Ինչպես արդեն նշել էինք մեր նախկին հոդվածներից մեկում, Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության գործընթացը 2000-ական թվականներից ի վեր ագրեսիվ բնույթ է ստացել: Դրա պատճառը Ֆրանսիայում Հրեական ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նմանությամբ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունում էր խորհրդարանի կողմից: Սակայն այդ օրինագիծը դեռևս սպասում է Սենատի հաստատմանը:

Մենք այդ ժխտողականությունը կոչեցինք «ագրեսիվ» և Թուրքիան, որդեգրելով այդ քաղաքականությանն աջակցելու ուղեգիծ, «թունդ քացախի» պես քայքայում է իրեն ներսից:

Ցավոտ կողմն այն է, որ այդ ուղեգծին ծառայում են «իրավապահ» և «դատական» համակարգերը: Իսկ կառավարության պասիվ գործելաոճը, նույնիսկ նրա որոշ ներկայացուցիչների հայտարարությունները խրախուսում են այդ միտումները: Օրինակ` երբ Քերինչսիզն ու նրա թիմը 2005թ. աշխատում էին խոչընդոտել Օսմանյան հայերի վերաբերյալ գիտաժողովը` դրա համար փորձելով ստանալ դատարանի աջակցությունը, արդարադատության նախկին նախարար Չիչեքն այդ գիտաժողովի առնչությամբ հայտարարեց. «Մեզ թիկունքից դաշունահարում են»:

Չնայած 2004 թվականից ի վեր խոչընդոտներ և հարձակումներ շատ են եղել, հակիրճ դասակարգենք դրանք:

–    Ստամբուլում հայկական թեմայով գիտաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար, ներառյալ դատական համակարգը, գործի էր դրվում ամեն միջոց: Ազգայնականներն անգամ ձվեր նետեցին Վարչապետի նախկին օգնական Էրդալ Ինոնյուի, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության ստամբուլյան մասնաճյուղի նախագահ Էրեն Քեսքինի ուղղությամբ:

–    Ստամբուլի հույների գիտաժողովը խանգարելու փորձեր եղան, ավելի ուշ գողացան կոնֆերանսի արձանագրությունները:

–    Ստամբուլի Հունաց պատրիարքարանին և պատրիարքին պարբերաբար անհանգստություններ են պատճառվել:

–    Ազգայնականների փոքր խմբերի կողմից անհանգստություններ են պատճառվել թուրքական բողոքական համայնքին:

–    Հարձակում իրականացվեց Ստամբուլում սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունների վերաբերյալ ցուցահանդեսի վրա:

–    «Յափը քրեդի» հրատարակչատան կազմակերպած գիտաժողովի ժամանակ  դահլիճում անհանգստություններ պատճառվեցին Մեթե Թունչային և Ֆեթհիյե Չեթինին:

–    «Ակոս» շաբաթաթերթը ազգայնական խմբերի կողմից երկար ժամանակ անհանգստություններ է կրել սպառնալիքներով և խմբագրատան առջև բողոքի ակցիաներով:

–    Հրանտ Դինքին, Օրհան Փամուքին, Էլիֆ Շաֆաքին, Մուրադ Բելգեին, Բասքըն Օրանին և այլ գրողների ու լրագրողների դեմ կեղծ ցուցմունքների հիման վրա դատական գործընթացներ են սկսվել, որոնց ժամանակ նրանց անհանգստություններ են պատճառվել:

–    Հայոց պատրիարքարանն ու պատրիարքը պարբերաբար սպառնալիքներ են ստացել:

–    Հարձակումներ են իրականացվել կաթոլիկ վանականների դեմ, նրանցից մեկը սպանվել է:

–    Սպանվեց Հրանտ Դինքը:

–    Մալաթիայում սպանվեցին քրիստոնեական գրականության հրատարակիչները:

–    Ասորի կրոնականներին սպառնացին, նրանցից մեկին առևանգեցին:

–    Եվ ի վերջո, 2009թ. «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացված հետաքննության արդյունքում պարզվեց, որ մահափորձեր էին նախապատրաստվում Հայոց պատրիարքի, Սվազի հայ համայնքի առաջնորդի, Օրհան Փամուքի, ալևի համայնքի առաջնորդների դեմ:

«Ագրեսիվ ժխտողականությունը», արդյունքում դուրս է եկել իր շրջանակից և միայն փոքրամասնություններին սպառնացողի կարգավիճակից վերածվել է սպառնալիքի` ուղղված ողջ քաղաքական համակարգի դեմ: Պարզվեց նաև, որ հեղաշրջում և մահափորձ էր նախապատրաստվում վարչապետ Էրդողանի դեմ:

Այդ իրավիճակը հիշեցնում էր 1925թ., երբ երիտասարդ հանրապետությունը կանգնած էր իթթիհատականների կողմից կազմակերպվող մահափորձերին դեմ-հանդիման: Այդ ժամանակ էր, որ Մուստաֆա Քեմալը Լոս Անջելեսում լույս տեսնող թերթին հարցազրույց տալու ժամանակ խոսեց հայկական ջարդերի մասին:

Ցավալի է, որ վերոնշյալ իրադարձությունները շարունակողներն օրենքով չեն հետապնդվում, իսկ նրանց ներկայացրած հայցադիմումներով մի շարք մտավորականներ, լրագրողներ ու գրողներ կանգնում են դատարանի առջև: Այն դեպքում, երբ վերոնշյալ ցուցակն ամբողջացվելով կարող էր դատական գործի նյութ դառնալ: Անգամ «Էրգենեքոնի» գործին չկցվեց Հրանտ Դինքի սպանության գործը, որը,  Պետական խորհրդի վրա իրականացված հարձակման գործի համեմատ, ավելի շատ կապեր ուներ այդ ահաբեկչական կառույցի հետ: Դրա պատճառը, հավանաբար, այն վախն էր, որ երևալու էր ողջ համակարգի` «Էրգենեքոն» կոչվող կառույցի հետ սերտաճած լինելու հանգամանքը:

