն: Բացի այդ, կառավարությունը, հակառակ այն բանին, որ Հայաստանը շատ է ցանկանում հարաբերությունների կարգավորում, «ղարաբաղյան խաղաթուղթը» օգտագործում է որպես ճնշման միջոց:
Դիվանագիտական խուսանավում
Էրդողանը Վաշինգտոնում Օբամայի հետ համատեղ հայտարարության ժամանակ կոչ արեց Մինսկի խմբին արագացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը: Իսկ դա վարչապետն ասում է Օբամայի` կարճ ժամանակամիջոցում արձանագրությունները վավերացնելու մասին Թուրքիային ուղղված կոչին ի պատասխան:
Անկարայի դիրքորոշումը հետևյալն է` քանի դեռ ղարաբաղյան հարցում գոհացուցիչ արդյունք չի գրանցվել, ինքը քայլ չի ձեռնարկելու: Գործնականում սա նշանակում է կապ ստեղծել արձանագրություններում տեղ չգտած ղարաբաղյան հարցի հետ: Եթե նույնիսկ դա որպես նախապայման չի որակվում, վարչապետը Վաշինգտոնում բացահայտորեն դա էր հաստատում:
Այդ պատճառով այժմ ավելի պարզ է դառնում, որ թուրքական դիվանագիտությունը Շվեյցարիայում արձանագրությունների պատրաստման ժամանակ վարպետորեն օգտագործում էր խուսանավման հնարավորությունը:
Այո, արձանագրություններում Ղարաբաղի հետ կապված որևէ նախապայման չկա, սակայն խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման պայմանը ստեղծում է այդ կապը: Որևէ մեկն էլ չի կարող բողոքարկել ժողովրդավարական մի երկրի խորհրդարանի կողմից մի համաձայնագրի առնչությամբ ի ցույց դրված գործելաոճը (դրական կամ բացասական)…
Հոգեբանական հաջողություն
Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում նախատեսող արձանագրությունների ստորագրմամբ, ողջ աշխարհում միավորներ հավաքեց` հօգուտ իրեն: Ամեն կողմից գովասանքի խոսքեր էին հնչում: Սակայն հիմա, ինչպես և նշեց Օբաման, բոլորը սպասում են, որ Թուրքիան րոպե առաջ վավերացնի արձանագրությունները և սահմանները բացի:
Մինչ օրս նեղ վիճակում հայտնված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սպառնում է չեղյալ հայտարարել համաձայնագիրը, եթե Թուրքիան այդ քայլին չգնա և համառի Ղարաբաղի` որպես նախապայման լինելու հարցում:
Առաջիկա շաբաթների ընթացքում Թուրքիան հարցի առնչությամբ կարող է հայտնվել արտաքին ճնշումների տակ: Սակայն, քանի որ Անկարան անձամբ է ստանձնել «ղարաբաղյան կապի» առնչությամբ պարտավորությունը, այդ հարցում վարքագծի փոփոխություն չի կատարի:
Միակ հույսը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջիկայում Մինսկի խմբից լավ լուր սպասելն է: Այդ դեպքում միմյանց շաղկապված երկու գործընթացներն էլ իրենց հունով կընթանան: