«Աքսիոն» հանդեսի հարցազրույցը Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ, Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության արտաքին կապերի հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուի հետ:

– Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունները կկարողանա՞ն լուծել երկրի համար երկու առանցքային հարցերը:

– Ե՛վ Հայկական հարցը, և՛ Քրդական հարցը Թուրքիայի ոտքերը շղթայած կապանքներ են և դանդաղեցնում են մեր առաջընթացը: Մեր նպատակն է ազատվել այդ կապանքներից:

– Ի՞նչ են իրենցից ներկայացնում արձանագրությունները, և ինչպե՞ս պետք է ընթանա գործընթացը:

– Արձանագրությունների հրապարակմամբ Թուրքիան կատարեց անդառնալի քայլ: Երկու երկրներին անհրաժեշտ են հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Նախ պետք է տեղի ունենան վեցշաբաթյա ներքաղաքական քննարկումներ, այնուհետև արձանագրությունները կներկայացվեն խորհրդարանների վավերացմանը:

– Ինչո՞ւ արձանագրություններում որևէ կետ չկա ղարաբաղյան հիմնախնդրի մասին:  

– Եթե անգամ որևէ բան չի հիշատակվում ղարաբաղյան հարցի մասին, ամեն դեպքում շեշտադրվում է տարածաշրջանային խաղաղությունը: Շեշտադրվում է սահմանների փոխադարձ ճանաչումը, հակամարտությունների խաղաղ բանակցային ճանապարհով լուծումը: Այսինքն` դիվանագիտական լեզվով շեշտադրվում է ղարաբաղյան հիմնախնդիրը, քանի որ հայտնի է, որ այն տարածաշրջանային հակամարտություն է: Կարևորվում է  երկու-երեք ամսվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի ապահովումը: Առաջընթացի անհրաժեշտության մասին մենք իրազեկել ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին` ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին: Ասել ենք, որ պատեհ առիթը պատմական է, և եթե ցանկություն կա, որ Թուրքիայի և Հայաստանի միջև արձանագրվի հարաբերությունների կարգավորում, ապա պետք է առաջընթաց գրանցվի ղարաբաղյան հիմնախնդրում: Դիվանագիտական շրջանակներն այդ ուղղությամբ ծավալում են ակտիվ գործունեություն:

– Հայաստանը քայլ կանի՞: Ի՞նչ է լինելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

– Արձանագրությունները, բնականաբար, ներկայացվելու են խորհրդարանների վավերացմանը: Եվ եթե առաջընթաց չգրանցվի ղարաբաղյան հակամարտության հարցում, արձանագրությունները կյանքի չեն կոչվի, կարգավորման գործընթացը կդադարեցվի: Հայաստանն արդեն իսկ ազդանշան է տվել այն մասին, որ կվավերացնի արձանագրությունները և քայլեր կիրականացնի ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում: Գնդակն այժմ նրանց կիսադաշտում է: Անհրաժեշտ է, որ նրանք դուրս գան օկուպացված յոթ շրջաններից: Կա նաև շրջաններից հեռացած մարդկանց վերադարձի հարցը: Սակայն ամենախնդրահարույցը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որն ամբողջությամբ կախված է Ադրբեջանի և Հայաստանի  քաղաքական կամքից:

– Ո՞րն է Հայոց ցեղասպանության պնդումններն ուսումնասիրելու համար ստեղծվելիք հանձնաժողովի նշանակությունը: Հայոց ցեղասպանության պնդումնները դո±ւրս են մղվելու օրակարգից:  

– Մենք ազատվելու ենք օտարերկրյա պետություններում մեզ նեղություն պատճառող Հայոց ցեղասպանության պնդումներից, այլևս ստիպված չենք լինելու պայքարել դրանց դեմ: Թուրքական դիվանագիտության ամենամեծ հաջողություններից էր արձանագրություններում պատմական հարթությամբ զբաղվող հանձնաժողովի ստեղծման ամրագրումը հակառակ կողմին ընդունել տալը: 2005թ. մեր վարչապետը հանդես էր եկել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ: Սակայն դա երկար ժամանակ անպատասխան էր մնում: Նրանք առաջարկեցին ստեղծել քաղաքական հանձնաժողով, իսկ մենք ողջունեցինք դա: Արձանագրություններում տեղ գտած ամենակարևոր դրույթներից մեկը պատմական հանձնաժողով ստեղծելու կետն է: Առաջին անգամ մենք կարողանում ենք ընդունել տալ մեր թեզը: Օտարերկրյա փորձագետները, մեր և նրանց պատմաբանները 1915-ի իրադարձություններն ուսումնասիրելու համար կնստեն սեղանի շուրջ, փաստեր կբերեն, կաշխատեն: Հայկական սփյուռքը հակազդում է հայաստանյան իշխանություններին` հայտարարելով, թե ՙինչո±ւ եք ընդունում միջազգային հանրության կողմից ընդունված փաստը քննարկելու առաջարկը: Դա ընդունել` նշանակում է կասկածի տակ դնել այն՚:

– Եթե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն, դա Թուրքիայի և տարածաշրջանի վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենա:

