Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Էրբիլ կատարած պատմական այցից հետո քրդական հարցի լուծման անխուսափելի բաղադրիչ հանդիսացող իրաքյան Քրդստանի հետ հարաբերություններն արդեն անդառնալի կետի են հանգել: Առանց առողջ և պարարտ հող նախապատրաստելու` Դավութօղլուն Էրբիլ չէր գնա, իրաքյան Քրդստանի դրոշի առջև բարեկամական հայտարարություններ չէր անի, ինչպես նաև չէր ասի` «Էրբիլում ինձ զգում եմ ինչպես տանը»: Իրաքի քրդական վարչակազմի ազդեցիկ դեմքերից Նեչիրվան Բարզանին մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «վերադարձի» նախագիծը երկար ժամանակ մշակվում էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) հետ միասին: Եվ երբ փոփոխություն նկատվեց Թուրքիայի զինված ուժերի գործելաոճում, անգամ եթե դա զուտ խորհրդանշական բնույթ կրեր, այնուամենայնիվ, վերադարձը սկսվեց: Սակայն Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) և «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության` թուրք հանրության դյուրազգացությունն աչքաթող անելու արդյունքում, վերադարձի հոսքը մի պահ դադարեց: Սակայն, ինչ վերաբերում է Մահմուր ճամբարում մեր քաղաքացիներին, նրանք շարունակելու են վերադառնալ: Թուրքիայի գործը հեշտացնելու համար մոտ ապագայում իրաքյան Քրդստանի խորհրդարանը շատ հնարավոր է, որ իրաքյան քուրդ գրոհայինների, այդ թվում PKK-ականների վերադարձն ապահովելու համար, համաներման մի շարք օրինագծեր ընդունի: Բնականաբար, հեշտ գործ չէ PKK-ի զինաթափումը: Գոյություն ունի Ջեմիլ Բայըքի և Իրանի գործոնը: Ինչպես գրել էր մեր հոդվածագիրներից Լալե Քեմալը, PKK-ն շարունակում է Իրանում իր գոյությունը: Երբ Միացյալ Նահանգները, վերջին պահին սխալ ուղուց շրջվելով, դադարեցրեց հնարավոր աջակցությունը «Քրդստանի ազատ կյանք» կուսակցությանը (PJAK), Բայըքը PJAK-ի միջոցով անցավ Իրան: «Հաշտվեց» Իրանի հետ: Եթե Իրանը մի կողմից Թուրքիայի հետ համագործակցում է ընդդեմ PKK-ի, մյուս կողմից այդ հաղթաթուղթն իր ձեռքից չի ուզում բաց թողնել: Տարածաշրջանում սահող հողը, տատանվող հավասարակշռությունները նման հակասություններ են ստեղծում: Սակայն Թուրքիայի և իրաքյան քրդերի միջև կապերը երևում է առողջ տնտեսական հիմք ունեն: Դրա վառ ապացույցն է Դավութօղլուի հետ միասին մի խումբ գործարարների Իրաք մեկնելը: Ինչպես հայտարարեց գործարարներից մեկը, Թուրքիան Իրաքի հետ քրդերի  միջոցով է առևտուր անում:

Դավութօղլուի առաջ բերած ողջ խանդավառության հետ մեկտեղ` չենք կարող ասել, որ փոխադարձ կասկածները լիովին վերացել են: 1999թ., Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո, իրաքյան քրդերի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի պատճառով առաջացավ վստահության ճգնաժամ:

Երբ Բաղդադի իշխանությունների կողմից կանաչ լույս վառվի, Էրբիլում թուրքական հյուպատոսություն կբացվի: Այնտեղ ներկայացուցիչ ունենալու դեպքում Թուրքիայի հետ հարաբերություններն այլևս կիրականացվեն ոչ թե ինչպես նախկինում էր` զինվորների և MIT-ի միջոցով, այլ` քաղաքացիական իշխանության: Իսկ դա ավելի առողջ և մնայուն հարաբերություններ կստեղծի:

