Պատերազմող կողմերից յուրաքանչյուրը պատմում է նույն պատմությունները, «ողբերգությունների շղթան», միայն թե յուրաքանչյուրն իր տեսանկյունից: Միմյանց թշնամացրած ցավերի համար մեղադրում են հակառակ կողմին: Նույն պատմություններն են պատմում և՛ ժամանակին «Կովկասի մշակութային մայրաքաղաք» համարվող քաղաքում մեզ հանդիպած մարդիկ, և՛ Ղարաբաղի հեռավոր անկյուններում մեր գտած ազերի կինը…

Այսօր մեր պատմությունը կսկսենք ազերիների կողմից «Շուշա», իսկ հայերի կողմից` «Շուշի» անվանվող քաղաքից: Այն խորհրդանիշ է: ԽՍՀՄ-ի տարիներին որպես Կովկասի մարգարիտ համարվող քաղաքը դեպի իրեն էր ձգում արվեստագետներին: Այսօր այնտեղ տիրող իրավիճակը նկարագրելու կարիք էլ չկա` հասկանալու համար, թե ինչ է կատարվել այնտեղ:

Շուշան (Շուշին) ամբողջությամբ ուրվական քաղաք է: Ժամանակին այնտեղ ապրում էր 400 հազար մարդ, այսօր 4 հազար էլ չես գտնի: Ղարաբաղյան բախումների ամենավառ օրինակն է:

Այստեղ կընթերցեք Ղարաբաղի փախստականների հարցերով զբաղվող Սանասար Սարյանի հետ մեր հարցազրույցը, այնուհետև` որդուն և ամուսնուն պատերազմում կորցրած Ֆլորա Համբարձումյանի պատմությունը, իսկ հետո խոսքը կթողենք դե ֆակտո հայկական վարչակազմի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին:

Շուշիում, պատերազմից հետո որևէ ազերի չի մնացել, իսկ ուրվական քաղաքում բնակություն հաստատած հայերի կյանքն էլ ավերակի է վերածվել:

Ստեփանակերտից (Խանքենդի) տաքսիով ճանապարհ դուրս եկանք: Բնականաբար, լեռնային տեղանքով անցնելուց հետո, որոշ ժամանակ անց տեսանք ավերակ դարձած տներ. Շուշին էր: Տաքսիից իջանք մի կիսախարխուլ շինության մոտ, որը քաղաքապետարանն էր: Այդ պահին շենքից դուրս եկավ Սանասար Սարյանը:

Սարյանը զբաղվում է փախստականների հարցերով («ԼՂՀ փախստականների կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ): Քաղաքում շրջելիս` պատմեց իր պատմությունը. «Բաքվեցի եմ: Շատ լավ կյանք եմ ապրել: 1980թ. Ռուսաստանում նախ զինվորական ծառայության գնացի, իսկ հետո համալսարան ընդունվեցի: Ինժեներ էի դառնալու, սակայն դեռ չէի ավարտել ուսումս, սկսվեցին Սումգայիթի ջարդերը: 1988թ., երբ տուն էի վերադառնում, Բաքվի օդանավակայանում ազերիները հայերին տեսնելիս մեջքով էին շրջվում: Զգում էի, որ ինչ-որ բան է տեղի ունենալու և ընտանիքիս ասացի, որ անմիջապես լքեն Ադրբեջանը: Ամեն ինչ թողնելով` Ղարաբաղ եկանք: Բայց մի՞թե մեկ են Բաքուն ու Ղարաբաղը: Այստեղ ավելի շատ գյուղատնտեսական շրջան է, իսկ մենք քաղաքացի էինք»:

Ազերիներն էլ են ցավեր տեսել

Սարյանը, ասելով, թե «առաջին ալիքի ժամանակ այստեղ եկածները տեղավորվեցին տներում: Մենք Ստեփանակերտում մեկ հարկաբաժինը երկու-երեք ընտանիքով կարող էինք կիսել», իր խոսքն այսպես շարունակեց. «Մի կարծեք, որ ազերիներին ատում եմ: Դա այդպես չէ: Նրանք էլ նույն ցավերն են տեսել: Ես բարկացած եմ ոչ թե ազերիների, այլ Բաքվի քաղաքականության, Հեյդար Ալիևի վրա»:

