Վաղը Ցյուրիխում շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենալու. Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրելու են հարաբերությունների վերականգնման մասին արձանագրություն: Այդ արձանագրությունը ներառում է մի գործընթաց, որն ուղղված է կողմերի փոխըմբռնմանը, խաղաղ կերպով խնդիրների լուծմանը, ցեղասպանության պնդումների նոր մոտեցմամբ ուսումնասիրմանը, սահմանների բացմանը:
Որ կողմից էլ նայենք, հայ-թուրքական հարաբերություններում գծվում է բոլորովին նոր և խաղաղ ժամանակաշրջանի գալուստն ազդարարող ճանապարհային քարտեզ: Ստորագրությունից հետո չի սպասվում, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վավերացման անհրաժեշտություն ունեցող այդ փաստաթուղթը կյանքի կոչվի առանց Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ այդ հարցում բավականաչափ առաջընթացի ապահովման: Սակայն, ամեն դեպքում, արձանագրության ստորագրումը շատ կարևոր է: Քանի որ այս կերպ կնվազի ցեղասպանության հարցում ճնշումը Թուրքիայի վրա: Կնվազի նաև հայերի` տարբեր երկրների օրենսդիր մարմիններում ցեղասպանության վերաբերյալ օրինագծեր ընդունել տալու համառությունը: Իսկ հարաբերությունների կարգավորման ամենակարևոր խորհրդանիշն է դառնալու հոկտեմբերի 14-ին, Բուրսայում Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը, որը նախագահ Սարգսյանը կդիտի Գյուլի հետ միասին: Այդ ժեստը ազդարարելու է բոլորովին նոր սկիզբ:

Երևանը ուզում է, սփյուռքն` ընդդիմանում:

Սարգսյանի Թուրքիա գնալը և այդ արձանագրությունների շրջանառության մեջ մտնելը չեն համապատասխանում սփյուռքի ընդհանուր քաղաքականությանը: Վերջինս վախենում է, որ կկորցնի Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու հնարավորությունը:
Հայաստանյան իշխանությունները ցանկանում են ստորագրել այդ արձանագրությունները, սակայն Հայաստանից դուրս ապրող հայերը (սփյուռքը) ընդդիմանում են:
Սփյուռքը շատ հզոր է: Գոյությունը պահպանում է շնորհիվ Թուրքիայի նկատմամբ տածած թշնամանքի: Խոսքը 1915-16թթ. ամբողջ ընտանիքին կամ ընտանիքի անդամների մի մասին կորցրած, այդ իրադարձությունները չմոռացած, Թուրքիայի նկատմամբ ատելության ներշնչանքով մեծացած հատվածի մասին է: Իրենց արդարացի են համարում և ուզում են Թուրքիային ստիպել, որպեսզի նա հատուցի մոտ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար:
Սփյուռքի ներկայացուցիչները ապրում են տարբեր երկրներում, հատկապես Ֆրանսիայում և Ամերիկայում, հարուստ են և ազդեցություն ունեն իրենց բնակության երկրների քաղաքական կյանքի վրա: Տարիներ շարունակ մեծ աշխատանքի և  համակարգվածության շնորհիվ` սփյուռքը վերածվել է լուրջ ուժի, այն աստիճան, որ կարողանում է նաև ազդել Երևանի որոշումների վրա:

Երեկ ԱՍԱԼԱ-ին էր սնում, իսկ այսօր ցանկանում է խոչընդոտել նոր նախաձեռնությունը

Մինչ այժմ սփյուռքի ամենաարյունոտ նախաձեռնությունը ԱՍԱԼԱ ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսապես աջակցելն ու դրա արդյունքում 37 թուրք դիվանագետների սպանություններն էին:
Երբ հարցնեք, թե ինչ կապ ունեն դրանք իրար հետ, կպատասխանեն` ոչ մի: Սակայն բոլորին է հայտնի, որ ԱՍԱԼԱ-ի գործունեությունը սկսվեց սփյուռքի աջակցությամբ, իսկ Փարիզի «Օռլի» օդանավակայանի դեպքից հետո նույն սփյուռքը, Վաշինգտոնի և Փարիզի ճնշումների ներքո, փակեց փողի ծորակը` դադարեցնելով ահաբեկչական կազմակերպության գործունեությունը:
Սփյուռքն ԱՍԱԼԱ-ին ուղղորդեց հանցագործություններ իրականացնելուն, և թուրք հասարակության մեջ առաջին անգամ սկսեց շրջանառվել «հայերը մեր թշնամիներն են» միտքը: Սփյուռքը ոտքի ելավ Թուրքիային պատժելու համար, սակայն, արդյունքում երկու հասարակությունների մեջ գժտության և պառակտման սերմեր տարածեց:
Նույն սփյուռքն այսօր մի նոր սխալ է գործում:
Խոչընդոտելով Հայաստանի և Թուրքիայի մերձեցման գործընթացին` հավանաբար կկարողանա իր ուժը փրկել քայքայումից, սական դրանով ավելի մեծ մեղք  կգործի:
Նախագահ Գյուլի` սփյուռքին ուղղված կոչն այս տեսանկյունից շատ տեղին է:
Շատ կարևոր է, որ Սարգսյանը ժամանի Թուրքիա:
Այն դեպքում, երբ թուրք հասարակության մեջ առաջին անգամ նկատվում են մերձեցման գործընթացին, Հայաստանի հետ գոյակցությանը հավանություն տվող ազդանշաններ, սփյուռքի այդ ջանքը կարող է ԱՍԱԼԱ-ի գործունեության պես հակառակ ազդեցություն ունենալ:

Հայկական սփյուռքը դարձյալ մեղանչում է…