Որոշ զարգացումներ շատ հեշտ ենք պատկերացնում: Այս տեսանկյունից տիպիկ օրինակ է Թուրքիայի` հայկական նախաձեռնությունը, այսինքն` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Փորձ է արվում ետևում թողնել դարավոր թշնամանքը և փնտրել խաղաղություն` հակառակ հարյուր տարի մարդկանց մեջ արմատացած համոզմունքներին:
Սա այնպիսի կարևոր, համարձակություն պահանջող քայլ է, որ պետք չէ դրան մատների արանքից նայել: Բացի այդ, եթե այդ ընթացքը հաջողությամբ պսակվի, շահելու են և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը:
Նախ և առաջ, անհրաժեշտ է ծափահարել Սարգսյանին և Գյուլին. մեկնարկը միասին տվեցին, և հիմա գնդակը գլորվում է: Տեսնենք` դրանից հետո ի՞նչ կլինի:
1. Նախ խնդիրներ կծագեն երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացման ժամանակ: Հայերն Անկարային ճնշելու են օր առաջ վավերացնելու հարցում և հայտարարելու են. «Եթե դուք չվավերացնեք, գործընթացը մեզ մոտ չենք կարող առաջ տանել»:
2. Իսկ Թուրքիան հայերից պահանջելու է առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և հայտարարելու է, որ «եթե այդ հարցում համաձայնության չգաք ադրբեջանցիների հետ, մեր խորհրդարանն արձանագրությունը չի վավերացնի»:
3. Ադրբեջանցիները մեջտեղ են գալու և բռնելու են Թուրքիայի ձեռքը: Հայերը փորձելու են ավելի շատ զիջում ստանալ:
4. Բանալին Մինսկի խմբի ձեռքում է: Եթե այդ խումբը կարողանա կողմերին պարտադրել համաձայնության գալ, լուծումն ավելի կհեշտանա:
Ե՞րբ հնարավոր կլինի խոսել արդյունքների մասին:
Հնարավոր չէ ենթադրել, թե ինչքան ժամանակ կպահանջի այս գործընթացը և արդյունքների մասին երբ հնարավոր կլինի խոսել: Ըստ իս, այս գործընթացը ժամանակ առ ժամանակ ընդհատվելու է, իսկ հետո` վերսկսվելու և այդպես շարունակվելու է վայրէջքներով ու վերելքներով: Դժվար է լինելու, սակայն, հավանաբար տարիներ անց, վստահ եմ, որ կկարողանանք ի վերջո խոսել իրական արդյունքների մասին…