Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում նախատեսող արձանագրություններն ի վերջո ստորագրվեցին երեքժամյա ճգնաժամից հետո: 1915 թվականի իրադարձություններից 94 տարի անց, երկու երկրների միջև պատմական հարցը պատմության մեջ թաղելու առաջին պաշտոնական քայլերն արվեցին: Եթե Հայաստանը դուրս գա ադրբեջանական գրավված տարածքների գոնե մի մասից, Հայաստանի և Թուրքիայի միջև 16 տարի շարունակ փակ պահվող սահմանադուռը կվերբացվի:

Հայաստանն արձանագրությունների ստորագրման սեղանին չէր մոտենում նաև սփյուռքի ճնշումների պատճառով, և ծագած միջադեպը վերջին պահին հաղթահարվեց Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի` Հայաստանի վրա գործադրած ճնշումներով:

Ըստ էության, Հայաստան-Ադրբեջան և դրան շաղկապված Թուրքիա-Հայաստան հարաբերություններում առկա խնդիրների կարգավորման համար պետք է Ռուսաստանի և ԱՄՆ-ի անկեղծ ջանքը: Այդ երկու երկրների տարածաշրջանային շահերից է արդեն իսկ բխում խնդրի կարգավորումը: Առաջին անգամ նրանց տարածաշրջանային շահերը համընկնում են մեր շահերի հետ: Այդ պատճառով լավատես եմ խնդրի կարգավորման առնչությամբ: Իսկ երբ այս հանգամանքին  ավելացնում ենք «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ակտիվ արտաքին քաղաքականության գործոնը, այդ լավատեսությունն ավելի է մեծանում:
Քննարկվում է, թե այդ արձանագրությունների ստորագրմամբ ով շահեց և ով տանուլ տվեց: Եթե նայում ես հայ հասարակության և սփյուռքի հակազդեցությանը, հայաստանյան իշխանությունների` արձանագրությունների ստորագրման արարողության վերջին պահին ստեղծած ճգնաժամին և սրտնեղելով ստորագրելուն, ապա մտածում ես, որ Հայաստանն այդ գործընթացում տուժել է: Ըստ իս, դա սխալ կարծիք է: Այդ արձանագրությունը ստորագրած Հայաստանի քաղաքական գործիչներն իրենց երկիրը սովից, ծայրաստիճան աղքատությունից փրկելու առաջին կայծը բորբոքեցին:

Իսկ եթե նայենք Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների հակազդեցությանը, հոկտեմբերի 10-ը ոչ թե «պատմական», այլ «սև օր է»… Բահչելին կարծում է, թե Հայաստանին զիջում է արվում: Ժողովրդա-հանրապետական Օնուր Օյմենը հայտարարում է, թե «բախվում ենք անհանգստությունների»: Մինչդեռ արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ տեսնում էինք հարգարժան Դավութօղլուի ուրախ և հանգիստ դեմքը, իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այնպիսի տեսք ուներ, կարծես ոչ թե խաղաղության արձանագրություն, այլ «մահվան դատավճիռ» էր ստորագրում: Մեր ընդդիմությունը թող չխանդի իշխանություններին` վերջին տարիներին դիվանագիտական ասպարեզում ձեռք բերած հաջողությունների համար: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի հետ մեկնարկած գործընթացը Թուրքիայում շոու ցուցադրելու համար իր պատգամավորներին ուղարկած Ադրբեջանի և մեր օգտին է:
Այս գործընթացը բացասաբար կարող է ազդել սփյուռքի, Վրաստանի և Իրանի վրա: Մինչև  2015թ. սփյուռքը Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցում չի ուզում: 2015թ. 1915-ի իրադարձությունների 100-րդ տարելիցն է: 2015թ. ցեղասպանության փոխհատուցման պահանջներն ապահովագրական կազմակերպությունների համար այլևս կորցնելու են իրենց ուժը: Թուրքիայից տարածք և փոխհատուցում պահանջող արմատական հայերի` գործընթացին խոչընդոտելու պատճառը հենց դա է: Քանի որ չգիտեն, որ Հայաստանի խաղաղ ապրելն ավելի կարևոր է:

Այս արձանագրությունները կյանքի կոչելու ճանապարհին երկու ճգնաժամային կետ կա: Առաջինը` հարգարժան Էրդողանը տեղից չի շարժվի, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Երկրորդը` այն հակազդեցությունները, որոնք «պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու դրույթի ներառման պատճառով ի ցույց կդրվեն հայաստանյան իշխանությունների կողմից` արձանագրություններում ցեղասպանության պնդումները քննարկելու նպատակով: Եթե այս երկու հարցերը հաղթահարվեն, ամեն ինչ իր հունով կընթանա:

Յոթ տարի շարունակ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կառավարությունը և թուրք դիվանագետները ոսկերչի նրբանկատությամբ փորձում են խաղաղ մթնոլորտ ձևավորել մեր երկրի շուրջ: «Հարևանների հետ զրո խնդիր» ռազմավարությամբ առաջնորդվող և միջազգային խնդիրներում կարգավորում փնտրողի առաքելություն ստանձնած թուրք դիվանագիտությունը ճիշտ ուղու վրա է: Բոլորի շահերից է բխում, որ Կովկասում գերիշխի խաղաղությունը:

2009թ. հոկտեմբերի 10-ը թուրք դիվանագիտության հաջողության օրն է: Հարգարժան նախագահի ու «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կառավարության գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գործընթացում, և կոչ եմ անում իշխանություններին շարունակել ցուցադրած համարձակությունը: Այս հարցը լուծողն ամեն հարց կլուծի:

Հայկական հարցը լուծողն ամեն հարց էլ կլուծի