Հայաստանի նախագահ Սարգսյանի` Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ կատարած շրջայցերը շատ միջադեպերով ուղեկցվեցին: Անհոգ սփյուռքը Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունների պատճառով Սարգսյանին մեղադրում է «դավաճանության» մեջ: Բողոքի ակցիաների մասնակիցները պարզել էին «Ո՛չ արձանագրություններին» գրությամբ պաստառներ և Հիտլերին նմանեցված Սարգսյանի նկարները: Նույնիսկ Սարգսյանի վրա կոշիկ և լոլիկ էին նետում:
Թուրքիայի և Հայաստանի միջև նախաստորագրված արձանագրությունները սեպ խրեցին Երևանի և սփյուռքի միջև, իսկ Ամերիկայի սփյուռքը բաժանեցին երկու մասի:
Այս պարագայում Սարգսյանը, հակառակ ծանր ճնշումներին, կգա՞ Բուրսա` նախագահ Գյուլի հետ միասին ֆուտբոլային հանդիպումը դիտելու:
Բարձրաստիճան մի դիվանագետ տվեց հետևյալ պատասխանը. «Մեծ հավանականությամբ կգա»:

-Որովհետև Սարգսյանը, եթե սփյուռքի և դաշնակցականների ճնշմամբ ետքայլ անի և Բուրսա չգա, այդպիսով կվնասի իր քաղաքական հեղինակությանը:
Բնականաբար, այդ ժամանակ Թուրքիայի համար շատ դժվար կլինի անվստահելի  Երևանի հետ կյանքի կոչել արձանագրությունների ժամանակացույցը, ինչպես նաև դա բացասաբար կազդի Մինսկի խմբի ղարարաբաղյան հակամարտության ուղղությամբ իրականացվող ջանքերի վրա:
Մեծ է հավանականությունը, որ Սարգսյանը գալու է:

Արձանագրությունների ստորագրման արարողությունը

Արտգործնախարար Դավութօղլուի ներկայացրած ժամանակացույցի համաձայն` անցած երկուշաբթի, Շվեյցարիայի կողմից պետք է հայտարարություն արվեր այս ամսվա 10-ին` շաբաթ օրը` Թուրքիայի և Հայաստանի կողմից  արձանագրությունները ստորագրվելու մասին: Սակայն դա տեղի չունեցավ: Գուցե սփյուռքի գործոնի պատճառո՞վ:
Երեկ ուսումնասիրություն կատարեցի:
Ցանկություն կա, որպեսզի արձանագրությունների ստորագրման արարողությանը մասնակցեն և՛ հայ-թուրքական հարաբերությունների, և՛ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ քաղաքականապես կապված որոշ կարևոր երկրների արտգործնախարարներ:  
Իսկ այստեղ հարց է ծագում.

–    Այդպիսի շքեղ արարողությունը սփյուռքը կարող է շահարկել` հայտարարելով, թե «Հայաստանին ստիպողաբար ստորագրել տվեցին…»
–    Բնականաբար հեշտ չէ կազմակերպել եվրոպացի և ամերիկացի արտգործնախարարների մասնակցությունը արարողությանը. ժամանակի ընթացքում տարբեր հարցեր են ծագում:

Այդ պատճառով անցած երկուշաբթի հայտարարություն չարվեց: Գուցե արվի այսօր կամ վաղը, կամ գուցե ընդհանրապես չարվի…
Սակայն հաստատ է, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արտգործնախարարներ Դավութօղլուն և Նալբանդյանը ստորագրելու են արձանագրությունները:
Իսկ թե արձանագրությունների ստորագրման արարողությունը կլինի՞ համեստ` սփյուռքին գործելու պատեհ առիթ չտալու համար, թե՞ «շքեղ»` արձանագրություններին տրվող աջակցությունը ցույց տալու համար. դեռ կտեսնենք:

Մենք սպասում ենք Սարգսյանին

Այնուամենայնիվ, սահմանները բացվելու դեպքում Սարգսյանը կմեկնի՞ Թուրքիա, որի ցանկությունը նախապես էր հայտնել:
Եթե Սարգսյանը, ամեն դեպքում, հրաժարվի հոկտեմբերի 10-ին` արձանագրությունները ստորագրելուց չորս օր անց, ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար ժամանել Թուրքիա, մեծ սկանդալ կլինի, ինչը բացասաբար կազդի  գործընթացի նպատակի վրա:

Մի կողմից սփյուռքն ու դաշնակցականները, մյուս կողմից էլ մեր ընդդիմությունը թիրախ են դարձրել արձանագրությունները: Այդ հակազդեցությունները ցույց են տալիս, թե երկու հանրությունների համար որքան զգայուն և փխրուն է այդ հարցը, որ հոգեբանական հուզումների պատճառով գործընթացը կարող է գլխիվայր շուռ գալ:

Այս գործընթացում մի կողմը մյուսին չի խաբում, այլ ընդհանուր ճանապարհով բանական լուծումներ են փնտրում: Սակայն գործընթացի շատ փխրուն լինելու պատճառով անհրաժեշտ է լինել վճռական և զգոն:
Կովկասում անվտանգությունն ու բարօրությունը կախված են միայն Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծումից: Դա սակայն մի ճանապարհ է, որ պետք է անցնել պահանջկոտ, ուշադիր և զուգահեռ քայլերով: Ի սրտե ցանկանում եմ, որ հարգարժան Սարգսյանը, խաղին ներկա գտնվելով, ներդրում կատարի այդ գործընթացում, որի սառցե պատերը նոր-նոր սկսում են հալչել: Շատ եմ ուզում նաև մի հոդված գրել «Բարով եկաք, պարոն Սարգսյան» խորագրով:

Սարգսյանը կգա՞ արդյոք Թուրքիա