Սարյանին լսելիս` սխալ տպավորություն է ստեղծվում, թե ոչ մի ազերի չի մահացել, հայերն էլ ոչ ոքի վնաս չեն տվել: Սակայն քաղաքում տիրող իրավիճակը հակառակն է ապացուցում: Քաղաքի բնակչության 70%-ից ավելին ազերիներ էին, որոնք այսօր չկան: Մեծամասնությունը կամ սպանվել է, կամ փախել: Սարյանը դրան միակողմանիորեն այսպես է անվանում. «հայերն ինքնապաշտպանության են դիմել: Քաղաքը վերցրել են` ողջ մնալու համար»:

Քաղաքի բնակչության կեսից ավելին փախստական է: Իսկ փախստականներն էլ երկու մասին են բաժանվում` Ղարաբաղի ներսից և դրսից եկածներ: Շուշիի փախստականների մեծ մասը Ղարաբաղից է: Սարյանը մեզ առաջարկեց հյուրընկալվել մի տանը: Այդ տունն ամբողջությամբ խարխուլ վիճակում էր: Տան բակում հավեր և շներ կային: Մահվան մեջ կյանք էին ստեղծել… Ցավերի մեջ, թեկուզ կիսով չափ, երջանակություն…

Պատերազմը խլեց որդուս և ամուսնուս

Այդ տունը պատկանում էր Ֆլորա Համբարձումյանին: Նրա ընտանիքը 1988թ., երբ Ֆիզուլիում իրենց տունն այրվել էր, անմիջապես Ստեփանակերտ էին եկել: Իմանալով, որ մենք թուրք ենք, դեմքն այլայլվեց: Աչքերիս մեջ նայեց ու ասաց. «Իմ տուն եկած և ինձ ժպտացող աչքերից վտանգ չեմ զգում», և իր պատմությունը սկսեց. «Մենք Ստեփանակերտ փախած մյուս ընտանիքների հետ ընդհանուր տներում տեղավորվեցինք: 1992թ. մեզ Շուշիում այս տունը տվեցին: Երկու որդի ունեի: Մեկն ուսանող էր: Երբ սկսվեցին բախումները, մեկնեց ռազմաճակատ: Ամիսներով լուր չունեինք: Հետո իմացանք, որ զոհվել է Մարտակերտում: Դա լսելով` ամուսինս սրտի կաթված ստացավ: Նրան էլ կորցրեցի: Այդ պատերազմի ժամանակ կորցրեցի իմ 30-ամյա օջախ, որդուս, ամուսնուս, տունս, տեղս, ամեն բան կորցրեցի: Այստեղ մյուս որդուս և նրա ընտանիքի հետ նոր կյանք սկսեցինք: Սակայն մի՞թե մոռացվում է հինը»:

Իհարկե չի մոռացվում: Ֆլորա Համբարձումյանի աչքերը նվազագույնը դա էին ասում: Շրջեցինք տան մեջ: Հարսը սեղան էր պատրաստում: Տիկին Ֆլորան մեզ հյուրասիրեց տնական մեղրով, մուրաբայով, հացով և մածունով: Հրաժեշտ տալիս երկար և անկեղծ գրկախառնվեցինք:

Միակ ընտրությունը պատերազմելն է

Գեորգի Պետրոսյանը բռնազավթված Ղարաբաղում հայտնի է որպես «արտակարգ քաղաքական գործիչ»: Պետրոսյանի հետ հանդիպեցինք Ղարաբաղ հասնելուց անմիջապես հետո: Երբ այցագիր վերցնելու համար արտգործնախարարություն էինք գնացել, մեզ ասաց. «Եկեք վաղվան չսպասենք, հիմա էլ սկսենք հարցազրույցը»…

Հարց. – Դուք ասում եք, որ «այս հողերը մերն են և որպես ապացույց մատնանշում եք բազմադարյան հայկական եկեղեցիներն ու վանքերը»: Իսկ ազերիներն էլ ասում են, թե «ո´չ, այդ եկեղեցիներն ու վանքերը պատկանում են մեր նախնիներին` քրիստոնյա ալբանացիներին»…

