Հայտնի թուրք պատմաբան, Կլարկ համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների «Սթրասլեր» կենտրոնի տնօրեն Թաներ Աքչամը խոսել է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների մասին: Հարզացրույցը տպագրվել է «Ակոս» շաբաթաթերթում:

Հարց. – Հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների շնորհիվ առաջ եկավ «դրական հոգեբանական մթնոլորտ»: Սրանից բացի ի՞նչ շոշափելի քայլերի մասին կարելի է խոսել:

Պատասխան. – Ներկայումս որևէ շոշափելի քայլ չի իրականացվել, սակայն, կարևորը դա չէ. գործընթացը դեռ նոր է սկսվել: Իմ մտավախությունն այն է, որ եթե առաջընթաց չգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հավանաբար ոչ մի շոշափելի քայլ էլ չի իրականացվի: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, և դրա հեղինակը Թուրքիան է: Եթե կարդաք արձանագրությունները, կտեսնեք, որ հարաբերությունների հաստատման համար որևէ նախապայման առաջ չի քաշվում: Սակայն, անկասկած, որպես նախապայման կարող եք հասկանալ այն կետերը, որոնց համաձայն Հայաստանը պարտավորվում է ճանաչել երկու երկրների միջև սահմանները, հավանություն տալ մի շարք հանձնաժողովների թվում պատմական հանձնաժողովի ստեղծմանը:

Այդ արձանագրություններում որևէ դրույթ գոյություն չունի, որը ղարաբաղյան հիմնախնդիրը կապի կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման հետ: Բայց Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ առանց ղարաբաղյան հարցի կարգավորման սահմանները չեն բացվելու: Այսինքն` ներկա փուլում Թուրքիան բացահայտորեն հայտարարում է, թե ոտնատակ է տալու ստորագրված արձանագրությունները: Եթե առաջընթաց չգրանցվի ղարաբաղյան հիմնախնդրում, չեմ կարող ասել, թե Թուրքիան ինչպես է դուրս գալու այդ դժվարին վիճակից: Եթե Թուրքիան օր առաջ իրեն չազատի ադրբեջանական գերությունից, շատ հավանական է, որ սկանդալ տեղի ունենա: Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես մի պետություն կարող է այս աստիճան իրեն կախման մեջ գցել մեկ այլ պետությունից, նման ձևով կապել իր ձեռքերն ու ոտքերը:

Հ. – Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ գնահատական կտաք այս զարգացումներին: Ի՞նչ նշանակություն ունեն արձանագրությունները Թուրքիայի համար:

Պ. – Եթե ենթադրենք, որ Թուրքիան հավատարիմ է մնալու արձանագրությունների բառին և ոգուն ու բացելու է սահմանները, ապա 2009թ. հոկտեմբերի 10-ը պետք է ընդունել որպես բեկումնային: Այդ ամսաթվով հայ-թուրքական հարաբերություններում ազդարարվեց նոր ժամանակաշրջանի սկիզբ: Ես կցանկանայի դրան տալ «հետհաշվարկի ժամանակաշրջան» որակումը: Չգիտեմ` որտեղ և երբ կավարտվի հետհաշվարկը, բայց մեկ բան հստակ է` արձանագրությունների ստորագրմամբ տրվեց Թուրքիայի` 1915-ի հարցում որոշ կետեր ընդունելու հետհաշվարկի մեկնարկը: Եթե Գորբաչովը վերջ դրեց ԽՍՀՄ-ին գլաստնոստի (հրապարակայնություն)  և պերեստրոյկայի (վերակառուցում) քաղաքականությամբ, այդ արձանագրություններն էլ վերջ են դրել և վերջ են դնելու  1915-ի հարցում Թուրքիայի Հանրապետության որդեգրած ժխտողական քաղաքականությանը:

Երբ դեռ ոչինչ չկա և երբ հատկապես հայկական շրջանակներում կասկած և անհանգստություն է տիրում, իմ այս խոսքերը կարող են ապշեցուցիչ թվալ, սակայն կրկնեմ` ավարտվել է Յուսուֆ Հալաչօղլուի, Գյունդուզ Աքթանի, Շյուքրյու Էլեքդաղի ժամանակաշրջանը, քանի որ իր ավարտին է մոտենում 90-ամյա ժխտման քաղաքականությունը: Արձանագրություններով ստորագրվեց այդ քաղաքականության փլուզումը: Խնդիրը շատ պարզ է. եթե Թուրքիան նպատակ ունի շարունակել իր նախկին գործելաոճը, ապա որևէ բան անելու իմաստ չկա, և կարող եք հենց հիմա աղբարկղը նետել արձանագրությունները:

Հետագա գործընթացը պտտվելու է ինչը և ինչքան ընդունելու հարցի շուրջ: Մեր առջև կա հետևյալ ընտրությունը, որին ես տալիս եմ «գերմանա-ճապոնական ճոճանիվ» բնութագրումը: Ճապոնիայի օրինակը հավասարազոր է ընթացքում մի կես բերան «ներողամիտ եղեք» ասելու վարքագծին: Թուրքիան կարող է ընդունել հայ քաղաքացիների դեմ գործած վատ արարքները և ներողություն խնդրել, ինչպես որ Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտի տարիներին իր գործած հանցանքների համար համապատասխան կեցվածք ընդունեց: Սակայն այդ ներողությունն օգուտ չի բերի ո՛չ Թուրքիայի ժողովրդավարացմանը, ո՛չ էլ անցյալի ցավերի հաղթահարմանը: Նույնիսկ կարող եմ ասել, որ նման վարքագիծը հայերի համար կարող է հավասարազոր լինել «անհեթեթության»:

Կամ Թուրքիան պետք է հետևի նացիստական հանցագործությունների հարցում Գերմանիայի որդեգրած ուղուն, ընդունի, որ 1915 թվին ցեղասպանություն է տեղի ունեցել, հաշվի նստի պատմության հետ, ինչը կարևոր տարր կդառնա Թուրքիայի ժողովրդավարացման և անցյալում դառնություններ տեսած մարդկանց ցավերի հաղթահարման համար, կբացի տարբեր` սոցիալական, մշակութային և նյութական փոխհատուցումների դուռը, ինչպես նաև կնպաստի, որպեսզի այդ գործընթացում ներառվեն 1915 թվի եղեռնի մեջ դերակատարություն ունեցած և դրա մասին տեղյակ Եվրոպայի և Ռուսաստանի պես գերտերություններ: Իսկ հիմա ասել, թե այդ երկու կետերից որին ենք նախապատվություն տալու, դժվար է: Արդեն պատմության հետ հաշվի նստելը դարձել է քաղաքականության և միջազգային դիվանագիտության ուղղակի հարց:

Հ. – Ի՞նչ նշանակություն ունեն արձանագրությունները հայերի համար: Թուրքիան իրականում պատրաստվո՞ւմ է փոխել իր անցյալի ուղեգիծը:

Պ. – Սահմանների բացումը Հայաստանի համար ունի տնտեսական, սոցիալական և քաղաքական նշանակություն: Հայաստանը կազատվի շրջափակման զգացումից և ավելի կմոտենա Արևմուտքին: Իսկ այս ամենի արդյունքը կարող է լինել նաև այն, որ կթուլանա Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա: Բացի այդ, երկու երկրների քաղաքացիների միջև կզարգանան ուղղակի հարաբերություններ և ճանապարհ կհարթվի պատմության հետ կապված խնդիրների լուծման համար: Դրան էր հավատում Հրանտը:

Ճիշտ է` պատմության հետ կապված խնդրի առնչությամբ ներկայումս հայկական շրջանակներում նկատվում է անվստահություն: Ցանկանում են տեսնել, թե Թուրքիան այդ հարցում որքանով է լուրջ և վստահելի: Ցավոք, արձանագրությունների ստորագրման ընթացքում Թուրքիան չներշնչեց այդ վստահությունը և նախկինը կրկնելու տպավորություն գործող որոշ ազդանշաններ է անում: Ներկա պահին ամենագլխավոր հարցը վստահությունն է:

Սակայն անվստահության հիմնական աղբյուրը միայն Թուրքիայի` անցյալում ի ցույց դրած գործելաոճերը չեն: Թուրքիայի` արձանագրություններին հակասող գործելաոճն էլ ավելի է ամրապնդում անցյալում եղած անվստահության դիրքերը:

Ինչ վերաբերում է արձանագրությունների և Թուրքիայի գործելաոճի միջև առկա հակասությանը, երբ Թուրքիան առաջարկում էր ստեղծել «պատմաբանների հանձնաժողով», իրականում հիմք էր ընդունվում մի վարկած և փորձ արվում այդ առնչությամբ համոզել երրորդ կողմերին: Իրականում դա համոզիչ փաստարկ է: Թուրքիան ասում է` «թող ստեղծվի մի հանձնաժողով, ուսումնասիրի պատմական փաստաթղթերը և դրա հիման վրա մեզ խորհուրդներ տա, մենք էլ կշարժվենք դրանց համաձայն»: Այսինքն` Թուրքիան հայտարարում է, որ իր գործելաոճը կախված է լինելու հանձնաժողովի խորհուրդներից: Այս թեզն արտաքինից ունի հետևյալ տեսքը. «Մենք կընդունենք այն ամենը, ինչ կասի ձևավորվելիք հանձնաժողովը»: Սակայն Թուրքիայի արդի քաղաքականությունն ու գործելաոճը բոլորովին այլ բանի մասին են վկայում…

