Նոյեմբերի 2-ին «Հյուրրիյեթ» օրաթերթը լույս տեսավ «Ահա տարբերությունը սա է»  առաջնորդող հոդվածով: Թերթն ուշադրություն էր հրավիրում հայկական և թուրքական կողմերում առկա որոշ գործելաոճերի վրա: Որպես հայկական կողմի գործելաոճ` «Հյուրրիյեթը» վկայաբերում էր մի երգչի և պատրիարքի խոսքեր: Ըստ թերթի, ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ «1924թ., երբ ես ծնվեցի, հայերին խոստացել էին վերադարձնել հողերը: Դա դեռևս չի իրականացել: Եվս 85 տարի սպասել չեմ կարող»: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը «Ադանայի ջարդերի 100-ամյա տարելիցը» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարել էր. «Ժամանակն է, որպեսզի օրակարգ գա հայերի պահանջատիրության հարցը: Պետք է շարունակել Հայոց ցեղասպանության փաստի միջազգայնացման գործընթացը»: Հայ վերլուծաբաններից Թևանյանն էլ հայտարարում է, թե «հնարավոր է ռազմական հեղաշրջում` Ղարաբաղում զիջումների գնալու դեպքում»:

Հայաստանի և հայկական սփյուռքի ռազմավարությունն ու գործելաոճը շատ բացահայտ են: Ուղղակի անհեթեթություն է կարծել, թե նրանք կհրաժարվեն իրենց դարավոր դատից` հանուն խաղաղության և հաշտեցման կամ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման: Հայկական կողմն արձանագրությունները ստորագրեց` որպես մի փուլ պատմական նպատակներն իրականացնելու ճանապարհին: Եվ Հայաստանը, տեսնելով զիջումների գնալու պատրաստ թուրքական իշխանությանը, գործի անցավ` որպես գլխավոր ռազմավարություն ընտրելով այդ ամենից առավելագույն օգուտ ապահովելը:

Հաշտեցման նախագիծ

Իսկ թուրքական կողմը փորձում է տարբեր ժեստերով համեստորեն փափկեցնել Հայաստանի կոշտ դիրքորոշումը: Մոտեցման այդ ձևը հակառակ կողմին որակում է որպես հանցավոր հոգեբանության դրսևորում: Թուրքիան, այդ առումով, ոչ ադեկվատ մի շարք ժեստեր է արել անցյալում: Օրինակ` Թուրքիան վերանորոգեց և որպես թանգարան վերաբացեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Այսօր էլ շարունակում է նման ժեստեր անել: Դրանցից է 1191թ. կառուցված Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վերականգնումը, որը կօծվի նոյեմբերի 8-ին: Իսկ իշխանության ներկայացուցիչների սիրալիր երևալու համար իրականացրած գործողություններին աջակցում են որոշ հասարակական կազմակերպություններ: «Զաման» օրաթերթում տեղ գտած մի տեղեկության համաձայն` նմանօրինակ մի իրադարձություն էլ Մալաթիայում է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնում գտնվող 250-ամյա հայկական եկեղեցու վերականգնման նախաձեռնությունն ու ծախսերը ստանձնել են մզկիթների կառուցման քաղաքային վարչության ներկայացուցիչները: Նրանց խոսքերով, եկեղեցին վերականգնվում է «Հաշտեցման նախագծի» շրջանակում և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը Մալաթիայում:

Այնպիսի ոչ նորմալ երևույթներ, ինչպիսիք են օրինակ` սարերից ահաբեկիչների իջնելն ու իրենց «խաղաղության դեսպաններ» հռչակելը, այսօր արդեն նորմալ են համարվում: Դառը իրականությունն այն է, որ հայերը խաղաղությունն ու հաշտեցումը կապում են թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման և հողերի վերադարձի հետ: Ստացվում է` խաղաղություն կոչվածը կողմերից յուրաքանչյուրը յուրովի սխալ է ընկալում: Ժամանակը ցույց կտա, թե կողմերից ով առաջինը կշրջվի սխալ ուղուց:

Հայկական համառություն, որից պետք է դասեր քաղել