Պատասխան. – Եթե այդ թեզը ճիշտ է, ապա ազերիներն ինձ պետք է բացատրեն, թե ինչպես է ստացվել, որ իսլամ են ընդունել: Այս հողերում իսլամը գոյություն ունի հազար տարի: Մի օր ասում են, թե «մեր նախնիները թուրք են», մի օր` «մեր նախնիներն ալբանացի են»: Ժամանակն է, որ արդեն մի որոշում կայացնեն: Եկեք մի պահ պատկերացնենք, թե նրանք քրիստոնյա ալբանացիների թոռներն են: Ասում են, թե իրենց թագավորության ամենագլխավոր սրբատեղիներից մեկը` Գանձասարի վանքը, գտնվում է այդ թագավորությունից դեպի հյուսիս` ավելի ընդարձակ մի աշխարհագրության մեջ: Այդ դեպքում մեր հարևան ազերիները թող Ռուսաստանից էլ հող պահանջեն: Եթե նկատեցիք, ես ասում եմ «մեր հարևանները»: Մենք երբեք «թշնամի» չենք ասում:

Հ. – Թուրքիայի և Հայաստանի միջև տեղի ունեցող մերձեցման գործընթացում հաճախ գործածվում է «ղարաբաղյան կարգավորում» արտահայտությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ կարգավորումը:

Պ. – Այստեղ պատերազմ է տեղի ունեցել: Դա չենք կարող ժխտել: Այսօրվա իրավիճակն այդ պատերազմի արդյունքն է: Եթե փոփոխություն է լինելու, նախ մեզ պետք է հարցնեն: Իմ հարցը փորձում են առանց ինձ լուծել: Առայժմ մեզ որևէ բան  չեն հարցրել:

Հ. – Իսկ հույս ունե՞ք, որ կհարցնեն:

Պ. – Միանշանակորեն, այո´: Եթե չհարցնեն, քանի որ չենք կարող լքել այս հողերն ու փախչել, մեր միակ ընտրությունը կլինի պատերազմելը:

Հ. – Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը` հանուն իր շահերի, ձեր անունից խոստումներ տա:

Պ. – Չեմ ուզում ասել, թե մենք դժվար նպատակ ենք, սակայն մարդ իր երեխային կվաճառի՞:

Հ. – Եթե վաճառի, Հայաստանից անկախ Ղարաբաղը բանակ ունի՞:

Պ. – Բնականաբար ունի: Սակայն մենք հայկական բանակի հետ շատ սերտորեն համագործակցում ենք: Նույնիսկ Ղարաբաղի բանակը Հայաստանի բանակից շուտ է ստեղծվել: Բացի այդ, պատկերացում մի կազմեք Ղարաբաղի մասին միայն այստեղի իրողություններով: Սփյուռքում շատ զորեղ մարդիկ կան: Աշխարհի չորս կողմում ապրում են Ղարաբաղի հայեր, ովքեր ի զորու են ազդելու համաշխարհային քաղաքականության վրա:

Մշակութային կենտրոն էր, գյուղ դարձավ

Շուշին, կամ ինչպես նրան ազերիներն են ասում` Շուշան, մինչև բախումների սկսվելը Ղարաբաղի ամենամեծ քաղաքն էր: 1800-ական թվականներին անցել է ռուսների ձեռքը և այդ ժամանակից ի վեր ադրբեջանական մշակույթի ծաղկող կենտրոններից մեկն էր: Նախքան բախումները, քաղաքի բնակչության 70%-ից ավելին ազերիներ էին: Իսկ այսօր մեկ ազերի անգամ չկա: Քաղաքը հայերի և վրացիների համար էլ կարևոր կենտրոն է եղել: 18-րդ դարում քաղաքում գոյություն ուներ հայկական իշխանություն: Ասում են, որ այստեղ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր իշխանություններ են տիրել: Շուշիում (Շուշա) այսօր կա մեկ հյուրանոց, գրեթե ուրվական քաղաք է…

Ղարաբաղի ազերի հարսները (Հոդված – 4)

Ավերակ դարձած քաղաքի տխուր պատմությունները (Հոդված – 3)