Դեռ որոշ պետական այրեր շարունակում են «90-ամյա ստի երգը»: Դեռ «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների» դեմ գործունեություն ծավալող կազմակերպություններ կան: Մի կողմից ասվում է` «թող հանձնաժողովը որոշում ընդունի», մյուս կողմից առկա է կառավարություն, որի բոլոր նախարարությունների համացանցային կայքէջերը լցված են «այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներով»: Մի կողմից ասվում է` «թող հարցի առնչությամբ որոշում կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները» մյուս կողմից առկա է մի իշխանություն, որն ունի Ազգային անվտանգության խորհրդին կից «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի կոորդինացիոն խորհուրդ»: Պետք է ընդունել, որ այս ամենը հավատ չի ներշնչում: Կարծում եմ, որ առանց այս հակասության հաղթահարման, Թուրքիան չի կարող լուրջ վստահություն ներշնչել:

Նախքան հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը` Թուրքիայի իշխանությունները պետք է որոշ քայլեր իրականացնեն` ապացուցելու համար, որ իրենք հակված չեն անցյալը կրկնելուն: Օրինակ` կարելի է ցրել Ազգային անվտանգության խորհրդին կից հանձնաժողովը, վերջ դնել «ցեղասպանություն» արտահայտությունը կիրառողների դեմ ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդումներին, Զինված ուժերի գլխավոր շտաբի և նախարարությունների կայքէջերից հանել «ցեղասպանության անհիմն պնդումների» հետ կապված էջերը, և նման տասնյակ քայլեր…

Հ. – Անցյալում Ձեր բողոքի ձայնն եք բարձրացրել «սփյուռքին» որպես «վատի» համարժեք ներկայացնողների դեմ: Այս ընթացքում մամուլը բավականին բացասական ձևով անդրադարձավ սփյուռքի արձագանքներին: Ի՞նչ գնահատական կտաք մամուլի վարքագծին և ի՞նչ կասեք սփյուռքի մասին:

Պ. – Ցավով պետք է խոսեմ մամուլի` այդ հարցում որդեգրած գործելաոճի մասին: Զուգահեռներ անցկացվեցին սփյուռքի և «Ազգայնական շարժում» կուսակցության միջև, ինչով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերվեց հայության նկատմամբ: Մամուլը պետք է իմանա, որ այդ հարցում իրեն պահել է շատ անվայել: Սակայն սփյուռքին որպես թշնամի դիտող և օտարող այդ գործելաոճը միայն մամուլով չի սահմանափակվում, նման միտումները գերիշխում են նաև ձախ և լիբերալ շրջանակներում: Այդ գործելաոճը, որի արմատները շատ խորն են, կարելի է բնութագրել որպես սանձարձակ և անհարգալից մի վարքագիծ` ուղղված հայի դեմ` թերագնահատելով, նվաստացնելով և ատելով ամեն հայկականը: Այս ամենի վրա իշխում է բացարձակ խավարամտությունը: Դա անպատկառություն է, երբ ինչ-որ մեկը, ով իրեն զորեղ է զգում և հավատում, որ հաղթանակել է, հանդես է գալիս թույլի և անճարի, պարտվածի զգացումով` ապրողի դեմ: Գիտեմ` ասածներս շատ ծանր են: Չեմ ուզում ընդհանրացնել ողջ մամուլն ու մտավորականներին, սակայն պետք է խոստովանենք, որ առկա է նման հզոր միտում:

Օրինակ` «Արմինիան Ուիքլի»-ն Բոստոնում լույս տեսնող շաբաթաթերթ է, սակայն դրա համացանցային տարբերակը թարմացվում է ամեն օր: Դաշնակցական շրջանակներին պատկանող այս թերթում պարբերաբար կողմ և դեմ կարծիքներով հոդվածներ են հրապարակվում արձանագրությունների առնչությամբ, լուրջ վերլուծություններ են արվում, քննարկումներ տեղի ունենում: Քանի որ թերթը լույս է տեսնում անգլերեն, ոչ ոք չի կարող թաքնվել «հայերեն չգիտենք» պատճառաբանության ետևում, հանգիստ կարող են հետևել թերթի հրապարակումներին: Թերթում լույս են տեսնում նաև մեր մտավորականներից Այշե Գյունայսուի, Էրեն Քեսքինի հոդվածները: Բացի այդ, թերթն իր հնարավորությունների սահմաններում ընթերցողներին է ներկայացնում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները: Էլ չեմ խոսում հայաստանյան իշխանություններին ավելի մոտ կանգնած մյուս թերթերի և ամսագրերի մասին: Հիմա կարո՞ղ եք ասել, թե մեր մտավորականներից, մամուլի ներկայացուցիչներից քանիսն են նայում այդ թերթերը, հետևում քննարկումներին և դրանց հիման վրա վերլուծություններ անում:

Կա ձևավորված այնպիսի մի մթնոլորտ, թե մենք հայկական սփյուռքին հայերից ավելի լավ ենք ճանաչում: Չեն ամաչում և դատողություններ են անում ու դատավճիռ կայացնում առանց ուսումնասիրելու, թե ինչպիսի քննարկումներ ու զարգացումներ են տեղի ունենում այնտեղ: Սա «քիթը վեր տնկած» ապրելու պես մի բան է: Չգիտեմ` ինչպես կոչեմ մեր մամուլի և մտավորականների վարքագիծը, եթե ոչ «ծայրահեղ սանձարձակություն»:

Հ. – Մի՞թե որևէ տարբերություն չկա Հայաստանի և սփյուռքի միջև: Մի՞թե սփյուռքն ավելի շատ որպես միատարր դաշինք չի գործում:

Պ. – Կրկնեմ նախկինում արտահայտած իմ տեսակետը` 1915-ի առնչությամբ  գործելաոճի հարցում Հայաստանին և հայկական սփյուռքին ճիշտ չէ բնութագրել որպես առանձին եզրեր: 1915-ի հարցում տարբեր վարքագծերի պատճառով սփյուռքի և Հայաստանի միջև բաժանարար գիծ գծելը սխալ է: Այդ տարանջատման միջոցով շահ հետապնդող քաղաքական գործելաոճը հաջողություն չի ունենա: Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ իմ տեսակետը ճիշտ է: Ե՛վ սփյուռքում, և՛ Հայաստանում, բողոքի ակցիաներ տեղի ունեցան ընդդեմ արձանագրությունների: Երկու կողմերում էլ կան արձանագրություններին դեմ դուրս եկող և դրանց աջակցող հատվածներ: Այսինքն` ո´չ Հայաստանը, ո´չ էլ սփյուռքը, միատարր դաշինքներ չեն: Սփյուռքի բողոքի ակցիաները, քանի որ տեղի էին ունենում զարգացած երկրների կենտրոններում, արևմտյան ԶԼՄ-ների աչքի առջև, ավելի շատ ուշադրություն գրավեցին: Օրինակ` Երևանում 60 հազար մարդու մասնակցությամբ տեղի ունեցած ակցիային ոչ ոք շատ ուշադրություն չդարձրեց: Սփյուռքի ցույցերն ավելի ակտիվ էին թվում նաև հետևյալ երկու կարևոր պատճառով` նախ դաշնակցականները սփյուռքում ավելի կազմակերպված են և ավելի լայն զանգվածային հենարան ունեն, երկրորդ` այդ ցույցերը բարձրաձայնում էին մի անհանգստության մասին, որն առկա է նաև արձանագրություններին աջակցող շրջանակներում:

Որևէ հասարակական կարծիքի հետազոտություն չի արվել, եթե նույնիսկ արվել է, ես դրա մասին չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ ԱՄՆ-ի սփյուռքում մեծամասնությունն աջակցում է արձանագրություններին: Սակայն ուզում եմ ավելացնել, որ մարդկանց, ինչպես նաև արձանագրություններին աջակցողների մոտ առկա է կասկածի և անհանգստության մթնոլորտ: Ցույցերի մասնակիցները հիմնականում բարձրաձայնում էին այդ անհանգստությունների մասին, և այդ պատճառով արձանագրություններին աջակցողները ոչ թե հատուկ հակազդեցությամբ, այլ ըմբռնումով էին մոտենում այդ ամենին:

Հ. – Որո՞նք են այդ կասկածներն ու անհանգստությունները: Ինչո՞ւ են բողոքում:

Պ. – Միացյալ Նահանգներում հայկական սփյուռքի բողոքներն ունեն հետևյալ երեք պատճառները` զիջումներ Ղարաբաղում, Թուրքիա-Հայաստան սահմանի ճանաչում, պատմաբանների հանձնաժողով… Եվ հիմնականում երրորդ պատճառն է, որ ԱՄՆ-ում ապահովում է բողոքի ակցիաներին զանգվածային մասնակցություն: Եվ դարձյալ թուրքական մամուլը չկարևորեց այն, որ Հայաստանի նախագահը սփյուռքում` հանդիպումների ժամանակ, պատմաբանների հանձնաժողովի հարցում երաշխիքներ էր տվել, և գրավոր ու բանավոր հայտարարություններ էին արվել այն մասին, որ 1915-ի ցեղասպանության փաստի ուսումնասիրության հարցով հանձնաժողով չի ստեղծվելու, որ անգամ ստեղծվելիք հանձնաժողովը «պատմաբանների հանձնաժողով» չի լինելու:

Կարճ ասած` խոսել տեղի ունեցող իրադարձությունների, արձանագրությունների դեմ բողոքների մասին, չտեսնելով «արդարության» ամենազորեղ զարկերակը, ճիշտ չէ: Իսկ «արդարության որոնման» համար այդ ցույցերի պատճառով սփյուռքին նմանեցնել «Ազգայնական շարժում» կուսակցությանը, իրականում անհարգալից վերաբերմունքի և անդաստիարակության նշան է: Այստեղ մեր մամուլին և մտավորականներին իմ համեստ խուրհուրդը տամ` հարցի առնչությամբ մի բան գրելուց առաջ գոնե «Արմինիան Ուիքլի», «Արմինիան Րիփորթըր» և «Արմինիան Միրըր Սփեքթաթոր»-ի պես պարբերականները թող նայեն:

Հ. – Ավելի վաղ գրել էիք, որ «այս ճանապարհն անցնելու համար շատ կարևոր և հատուկ տեղ ունեն «Էրգենեքոն»-ի դատավարությունն ու ձերբակալությունները»: Ինչո՞ւ:

Պ. – Այստեղ շատ կարևոր է հասկանալ մեր մամուլին և մտավորականներին, գերիշխող սփյուռքին որպես թշնամի դիտելու լեզուն և գործելաոճը: Եթե ուշադրությամբ կարդաք «Էրգենեքոն»-ի մեղադրական եզրակացությունները, կտեսնեք, որ կազմակերպության գաղափարա-քաղաքական առանցքը հայկական թշնամանքի հիման վրա է ձևավորվել: Հասարակական կարծիքի ձևավորման և զանգվածային մասնակցություն ապահովելու համար քաղաքական միջոցառումների մեծամասնությունը հիմնված է ընդդեմ 1915-ի ցեղասպանության և հայկական թշնամանքի գաղափարի վրա:

Ռաուֆ Դենքթաշների գլխավորած Թալեաթ փաշայի կոմիտեները, որոնց մեջ տեղ են զբաղեցնում մեծ թվով քաղաքական գործիչներ և մտավորականներ, Թուրքիայում և Եվրոպայի մայրաքաղաքներում կազմակերպվող քայլարշավները, Բողազլըյանի քայմաքամ Քեմալի հիշատակի ոգեկոչման միջոցառումները, Ստամբուլում հայկական գիտաժողովը վիժեցնելու փորձերը, Հրանտ Դինքի և մյուս մտավորականների դեմ ուղղված արշավները, քրիստոնյաների դեմ ուղղված քաղաքական հանցագործությունները, ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդումները… Այս ամենն օրակարգ էր բերվել «Էրգենեքոնի» կողմից: Միացյալ Նահանգներում իմ դեմ ուղղված արշավները, որոնք տարիներով շարունակվում էին, ուղղակիորեն կազմակերպվում էին Ստամբուլից` «Էրգենեքոնի» անդամների կողմից: Ինչպես որ նացիստները հրեական թշնամանքի առանցքի վրա ստեղծեցին քաղաքական կառույց, այնպես էլ «Էրգենեքոնը» հակահայկական առանցք ունեցող քաղաքական կազմակերպություն է: Լուրջ մտածելու տեղիք է տալիս այն, որ «Էրգենեքոնը» իր քաղաքական և գաղափարական գործունեությունների գլխավոր առանցք է ընտրել 1915-ի ցեղասպանությունը և հայկական թշնամանքը:

Ստացվում է` կազմակերպությունը գիտի, որ հասարակության մեջ առկա է հզոր մի զարկերակ: Ակնկալում է 1915-ի ցեղասպանության ժխտման և հայկական թշնամանքի միջոցով հասարակությունից աջակցություն ստանալ, ճիշտ այնպես, ինչպես հրեական թշնամանքի առանցքի վրա գերմանական հասարակության մեջ աջակցություն գտան նացիստները… Մենք հանգիստ կարող ենք պնդել, որ այն զարկերակը, որ բացել է «Էրգենեքոնը» և խաղում է դրա վրա, շատ նուրբ մազանոթներով պատել է մեր ողջ մարմինը: Մեր մամուլին և մտավորականությանը պատած սփյուռքի նկատմամբ թշնամանքը, առօրյա կյանքում գործածվող հակահայկական արտահայտություններն այդ մազանոթներից են:

Բացի այդ, Թուրքիան այսօր գտնվում է ավտորիտարից ժողովրդավարական պետության վերածվելու գործընթացում: Այդ գործընթացում կարևոր է հասկանալ, որ ավտորիտար ավանդույթը ձևավորվել է 1915-ի ցեղասպանության ժխտմամբ և հայկական թշնամանքով: Դա մեզ ևս մեկ իրողություն է հիշեցնում. Թուրքիայում ավտորիտար քաղաքական կառույցի ձևավորման և 1915-ի ցեղասպանության ժխտման ու հայկական թշնամանքի միջև զորեղ կապ գոյություն ունի: Այդ կապը մեզ հիշեցնում է թուրքական ազգային ինքնության ձևավորման և ցեղասպանության ու հայկական թշնամանքի միջև ուժեղ կապի մասին: Ես կարծում եմ, որ մեր մամուլին և մտավորականներին գերիշխող գործելաոճն այդ կապի հետ անմիջական առնչություն ունի: Այստեղ մենք կարող ենք կիրառել Հրանտի` հիմնականում հայերի համար գործածած «արյան մեջ առկա թույնի» համեմատությունը: Ցեղասպանությունն ու հայկական թշնամանքը թուրքական ազգային ինքնության արյան մեջ թունավոր մասնիկներ են, և հայերի հետ ամեն հանդիպումով ապրելու ենք այդ թույնից ձերբազատման և ինքնամաքրման գործընթաց: Անմիջական կապ գոյություն ունի թուրքական ինքնության ժողովրդավարացման և հակահայկականության վերացման միջև:

Հ. – Եթե ազգային ինքնության և հայկական թշնամանքի միջև նման ուժեղ կապ գոյություն ունի, այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիան հանդես գալիս այս նախաձեռնություններով:

Պ. – Թուրքիան այնպիսի մի գործընթացում է գտնվում, որ հատուկ է անցումային փուլում գտնվող յուրաքանչյուր հասարակության: Խոսքը տոտալիտար կամ ավտորիտար հասարակությունից ժողովրդավարական հասարակության անցնելու գործընթացի մասին է: Լատինական Ամերիկայում, Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում, տասնյակ երկրներում նման գործընթացներ են տեղի ունենում: Եվ քանի որ հարցը ոչ միայն պետության, այլև հասարակության ժողովրդավարացման մասին է, գործընթացը շատ ծանր և ցավոտ է լինելու:

Գոյություն ունի հետևյալ ընդհանուր կանոնը` հասարակության և պետության համակարգերում ժողովրդավարությանն անցնելու և իշխող վերնախավի փոփոխության միջև անմիջական կապ կա: Եթե նոր վարչակարգը, հաշտվելով նախկին վարչակարգի ներկայացուցիչների հետ, ժողովրդավարության է գնում, նախաձեռնությունն ավելի սահմանափակ կլինի: Իսկ եթե նախկին վարչակարգի ներկայացուցիչները կարողանան խորհուրդներ տալ իշխող էլիտային, հնարավոր կլինի կառուցել ավելի ժողովրդավարական պետություն, ինչպես նաև հասարակարգում անցյալի հետ ավելի բացահայտորեն հաշվի նստել: Այսինքն` ժողովրդի լեզվով ասած` «Ինչքան հացն է, այդքան էլ քյուֆթան»…

Թուրքիան պատկանում է այն երկրների շարքին, որտեղ անցումը տեղի է ունենում` հիմնականում նախկին վարչակարգի հետ հաշտվելով: Նույնիսկ գլխավորում է այդ շարքը: Նախկին վարչակազմի և նրա ներկայացուցիչների նկատմամբ մեծ հետաքննություններ չեն սկսվում: Նախկին ռեժիմի հետ հաշտեցման ռազմավարությունը կարելի է տեսնել «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Գլխավոր շտաբի հարաբերություններում: Կարելի է ասել, որ «Էրգենեքոնի» և չբացահայտված հանցագործությունների առնչությամբ սկսված հետաքննություններն ու դատավարություններն արդյունքն են այդ հաշտեցման:

Հ. – Ի՞նչ կարծիքի եք այն մեկնաբանությունների մասին, թե պատմական հանձնաժողովի ձևավորմամբ ցեղասպանության հարցը կդառնա քննարկման առարկա, սահմանների ճանաչման դեպքում Հայաստանը կհրաժարվի տարածքային պահանջներից:

Պ. – Նախ կցանկանայի մի բան ասել` կապված տարածքային պահանջի հետ: 1999 թվականն էր, հրավիրված էի Լոս Անջելես: Առաջին անգամ էի այցելում Միացյալ Նահանգներ: Իմ կյանքի պատմության հիման վրա ցուցադրվելու էր «Լռության պատը» վերնագրով փաստագրական ֆիլմը, ես էլ հանդես էի գալու ելույթով: Ինձ հրավիրողները դաշնակցականներից բավական հեռու քաղաքական կողմնորոշում ունեցող մարդիկ էին: Ցանկանում էի ելույթիս ընթացքում հետևյալ բովանդակությամբ մի բան ասել. «1915-ը ոչ թե հողի և սահմանի հարց է, այլ մարդու իրավունքների հետ կապված քննարկում, պետք է ձևավորվի այնպիսի մի մոտեցում, որ առկա սահմանները հարցականի տակ չդրվեն և այդ հարցը փակված համարվի»: Իմ լավ բարեկամներից Հրաչը, որի հետ ավելի վաղ էի ծանոթացել, ասաց. «Թաներ, դա մի´ ասա: Հասկանում եմ, հիմնականում ճիշտ ես, սակայն, եթե դա ասես, մարդկանց երազանքները կփշրես: Հողային հարցը ոչ թե մի պարզ ազգայնականություն է, այլ հայ մարդուն անցյալի հետ կապող զգացմունքային կապ: «Այդ գործն ավարտված է» ասելով` ճանապարհ կբացվի զգացմունքային աղետի համար»: Սակայն ես ասացի այն, ինչ ուզում էի, որովհետև ուզում էի իմանան այն, ինչին ես հավատում եմ:

Այս օրինակով ուզում եմ բացատրել հետևյալը` տարածքային պահանջի հետ հայկական ինքնության կապը նրանց հիշեցնում է իրենց հայրենիքը, որտեղից բռնի կերպով քշվել են, այսինքն` զգացմունքային կողմ ունի: Քաղաքական և պրագմատիկ պատճառներով, անկասկած, կարելի է պնդել, որ այդ պահանջն անիմաստ է և սխալ,  սակայն պետք չէ հարցի այս կողմի մասին մոռանալ:

Դրանից բացի ուզում եմ կրկնել այն, որ պատմության հետ հաշվի նստելու և ցեղասպանության հարցերում սխալ է միմյանցից տարանջատել Հայաստանն ու սփյուռքը: Ո´չ Հայաստանը, ո´չ էլ սփյուռքը ցեղասպանության ճանաչման պահանջից չեն հրաժարվելու: Միայն թե տարբերությունն այն մոտեցումն է, թե ինչպես պետք է լինի այդ ճանաչումը: Այդ տարբերությունը ոչ թե մասնատում է Հայաստան-սփյուռք առանցքը, այլ դրանցից յուրաքանչյուրին մեջտեղից կիսում է: Հայաստան-սփյուռք առանցքի միտման ընդհանուր հայտարարն այն է, որ 1915-ին հանցանք է կատարվել, և պետք է այդ հանցանքի համար ներողություն խնդրեն: Կողմերից մեկը կարող է բավարարվել միայն նրանով, որ դա դիտվի որպես «մարդկության դեմ իրականացված հանցանք», մյուս կողմը կարող է պահանջել, որ այդ հանցանքը ստանա բացարձակապես «ցեղասպանություն» որակումը: Տարբերություն կարող է ի հայտ գալ նաև փոխհատուցման հարցում: Կողմերից մեկի համար կարող է բավարար լինել ներողություն խնդրելը, մյուսը կարող է առաջ քաշել փոխհատուցման չափի հարցում տարբեր տեսակետներ:

Ես ենթադրում եմ, որ հայաստանյան իշխանություններն այս գործընթացին մասնակից են դարձնում նաև սփյուռքին: Սփյուռքը հիմնականում ցեղասպանության արդյունք է և այդ պատճառով ցանկանում է ուղղակի կողմ հանդիսանալ ցեղասպանության հարցի քննարկման և դրա արդյունքների վերացման գործում: Գերմանիա-Իսրայել բանակցություններում 1950-ական թվականներին այդպես եղավ: Իսրայելը հրեական համայնքին ներառող մի մեխանիզմ մշակեց: Նման մի քայլ կարող է իրականացվել նաև Հայաստանի կողմից:

Որ կողմից էլ նայեք, արդեն «հետհաշվարկի» մեկնարկը տրված է, հարցով հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս Հայաստանին և սփյուռքին վերաբերվել որպես հավասարը հավասարին, նրանց նկատմամբ հարգանք ցուցաբերել և փորձել հասկանալ նրանց գործելաոճերը:

Հ. – Ասում եք, որ «ցեղասպանության ճանաչման պահանջն առաջ քաշելու մեջ որևէ «վատ» բան չկա: Դա շատ ժողովրդավարական պահանջ է»: Դա միայն մտքի ազատության շրջանակո՞ւմ է բնութագրվում:

Պ. – Ցեղասպանության ճանաչման պահանջը ճիշտ չէ ուսումնասիրել մտքի ազատության շրջանակում: Անկասկած մարդիկ նման պահանջներ առաջ քաշելու մեջ ազատ պետք է լինեն: Սակայն բանն այն է, որ դա անցյալում տեղի ունեցած սխալը շտկելու հարց է, ոչ թե «ազատության», այլ «արդարության» հարց է: Եթե մեկի նկատմամբ անօրինություն եք անում, դա անարդարություն է: Հիմա այդ մարդուն ասելով, թե «եղբայր, այդ անարդարության մասին ազատորեն խոսում ես, էլ ի՞նչ ես ուզում», հարցը չեք կարողանա լուծել: Հարցը հետևյալն է, թե դուք ի՞նչ եք առաջարկում անցյալում տեղի ունեցած անարդարության վերացման համար:

Անցումային փուլում գտնվող հասարակությունների հիմնական հարցերից մեկն էլ «անցումային շրջանի արդարության» գաղափարով արտահայտվելն է: Որո՞նք են ավտորիտար համակարգից ժողովրդավարական կառույցներին անցնող հասարակության մեջ անցյալի անիրավացիությունների հաղթահարման և վերացման համար օրակարգ բերվելիք «արդարության» սահմանները: Այդ հարցում երկու հիմնական մոտեցում կա: Առաջինը` «արդարություն, որ ենթադրում է պատիժ»: Այստեղ գլխավոր թիրախը գործող անձանց խումբն է: Այսինքն` ապօրինություններ գործած մարդկանց թիրախ դարձնել, բանտարկել, դատապարտել, ներկա պահին Թուրքիայում մեղադրյալ սպաների դատավարության պես… Երկրորդը` «կառուցողական արդարության» գաղափարն է: Այստեղ հիմնական թիրախը զոհերի խումբն է: Իսկությունը պարզելու և փոխհատուցման հանձնաժողովների ձևավորման պես տարբեր նախաձեռնություններով պետք է հանդես գալ, զոհերի վերքերն ամոքելու ուղղությամբ պետք է հանդես գալ տնտեսական, հոգեբանական, սոցիալական և բարոյական նախաձեռնություններով:

Այստեղ ուզում եմ ուշադրություն հրավիրել Թուրքիայում շատ հաճախ գործածվող թեզի վրա: Նշում են, թե «Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունը չէ: Այն հիմնադրվել է 1923թ., այդ պատճառով պատասխանատվություն չի կրում 1915-ի իրադարձությունների համար»: Նրանք, ովքեր հակված են այս մտքին, բացասաբար չեն վերաբերվում 1915-ի ընդունմանը: Ասում են. «Օսմանյան կայսրությունն է գործել, ներողամիտ եղեք և այդ գործը մեր վզին մի փաթաթեք»: Իմ կարծիքով, այս քննարկումը շատ անտեղի է և ավելորդ: Եվ մի կարծեք, որ ես ասում եմ, թե «մենք Օսմանյան կայսրության շարունակությունը չենք» միտքը սխալ է զուտ այն պատճառով, որ այսօր մեր պետության հիմնադրման յուրաքանչյուր տարեդարձ շնորհավորում ենք` սկսելով Օսմանյան կայսրությունից` առանց որևէ սահմանափակման:

Հարցը հետևյալն է. ենթադրենք, թե 1915-ին ցեղասպանություն չի եղել, հայերն էլ չեն սպանվել: Նույնիսկ օսմանյան իշխանությունները հայերին լեռնային և ցուրտ տարածքներից Ֆլորիդայի պես արևոտ և գեղեցիկ տեղեր են ուղարկել… Մոտ երկու միլիոն մարդ իր տունը, իրերը, դաշտերը, եկեղեցիները, աշխատավայրերը, բանկերում` գումարները, ամեն բան թողնելով է գնացել: Հավատալը դժվար է, բայց իրականությունը դա է, ուղարկել են` առանց թույլ տալու նույնիսկ իրենց պարտքերը հավաքել: Կառավարությունը չբավարարվեց օրենքներով և օրենսգրքերով հայերին պատկանող շարժական և անշարժ գույքն իր սեփականությունը դարձնելով: Հայերի ստանալիք պարտքերը որոշումներով իրեն վերագրեց և կարգադրեց նրանցից հավաքել մուրհակները:

Այժմ ողջ Թուրքիան, մենք, ապրում ենք այդ թալանի և գողոնի վրա: Մի՞թե հարցը փակված եք համարում, երբ ես դա անվանում եմ գողություն: Այդ մեծ թալանը, այդ մեծ անարդարությունն ինչպե՞ս է վերացվելու: Մի կողմ թողնենք սպանված, ոչնչացված մարդկանց, մի՞թե այսօր մենք հայերին պարտք չենք մի շարք բաներ:

Այդ պատճառով հարցը պետք է քննարկել ոչ թե որպես մտքի ազատություն, այլ` որպես անարդարության վերացում:

«Անմիջական կապ գոյություն ունի թուրքական ինքնության ժողովրդավարացման և հակահայկականության վերացման միջև»