Էլեքդաղի նախաձեռնությամբ իշխանությունների` Մեծ Բրիտանիայի խորհրդարան ուղարկված նամակում ասվում էր, որ ինչպես անգլիական իշխանությունները «Կապույտ գրքում» տեղ գտած անհիմն տեղեկությունների համար ներողություն են խնդրել Գերմանիայից, այնպես էլ պետք է ներողություն խնդրեն Թուրքիայից: Էլեքդաղը խայտառակեց իշխանություններին, որովհետև ներողության մասին որևէ խոսք չի եղել:
Ցասումով լի եմ, բայց իրականում անճար: Այն, ինչ ես կբացատրեմ, եթե անգամ ճշմարտացի չթվա, մեկ է`դա է իրականությունը…
Խնդիրը հետևյալն է. Շյուքրյու Էլեքդաղ, Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան, 2002 թվականից ի վեր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր…
Նա 2006թ. իրեն վիրավորելու մեղադրանքով իմ դեմ հայց ներկայացրեց դատարան: Եվ այն էլ ոչ թե մեկ, այլ միանգամից երեք հայց… 2009թ. մեկ առ մեկ տանուլ եմ տալիս դատական գործերը:
Եվ Շյուքրյու Էլեքդաղին վիրավորելու մեղադրանքով դատապարտվում եմ տուգանքի. հայցվորին որպես փոխհատուցում պետք է վճարեմ յուրաքանչյուր հայցադիմումի համար 10 000, 7 500 և 6 000 թուրքական լիրա: Այդ տուգանքներին են ավելանալու նաև տոկոսները և դատական ծախսերը: Ըստ փաստաբանի, օրինակ` 6000 թուրքական լիրայի տուգանքը կհասնի մինչև 11 000-ի:

Էլեքդաղը մոլորեցրել է հասարակությանը

Հայցերի պատճառն այն է, որ Շյուքրյու Էլեքդաղը 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ հասարակությանը մոլորեցնող տեղեկատվություն է մատուցել և ստել: Ես ասել եմ, որ «Շյուքրյու Էլեքդաղը ստում է» և այդ թեմայով հոդված գրել: Իսկ երեք առանձին դատական գործերն իմ դեմ հարուցվել են միայն մեկ հոդվածի պատճառով: Դա առանձին իրավական սկանդալ է…

Այդ իրադարձության կարճ պատկերը սա է.
2005թ. մարտին` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ Շյուքրյու Էլեքդաղի ղեկավարությամբ, մեծ արշավ սկսեց ընդդեմ ցեղասպանության փաստի: Արշավի նպատակն էր` Անգլիային կոչ անել ներողություն խնդրել Թուրքիայից, ինչի համար առաջ էր քաշվել հետևյալ պնդումը.
1915-16թթ. անգլիական կառավարությունը Գերմանիայի և Թուրքիայի դեմ «Կապույտ գրքեր» հրատարակեց և պնդեց, որ այդ երկու երկրները կոտորածներ են իրականացրել քաղաքացիական հանրության դեմ: Անգլիան ավելի ուշ ընդունել է, որ Գերմանիայի դեմ հրատարակված «Կապույտ գիրքը» ամբողջությամբ քարոզչության արդյունք է և 1925թ. Գերմանիայից պաշտոնապես ներողություն խնդրել: Իսկ որպես այդ թեզի ապացույց` Էլեքդաղը վկայակոչում էր Անգլիայի արտգործնախարար  Չեմբեռլենի` 1925թ. դեկտեմբերի 2-ին անգլիական խորհրդարանում ունեցած ելույթը: Պնդման համաձայն, այդ օրվա նիստին անգլիական խորհրդարանը քննարկել է «Կապույտ գիրքը»: Անգլիայի արտգործնախարարն իր ելույթում ընդունել է, որ «Կապույտ գիրքը» պատրաստվել է քարոզչության նպատակով և պաշտոնապես ներողություն խնդրել Գերմանիայից: Իսկ 2005թ. մարտի 1-ին «Անգլիան պետք է ներողություն խնդրի» թեզը վերածվում է արշավի և հրամցվում մամուլին «Գրոհ ցեղասպանության դեմ» վերնագրով: Լույս էին տեսնում «Կապույտ գրքի դեմ միջազգային գրոհ», «Մարտահրավեր ցեղասպանությանը» խորագրերով հրապարակումներ:

Եվ գրեթե յուրաքանչյուր հոդվածագրի կողմից 1925թ. դեկտեմբերի 2-ին Անգլիայի` Գերմանիայից ներողություն խնդրելը հայտարարվում է որպես մեծ պատմական ճշմարտություն, և բոլորը միաբերան պահանջում են, որ Անգլիան Թուրքիայից նույնպես ներողություն խնդրի: Արևմուտքից քարոզարշավին միացան «մտավորականներ» Ջասթին Մաք Քարթին և Էնդրյու Մանգոն:
Վերջիններս կրկնեցին, թե Անգլիան Գերմանիայից ներողություն է խնդրել: Իսկ թուրքերից դեռևս ներողություն չխնդրելու պատճառը բացատրեցին` խաղալով թուրքերի` Արևմուտքի հանդեպ ունեցած զգացմունքերի հետ. «Թուրքերի դեմ իրականացված անիրավությունը ոչ ոքի չի հետարքրում» զուտ այն պատճառով, որ «նրանք թուրք» են:

Էլեքդաղը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) հանդես եկավ նախաձեռնությամբ: ԹԱՄԺ-ն ապրիլի 13-ին «Հայ-թուրքական հարաբերություններ – Իրողությունների պարզումը Հայոց ցեղասպանության պնդումներում» թեմայով մեծ քննարկում կազմակերպեց և որոշում կայացվեց նամակ ուղարկել անգլիական խորհրդարան: Նամակում պահանջ էր ներկայացվում, որ Անգլիան այն, ինչ արել է Գերմանիայի հանդեպ, պետք է անի նաև թուրքերի հանդեպ: Անգլիական իշխանությունները Գերմանիայի օրինակով պետք է հայտարարեին, թե թուրքերի առնչությամբ հրատարակված «Կապույտ գիրքում» տեղ գտած տեղեկություններն անհիմն են, և ներողություն խնդրեին Թուրքիայից:
Նամակը նախ ստորագրվեց վարչապետ Էրդողանի և Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բայքալի, իսկ այնուհետև` խորհրդարանականների կողմից և ուղարկվեց Անգլիայի խորհրդարան:     
Սակայն իրականում դա սկանդալ էր: Էլեքդաղը խայտառակեց ԹԱՄԺ-ին և թուրքական կառավարությանը, որովհետև անգլիական խորհրդարանում «Կապույտ գրքի» հետ կապված ոչ նիստ էր եղել, ոչ էլ խոսք ներողության մասին, ինչպես պնդում է Էլեքդաղը:

Գերմանիայից ներողություն չի խնդրել

Այո´, Անգլիան չի հայտարարել, թե Գերմանիայի վերաբերյալ հրատարակված «Կապույտ գրքում» տեղեկություններն անհիմն են, և ոչ մի ներողություն էլ չի խնդրել Գերմանիայից:
Իսկ 1925թ. դեկտեմբերին անգլիական խորհրդարանում այդ հարցի կապակցությամբ ոչ մի նիստ չի գումարվել, ինչպես պնդում է Էլեքդաղը: Նա բացահայտ ստում է:
Ես էլ «Մի սկանդալ. թուրքական խորհրդարանի նամակը կամ Շյուքրու Էլեքդաղն ու Ջասթին Մաք Քարթին այս երկիրն ինչի մեջ են ներքաշում» խորագրով հոդված գրեցի, որում մեկ առ մեկ մերկացրի այդ պնդումները: Մեջբերումներ անելով անգլիական խորհրդարանի նիստերից` ապացուցեցի, որ 1925թ. դեկտեմբերի 2-ի նիստի ժամանակ օրակարգում անգամ չի եղել «Կապույ գիրքը», ինչպես նաև այն, որ ոչ մի ելույթ չի հնչել ներողություն խնդրելու բովանդակությամբ:
Այդ հոդվածս հրապարակվեց «Ակոս»-ում, «Բիրիքիմ» հանդեսում, իսկ երբ «Փենջերե» հրատարակչատան կողմից թուրքերենով հրատարակվեց «Կապույտ գիրքը», հոդվածս տեղադրվեց այդտեղ որպես առաջաբան:    

Էլեքդաղը առանձին հայցեր ներկայացրեց նույն հոդվածի երեք հրապարակումների կապակցությամբ: Բոլոր երեք դատական գործերը բացվեցին Անկարայի դատարաններում. առաջինը` իմ և «Ակոս»-ի դեմ: Դատարանի որոշմամբ դատապարտվեցի 10 000 թուրքական լիրա տուգանքի: Այդ որոշումը հաստատվեց Վճռաբեկ դատարանի կողմից: Երկրորդը` «Բիրիքիմ» հանդեսի և իմ դեմ. դատապարտվեցի 6 000 թուրքական լիրա տուգանքի: Երրորդը` «Փենջերե» հրատարակչատան և դարձյալ իմ դեմ. դատապարտվեցի 7 500 թուրքական լիրա տուգանքի:

Արդյունքում մեկ հոդվածի համար երեք անգամ առանձին-առանձին դատապարտվում եմ, և դա հաստատվում է Վճռաբեկ ատյանի կողմից: Հետաքրքիրն այն է, որ դատարաններին ուղարկում եմ անգլիական խորհրդարանի արձանագրությունները և ասում, որ Էլեքդաղի` «Անգլիան Գերմանիայից ներողություն է խնդրել» պնդումը չի համապատասխանում իրականությանը և մոլորեցնում է հասարակությանը, թուրքական խորհրդարանին ու կառավարությանը: Եվ ես, ասելով, թե Էլեքդաղը ստում է, դատապարտվում եմ Էլեքդաղին վիրավորելու համար: Նույն հոդվածի պատճառով և երեք անգամ… Իսկ հիմա ինձնից պահանջում են այդ գումարները:  

Այլևս ասելու բան չկա

Էլեքդաղը ստում է, և ես «Էլեքդաղը ստում է» ասելու համար դատապարտվում եմ տուգանքի:
Մի՞թե ասելու որևէ այլ բան կա:  
Այս երկրում 1915 թվականի իրադարձությունների կապակցությամբ ազատորեն կարող եք ստել:
Սակայն եթե ճիշտն ասեք, կդատապարտվեք:
Խնդիրը սա է:
Եվ դեռ այս Թուրքիան Հայաստանի հետ պատմությունից խոսելու համար հանձնաժողով է ստեղծում:

Պատիժ` «դու ստախոս ես» ասելու համար