Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում պատմական ստորագրություն դրվեց:

Ներկա պահին մենք չենք կարողանում հասկանալ դրա կարևորությունը և թե ինչ պատմական նշանակություն ունի այն: «Տեսնեք, թե կյանքի կկոչվի՞ դա, կերևա վաղը: Հայերը մերժելու են, և գործընթացը դադարելու է»: Մենք մոլորվում ենք ոչինչ չտվող ներքաղաքական քննարկումների մեջ, որովհետև շատ ենք սխալվում:
Մի քիչ սպասեք և որոշ ժամանակ անց կհասկանաք դրա կարևորությունը:

Արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ դրված ստորագրությունը հետագայում «Ոսկե ստորագրություն» է կոչվելու:
Հիշվելու է երկու արտգործնախարարների ձեռքսեղմումը:

Ոչ ոք նույնիսկ չի հիշելու հայտարարության տեքստի հետ կապված տարաձայնությունը: Հիշելու են Հայաստանի արտգործնախարարի մռայլ հայացքը և Դավութօղլուի գոհունակությամբ ու ծիծաղով լի դեմքը:

Այս արձանագրությունը երկու երկրների միջև ձևավորեց իրավական հարաբերություն: Այսուհետև հայերը չեն կարող ձին վարել այնպես, ինչպես ուզում են: Հայերի խաղը չստացվեց: Կանոնները փոխվեցին:

Ինչպես 2004թ. ընդունվեց Անանի նախագիծը, և Թուրքիան թոթափեց շատ ծանր մի բեռ, այնպես էլ այսօր դեմ հանդիման կանգած ենք նման մի իրավիճակի:
Թուրքիան հասավ մի կետի, երբ Հայկական հարցում առաջին անգամ կարողանալու է հայկական սփյուռքի հետ հավասարը հավասարի պես պայքարել:

Սփյուռքը մեծ կորուստ կրեց…   

Հայկական սփյուռքը (Հայաստանից դուրս ապրող հայերը) երկար տարիներ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու մեխանիզմ էր ստեղծել: Ավելի կազմակերպված և ավելի հարուստ լինելու պատճառով Երևանից ավելի կոշտ դիրքորոշում էր որդեգրել և, օգտվելով Անկարայի անգործությունից, միջազգային ասպարեզում Թուրքիային ծանր վիճակի մեջ էր դնում:

Ֆինանսավորելով ԱՍԱԼԱ ահաբեկչական կազմակերպությանը` միջազգային հանրությանը ընդունել էր տալիս ցեղասպանության պնդումները: Հայկական հարցն օրակարգ էր բերում: Սակայն շատ ցավալի է, որ իրենց ձայնը լսելի էր դարձնում` 42 թուրք դիվանագետներին սպանելով:
Ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև թուրք հանրության մեջ առաջին անգամ ճանապարհ բացվեց Հայկական հարցի քննարկման համար:
Այդքանով չբավարարվեցին:

Հարյուրից ավելի պետությունների խորհրդարաններին համոզեցին, որ Թուրքիան ցեղասպանություն է գործել և անպայման պետք է դատապարտվի: Բողոքի ակցիաներ և գիտաժողովներ էին կազմակերպում, նկարահանում էին փաստագրական ֆիլմեր, հրատարակում գրքեր: Շատ հաջող արշավով Թուրքիային և թուրքերին տանում էին դեպի միջազգային կախաղան:

Շատ քիչ էր մնացել, որ… Շաբաթ օրը արձանագրության հետ կապված «Ոսկե ստորագրությունը» դրվեց:

Սփյուռքն առաջին անգամ տանուլ տվեց: Անկարան Երևանին պետք է պահի ու փայփայի:

Երևանը և հատկապես նախագահ Սարգսյանը մեծ պատասխանատվություն ստանձնեցին: Այլ կերպ ասած` հակառակ սփյուռքի պնդումներին, կենսական նշանակությամբ քայլ իրականացվեց:

Եթե Անկարան հիմա տարվի հաղթանակի հովերով և տեղի-անտեղի իր հաղթանակների մասին խոսի, կկորցնի վաստակած բոլոր միավորները: Քանի որ չպետք է մոռանանք, որ ստորագրված այդ արձանագրության կյանքի կոչելը երկար տարիներ է պահանջելու: Շատ դժվար է լինելու, և շատ նուրբ դիվանագիտության անհրաժեշտություն է զգացվելու:

Պետք է խուսափենք սփյուռքին գրգռող, հայաստանյան իշխանություններին վիրավորող գործելաոճերից և պաշտոնական հայտարարություններից:
Պետք է խուսափենք նաև մեր ազերի եղբայրներին սադրող և ծայրահեղությունների հրահրող քայլերից:
Շատ դժվար ժամանակաշրջան ենք թևակոխում:
Ով ինչ ուզում է, թող ասի, Թուրքիան շատ ճիշտ քայլ արեց:

Ոսկե ստորագրությունը դրվեց, սփյուռքը տանուլ տվեց, Անկարան շահեց