Թող ներողամիտ լինի վարչապետը, սակայն մահմեդականը և՛ ցեղասպանություն կգործի, և՛ էթնիկական զտում: Կարող եք չկասկածել, որ կգործի նաև ռազմական հանցագործություններ: Օրինակ` ինչպես եղավ Սվազում, իրենից մի քիչ տարբեր հավատքի տեր մահմեդականներին կենդանի-կենդանի կայրի, ինչպես եղավ Քահրամանմարաշում, խուլ նրբանցքներում հետապնդելով կմասնատի, Ֆեներբահչե-Գալաթասարա ֆուտբոլային հանդիպման ժամանակ հակառակ կողմի երկրպագուներին կդանակահարի:

Կարճ ասած` մահմեդականն էլ է հանցանքներ գործում, մարդ սպանում: Հավանաբար վարչապետը, ընդգծելով մահմեդականների բարի լինելու հանգամանքը, ենթադրում է, թե նրանք չարագործություններ չեն կարող անել: Սակայն ցավալի է, որ մահմեդականը համարվում է աշխարհում ամենաշատ հանցանք գործողն ու մարդ սպանողը:

Վարչապետը, ներկայանալով որպես մահմեդական, ում համար խորթ է  չարագործությունը, փորձում է որպես այդպիսին ներկայացնել նաև մեկ այլ մահմեդական պետության ներկայացուցչի:

Կրոնական պատկանելությունն անմեղության երաշխիք չի կարող լինել: Եթե այդպես լիներ, «մեղք» գաղափարը չէր լինի: Եթե մտածենք, որ մահմեդականներն անմեղ են, ապա ինչի՞ համար է դժոխքը, ինչի՞ համար են մեղավորներին դժոխք նետող հրեշտակները:

Սակայն, ի վերջո, կյանքն ու պատմությունը ցույց են տվել, որ մահմեդականները մյուս կրոնների ներկայացուցիչների պես հանցագործություններ են իրականացրել: Չմոռանանք, որ սեպտեմբերի 11-ի ոճրագործությունն իրականացնողները ոչ միայն մահմեդական էին, այլև այդ քայլն արեցին հանուն մահմեդականության, ինչի հետևանքով հազարավոր անմեղ մարդիկ զոհվեցին:

Արդեն ժամանակն է, որպեսզի Թուրքիան ղեկավարողները, իշխանության ձգտողները ձերբազատվեն «մենք երեխաների դեմ հանցանք չենք գործում» ժողովրդահաճո արտահայտությունից: Վարչապետն էլ պետք է հրաժարվի աշխարհի մուսուլմանների անունից հանդես գալու սովորությունից. նման զգացմունքայնությունը վնասում է վստահությանը: Բացի այդ, պետք է հասկանա, որ հնարավոր չէ կես հայացքով նայել մի վայրի և որոշել` այնտեղ ցեղասպանություն եղել է, թե` ոչ:

Եթե ցեղասպանությունը դատարաններում հեշտորեն ապացուցվող հանցանք լիներ, ապա Հայաստանի հետ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու որևէ անհրաժեշտություն չէր լինի: Ինչպես կարող է մի երկրի վարչապետ  գնալ մի վայր, շուրջը նայել և որոշում կայացնել, թե այնտեղ ցեղասպանություն, մարդկության դեմ իրականացված հանցանք կամ ռազմական հանցագործություն եղել է, թե` ոչ:

Սակայն ցավալի է, որ ցեղասպանությունը և նման այլ ծանր հանցագործությունները հաստատող դեպքերը չեն բացահայտվում կարճաժամկետ պետական այցերի ընթացքում: Դրանց համար անհրաժեշտ են երկար հետազոտություններ, ականատեսների վկայություններ: Երբեմն շատ հաճելի, ընտանեկան մթնոլորտում, աղոթատեղիում մարդիկ կարողանում են իրականացնել ցեղասպանություն և նման հանցագործություններ:

Սրա հետ մեկտեղ` բացի վարչապետ Էրդողանի հայտարարությունից, թե Օմար ալ Բաշիրը, ում ինքն անձամբ է ճանաչում, հնարավոր չէ ցեղասպանություն գործած լինի, իրավական պետություն հանդիսացող Թուրքիան փորձում է անտեսել Միջազգային քրեական դատարանի կողմից կայացված` ալ Բաշիրին ձերբակալելու որոշումը:

Եթե Էրդողանը հավատում է ալ Բաշիրի անմեղությանը, թող գնա դատարան և  վկայություն տա հօգուտ նրա: Սակայն եթե ալ Բաշիրը Թուրքիա գա, չի կարող պաշտպանել նրան` հակառակվելով օրենքին: Եթե Թուրքիան չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի ստեղծման մասին համաձայնագիրը, դա չի նշանակում, որ նա պետք է անտեսի ձերբակալության մասին որոշումը:

Եվ եթե վարչապետը հավատում է, որ մահմեդականը ցեղասպանություն չի գործի, ինչո՞ւ չի վավերացնում Միջազգային քրեական դատարանի ստեղծման մասին համաձայնագիրը: Մի՞թե վախենում է, թե թուրքերը ռազմական հանցանք կամ մարդկության դեմ հանցագործություն կարող են իրականացնել:

Եթե ասենք, թե անցյալից է վախենում, դա էլ ճիշտ չի լինի: Որովհետև Միջազգային քրեական ատյանի վճիռը հետադարձ ուժ չունի: Եվ եթե հավատանք վարչապետի խոսքերին, պետք է, որ մահմեդական թուրքերն անցյալում նույնպես քրեորեն հետապնդելի հանցանքներ գործած չլինեն:

Մահմեդականը ցեղասպանություն կգործի՞