Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ աջակցություն գտնելու նպատակով մեկնեց համահայկական շրջագայության և անգամ չէր ենթադրում, թե կհանդիպի նման հակազդեցության:
Հայաստանի առաջնորդի շրջագայության կանգառներն են` Փարիզը, Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Բեյրութը և Ռոստովը: Նպատակը` հանդիպել հայկական սփյուռքի առաջնորդներին և նրանց համոզել, որ օգոստոսի 31-ին Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությունը օգտավետ է…
Սակայն մինչ այժմ Փարիզում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում հանգրվանած Սարգսյանն ականատեսը դարձավ սփյուռքի տարբեր կառույցների բազմահազարանոց բողոքի ակցիաների և արժանացավ կոշտ քննադատությունների: «Ո՛չ արձանագրություններին» արշավն իրականացվում էր Տորոնտոյից մինչև Բուենոս Այրես, այսինքն` նաև այն քաղաքներում, որոնք ներառված չէին Սարգսյանի շրջագայության ցանկում:
Լոս Անջելեսում հայկական մի կազմակերպության նախագահ Սոնա Մադենյանի մեկնաբանությամբ, «սփյուռքահայերը նախկինում բողոքում էին Թուրքիայի դեմ, իսկ այսօր` Հայաստանի Հանրապետության նախագահի…»:

Տարաձայնություններն ավելանում են

Ակնհայտ է, որ Երևանն ու հայկական սփյուռքն արձանագրությունների պատճառով  միմյանց դեմ են դուրս եկել: Այսպիսի պառակտում առաջին անգամ է տեղի ունենում:
Սփյուռքի ներկայացուցիչները, Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ բացատրելով, թե ինչու են իրենք դեմ Թուրքիայի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությանը, գործածում էին նաև կոշտ արտահայտություններ: Ճիշտ է, նրանք փողոցներում բողոքի ակցիաների մասնակիցների պես Սարգսյանին չէին մեղադրում դավաճանության մեջ, բայց հնչեցնում էին Երևանի որդեգրած ուղեգծի պատճառով Հայաստանին և հայությանը փորձանքի մեջ ներքաշելու նախազգուշացումներ:
Օրինակ` Լոս Անջելեսում Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանը Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ ասում էր հետևյալը. «Այդ արձանագրությունների ստորագրմամբ ողջ հայ ազգին վտանգի մեջ ներքաշեցիք: Դրա իրավունքը չունեք: Մենք էլ թույլ չենք տա, որ դա անեք»:
Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ` հայկական սփյուռքի ներկայացուցիչներն արձանագրությունների առնչությամբ իրենց անհամաձայնությունը հիմնավորում էին հետևյալ փաստարկներով.

1.    Արձանագրությունները վտանգելու են «ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման գործընթացը»: 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու համար ստեղծվելիք հանձնաժողովը «ստվեր է գցելու դեպքերի վրա»:
2.    Սահմանների և տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է Հայաստանի կողմից մինչ օրս չճանաչված Կարսի պայմանագրի ընդունում: Այդպիսով Հայաստանը հրաժարվում է իր պատմական իրավունքներից:
3.    Հայաստանն այդ համաձայնությամբ փոխում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իր դիրքորոշումը և հրաժարվում այդ տարածաշրջանում «ինքնորոշման» իրավունքից:

Այս փաստարկներին է հակված նաև Հայաստանի քաղաքական ընդդիմությունը: Բայց արտերկրում հայ ներկայացուցիչների ձայնը Հայաստանի ներսում ընդդիմությունից ավելի բարձր է հնչում…

Ճանապարհները բաժանվում են

Հայտնի է, որ հայկական սփյուռքը, ընդհանուր առմամբ, Թուրքիայի հետ կապված հարցերում և հատկապես ցեղասպանության հարցում տարիներ շարունակ թշնամական կեցվածք է ընդունել: Վերջին շրջանում Երևանը, առաջին պլան մղելով իր շահերը, օգտակար համարեց Թուրքիայի նկատմամբ ավելի ճկուն գործելաոճ որդեգրել: Իսկ դա այսօր արձանագրությունների հարցում Երևանի և սփյուռքի տեսակետներն ու ճանապարհները բաժանում է: Սարգսյանն արձանագրություններն իր երկրի խորհրդարանին և ազգին, եթե հարկ լինի, նաև ստիպողաբար, ընդունել տալու հնարավորություն ունի:
Իսկ կարելի՞ է դա ասել սփյուռքի դեպքում:
Արձանագրությունների ստորագրման մասին հայտարարություն անելու հարցում այսօր Հայաստանի ցուցաբերած անվճռականությունը ցույց է տալիս, որ Սարգսյանը գրեթե հայտնվել է անելանելի դրության մեջ:

Սփյուռքը պարտադրում է Սարգսյանին