Հայաստանը խցանվում է

Երբ իրաքյան քրդերի հետ հարաբերություններում սառույցը հալչում է, ցավոք, Հայաստանի հետ հարաբերությունները դոփում են նույն տեղում: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ եթե անգամ Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում տեղ չի գտել ղարաբաղյան պայմանը, այնուամենայնիվ, այդ պայմանը որպես այդպիսին կա: Արդեն բոլորի համար պարզ է, որ խորհրդարանում հանգրվանած արձանագրությունները չեն վավերացվելու և կյանքի չեն կոչվելու, քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել բռնազավթված յոթ շրջանների գոնե մի հատվածից: Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների, Անկարան ակնկալում է, որ Հայաստանը «կօգտվի ընձեռված պատմական պատեհ առիթից»: Այսինքն` Հայաստանը դուրս գա այդ շրջաններից` առանց ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման, և դրա դիմաց որպես «մրցանակ» կստանա Թուրքիայի հետ հարաբերություններ և բաց սահմաններ: Նույն աղբյուրները հայտարարում են, թե անհրաժեշտ է, որպեսզի Երևանի վարչակազմն ուշքի գա, քանի որ Ադրբեջանն անընդհատ զինվում է, իսկ Հայաստանում շարունակվում է աղքատությունը, և արտագաղթի հետևանքով բնակչությունն աստիճանաբար նվազում է:
Մեր կարծիքով այդ տրամաբանությունը բավականին խնդրահարույց է:

1.    Հայաստանն այդ շրջանները գրավել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ` իր դիրքերն ուժեղացնելու համար: Եվ քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հիմնախնդիրը, այդ հաղթաթուղթն իր ձեռքից վայր չի դնի (դա կարող են անել միայն Ռուսաստանի հավանությամբ): Ղարաբաղյան հարցը Հայաստանի համար, ցեղասպանությունից զատ, մեկ այլ ազգային դատ է: Ղարաբաղը «ծախողը» կզրկվի գլխից:

2.    Ադրբեջանը, ում Թուրքիան վստահեցրել է, թե Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ վերջինս չի ազատել գրավված տարածքները, ինչո՞ւ պետք է ճկունություն ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության հարցում: Որոշ պնդումների համաձայն` դեռ ակտիվ զինվում է, ինչն էլ խոսում է նրա այլ ծրագրերի մասին:

3.    Բացառությամբ Ռուսաստանի` Հարավային Կովկասի համար  խաղաղության հաստատումն անիրականանալի երազանք է: Հավանաբար Վրաստանին վերջնականապես մեկուսացնելու համար Կրեմլին օգտակար կլինի հայ-թուրքական հաշտեցումը: Հայաստանի ենթակառուցվածքները վերահսկող Ռուսաստանը կշահի նաև առևտրի տեսանկյունից: Թուրքիայի և Հայաստանի տարածքներով ձգվող երկաթգիծը, էներգետիկ և ճանապարհային նախագծերը կարող են զարգացնել առևտուրը: Սակայն այս գործընթացում, հավանաբար, ավելի կարևոր հաղթաթուղթ ձեռք բերվեց. Ադրբեջանի և Թուրքիայի միջև սեպ խրվեց: Դժվար թե Օսեթիան և Աբխազիան ճանաչած, սակայն վարագույրի մյուս կողմում ճնշումները շարունակող Ռուսաստանն այդպես հեշտությամբ ճանապարհ տա Թուրքիային:

4.    Ադրբեջանը հասկացավ Թուրքիայի ուժը, բայց չտրվենք ռոմանտիզմին` կարծելով, թե ադրբեջանական ընդդիմությունը ոտքի է ելել հանուն Թուրքիայի: Ընդդիմությունը Թուրքիայի միջոցով ցանկանում է գոլ խփել Ալիևի դարպասին, ճիշտ այնպես, ինչպես Սարգսյանի նկատմամբ արեց հայաստանյան ընդդիմությունը: Նրանց և մեր պարոն Դենիզի միջև մեծ տարբերություն չկա:

Արդյունքում, ինչպես ի սկզբանե մեր վարչապետն է հայտարարել, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հիմնախնդիրը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն կարգավորվելու: Եվ այն էլ միայն, եթե Ադրբեջանը յոթ շրջանների դիմաց հրաժարվի Ղարաբաղից: Հուսով եմ` կողմերից մեկը վերջին պահին անակնկալ կմատուցի և մեզ կշփոթեցնի:

Երբ բացվում է Քրդստանը, խցանվում է Հայաստանը