«Խաղաղության համար ամեն ինչ արեցինք: Բոլոր ուղիները փորձեցինք: Մինչև վերջ օգտագործեցինք սեղանի շուրջ լուծում գտնելու հնարավորությունը: Մենք այլընտրանք չունենք այլևս: Դիմելու ենք բռնազավթված տարածքները ռազմական ճանապարհով ազատագրելու միջոցին: Եվ ազատագրելու ենք»: Այս խոսքերը պատկանում են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին: Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած վերջին հանդիպումից առաջ Ալիևը կոշտ ուղերձներով վերջին անգամ նախազգուշացրեց Հայաստանին. «Կամ նստում ենք և ռացիոնալ ձևով խաղաղ լուծում գտնում, կամ պատրաստ եղեք պատերազմի»:

Շատ կարևոր նախազգուշացումներ

Հարգելի ընթերցող, այդ նախազգուշացումները շատ կարևոր են: Որովհետև մեր ազերի եղբայրների համար իրականում այլ բան չի մնացել անելու: Ղարաբաղը ռուսների աջակցությամբ գրաված հայերը, միջազգային հանրության առջև ստանձնելով ողջ պատասխանատվությունը, տարիներ շարունակ Ադրբեջանին մարտահրավերներ են նետում: Միջազգային իրավունքը հուսահատության մեջ է: Իսկ այս ամենում առկա է սփյուռքի գործոնը: Բոլոր անիրավացիություններն ու անարդարացիությունները սփյուռքի ճնշումներով են անտեսվում: Հազարավոր ազերիներ շարունակում են նեղություն կրել: Սակայն այլևս այդպես չի լինելու, որովհետև Ադրբեջանն արդեն նախկինը չէ:

Հնարավոր է` զենքերը խախտեն լռությունը

Ալիևն այսպես է ասում. «Միլիարդավոր դոլարների ներդրում ենք արել և, նկատի ունենալով հայերի հետ համաձայնության չհասնելու հավանականությունը,  հզորացրել ենք մեր բանակը: Մեր զինված ուժերն այսօր բոլորովին տարբերվում են այն վիճակից, որում գտնվում էին 90-ականների սկզբին: Միջազգային իրավունքը նույնպես ընդունում է մեր ընտրած ճանապարհը: Գիտեմ, որ Հայաստանը մի քիչ շունչ քաշելու համար սպասում է թուրքերի կողմից սահմանի բացմանը: Սակայն Թուրքիան, առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, դա չի անի: Թուրք ազգը դա չի վավերացնի: Հայաստանին զգուշացնում եմ վերջին անգամ: Հնարավոր է` զենքերը խախտեն լռությունը»:

Ո՞րը կընտրի Երևանը

Հարգելի ընթերցող, հայերի` շատ վստահելի լեռներում սկսել է ձյուն գալ: Այդ ձյունն առատանալու է: Տեսնելու եք, որ սփյուռքն ուտելու է պատմության ամենաուժեղ ապտակը: Հայերի ամենամեծ սխալը մինչ օրս եղել է սփյուռքին վստահելն ու տրվելը: Իսկ դրա պատասխանատվությունը, անկասկած, Հայաստանն է կրելու: Տարածաշրջանում և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ հաշտ ու համերաշխ ապրե՞լն է Հայաստանի համար վստահելի, թե՞ թիկունքը սփյուռքին հենելը: Հայաստանն ընտրություն է կատարելու: Տեսնենք` ո՛րը կընտրի` խաղաղությո՞ւնը, թե՞ սփյուռքը:

Խաղաղությո՞ւն, թե՞ սփյուռք