Իսկ «ագրեսիվ ժխտողականության» կողմից օգտագործվող վերջին միջոցը դարձավ «անհատի իրավուքները ոտնահարելու» մեղադրանքով դատարաններին դիմելն ու մեծ չափերի փոխհատուցում պահանջելը:

Բասքըն Օրանի և Իբրահիմ Քաբօղլուի կողմից կառավարության համար պատրաստած Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ զեկույցի պատճառով հեղինակների դեմ անմիջապես դատական գործ բացելու և նրանց դատապարտելու համառող շրջանակների ահազանգով գործի անցած դատարանները կարողացան կանգ առնել միայն նախարարի մերժումը ստանալուց հետո, և հնարավոր եղավ արդարացնել այդ զույգին հասարակության դեմ ուղղված «բացահայտ վիրավորանքները» որակելով որպես «մտքի ազատություն»: * Ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ արդարացվեց Յաշար Քեմալին վիրավորած Իզմիրի քաղաքապետը:

Սակայն դարձյալ նույն դատարանները կարողացան «վիրավորանք հասցնելու» մեղադրանքով դատական գործ սկսել և դատապարտել Թաներ Աքչամին` «Կապույտ գրքի» հետ կապված գործելաոճի առնչությամբ Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ, պաշտոնաթող դիվանագետ Շյուքրյու Էլեքդաղին  քննադատելու համար: ** Դատապարտեցին նաև Թաներ Աքչամի տեսակետներին տեղ տված «Ակոս» շաբաթաթերթին, «Բիրիքիմ» ամսագրին և «Կապույտ գրքի» թուրքերեն հրատարակության խմբագիր Մուզաֆֆեր Էրդողդուին: Իսկ Վճռաբեկ ատյանի դատավորներն էլ կարողացան վավերացնել այդ որոշումը: Սա ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանը արդարադատության ապահովման հարցում արդեն մատնվել է անգործության:

Հրանտ Դինքի դեմ բացված դատական գործը, հակառակ այն բանի, որ Վճռաբեկ ատյանում դատախազը պահանջում էր արդարացնել նրան, որոշ մեխանիզմներ գործի դնելու արդյունքում հաստատվեց նրա դեմ կայացված «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքը: *** Եվ դա իրականում Հրանտ Դինքի համար ոչ բացահայտ կերպով «մահվան դատավճիռ» էր նշանակելու:

Հրանտ Դինքի սպանության գործի դատաքննության ընթացքը դեռևս որոշակի մի փուլի չի հասել: Հակառակ այն բանին, որ այդ դատավարությունն ուղիղ կապ ունի «Էրգենեքոն ահաբեկչական կազմակերպության» գործով անցնող մեղադրյալների հետ, դատարանը համառորեն խուսափում է այդ երկու դատավարությունների միջև կապ տեսնելուց:

Հրանտ Դինքի և մյուս մեղադրյալների դեմ սկսված ամենավերջին դատաքննությունը եղավ 1915 թվականի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» որակելու վերաբերյալ դատական գործը: Այս կերպ գրող Թեմել Դեմիրերի դեմ արդարադատության նախարարի թույլտվությամբ դատական գործ հարուցվեց «1915 թվականին պետությունը ցեղասպանություն է գործել» արտահայտության պատճառով: Արդարադատության նախարարը վերջակետն այսպես դրեց. «Ես իմ պետությանը ոճրագործ չէի անվանի»:

Իսկ Տատրյան-Զարաքոլու դատավարության ժամանակ 1997թ. կայացված արդարացման որոշումը իրավական դաշտում նախադեպ դարձավ. 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ լույս տեսած գրքերի առնչությամբ մինչ այդ դատական գործ չէր հարուցվել: Դատական մեխանիզմն այդ որոշմամբ և Թեմել Դեմիրերի դեմ բացված դատական գործով 10 տարի ետ ընկավ: ՔՕ 301-րդ հոդվածն այլևս օգտագործվում է և օգտագործվելու է Հայոց ցեղասպանության քննարկումներին խոչընդոտելու համար:

* Բաքըն Օրանի դեմ «վիրավորանք հասցնելու» մեղադրանքով սկսված արշավի հետևանքով նրա նկատմամբ հարուցված բոլոր դատական գործերում, բացառությամբ մեկի, որն ավելի ուշ բեկանվեց Վճռաբեկ ատյանի կողմից, դատարանն արդարացման որոշում կայացրեց` արված արտահայտությունները որակելով ոչ թե վիրավորանք, այլ որպես «մտքի ազատություն» :

** Թաներ Աքչամը որպես  «սկանդալ», «թուրքական խորհրդարանը վիրավորող» գործողություն բնորոշեց Շյուքրյու Էլեքդաղի արարքը, այն, որ վերջինս ուղղորդեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովին «Կապույտ գիրքը» չեղյալ հայտարարելու համար նամակ ուղարկել անգլիական խորհրդարան: Աքչամի հիշյալ բնորոշումը դատարանը որակեց որպես «քննադատության սահմանն անցնող»  արարք:

*** Այդ գործում Հրանտի արդարացումը պահանջող դատավորներն իրենց գործընկերների կողմից որպես «դավաճան» որակվեցին: Սա բևեռացման չափը ցույց տվող հետաքրքիր օրինակ է:

Ագրեսիվ ժխտողականություն