– Թուրքիան արդեն տարածաշրջանում կենտրոնական պետություն է` Սև ծովի, Բալկանների և Մերձավոր Արևելքի խաչմերուկում: Թուրքիան մի պետություն է, որը փորձում է հարևանների հետ հաստատել բրիդրացիական հարաբերություններ, առևտրային, սոցիալական և մշակութային կապեր, ինչպես նաև ծավալել երկխոսություն: Իսկ այս ամենին Հայաստանի օղակը միացնելը մեզ համար կունենա Հարավային Կովկասի վեկտորը դեպի անվտանգություն ուղղելու նշանակություն: Ըստ էության, քանի որ հարցը կապված է Ղարաբաղի հետ, ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվելու է: Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը դառնալու են այլևս չպատերազմող  երկրներ: Այս տարածաշրջանը էներգետիկ միջանցքի, այդ թվում և Nabucco-ի համար կարևոր նշանակություն ունի: Մենք կայունացնելու ենք մեր հարևանությունը, ինչը և կնպաստի առևտրի աճին:

– Ինչպիսի՞ն է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության նկատմամբ: Ի±նչ է ստանում Ռուսաստանն այդ նախաձեռնությունից:

– Մոսկվան հայտարարում է, որ աջակցում է հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ներկա պահին նրա մոտեցումները դրական են: Հարաբերությունների կարգավորումը կայունություն կբերի տարածաշրջանին, իսկ Ռուսաստանի ստանալիքն էլ դրական մթնոլորտի ձևավորումն է: Տարածաշրջանն ունի տնտեսապես աճելու պոտենցիալ:

– Հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ արձագանքները տարբեր են թե երկրի ներսում, թե դրսում: Ինչո՞վ եք պայմանավորում դրան ուղղված ընդդիմախոսների մոտեցումները:

– Եթե այս հարցերը կարգավորվեն, Թուրքիան կմտնի աշխարհի սուպեր լիգա և կդառնա մեծ խաղացող: Այդպիսի երկրում կլինի ժողովրդավարություն, թափանցիկություն: Այդպիսի երկրում տեղ չեն ունենա ստատուս քվոյի կողմնակիցները: Թուրքիան կամ կդառնա Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր, որտեղ չի լինի էթնիկական խտրականություն, մարդիկ մինչև վերջ կկարողանան կիրառել իրենց մշակութային իրավունքները, որտեղ զինվորականությունը կզբաղվի բացառապես երկրի պաշտպանությամբ և չի միջամտի առօրյա քաղաքականությանը: Կամ նախկինի պես կշարունակի լինել կես-ժողովրդավար, զինվորական և վերնախավի ենթակայության տակ գտնվող  մի երկիր: Ժողովրդավարական նախաձեռնությունը, Կիպրոսի հիմնախնդրի հանգուցալուծումը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիային կազատեն ընտրյալ վերնախավի գերիշխանությունից, որովհետև բոլոր այդ խնդիրները  նրան լեգիտիմություն են շնորհել: Իսկ այժմ մենք այդ հարցերը լուծելով` նրա ոտքի տակի գորգը քաշում ենք:

– Կա՞ն պետություններ, որոնք դեմ են այդ հարցերի կարգավորմանը:

– Կան, այդպես չեն արտահայտվում, բայց չեն ուզում, որ խնդիրը կարգավորվի: Եվրամիության հետ անդամակցության բանակցություններ վարող պետությունների համար կա հատուկ դրույթ, ըստ որի այդ պետությունները պետք է լավ հարաբերություններ ունենան իրենց հարևանների հետ: Իսկ Հայաստանի հետ կապված հարցը մեզ համար վերածվել էր քննադատության նյութի: Եվ այն պետությունները, որոնք չեն ուզում, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, այդ հաղթաթուղթը չկորցնելու համար ցանկանում են, որպեսզի հարցը շարունակի գոյություն ունենալ: Չթերագնահատենք նաև հայկական սփյուռքին: Բացի այդ, Հայաստանն այնպիսի մի պետություն է, որտեղ 1999 թ. սպանեցին երկրի վարչապետին: Այսինքն` քաղաքական մշակույթում  սպառնալիք ունեցող երկիր է: Մյուս կողմից, ՙԴաշնակցություն՚ կուսակցությունը բողոքի ակցիա էր կազմակերպել, բայց չկարողացավ հավաքել անգամ 500 մարդ: Իսկ սա ցույց է տալիս, որ հարաբերությունների կարգավորման պահանջ, այնուամենայնիվ, կա:

– Թուրքիայի և Հայաստանի միջև ինչպե՞ս մեկնարկեց արձանագրային գործընթացը:   

– 2008թ. օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմից հետո Թուրքիան հանդես եկավ նախաձեռնությամբ: Տարածաշրջանային պետությունների խնդիրներն իրենց իսկ կողմից լուծելու համար առաջարկեցինք ստեղծել Կովկասյան կայունության և համագործակցության պլատֆորմ: Այդ նախաձեռնությունը ողջունեցին և° Ադրբեջանը, և° Ռուսաստանը, և° Հայաստանը: Վրաստանը նույնպես միացավ: Եվ այդ հովանոցի ներքո արագություն հաղորդեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նախագահը ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար առաջին անգամ մեկնեց Հայասատան: Սկսվեցին երկկողմ բանակցություններ: Արտգործնախարարները ինչպես երկկողմ, այնպես էլ, Ադրբեջանը ներառող, եռակողմ հանդիպումներ սկսեցին: Արագություն հաղորդվեց գործընթացին: 2009թ. ապրիլի 22-ին Շվեյցարիայի արտգործնախարարության միջնորդությամբ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարեցին ՙճանապարհային քարտեզի՚ մասին: Իսկ օգոստոսի 31-ին հրապարակվեցին արձանագրությունները:

Եթե առաջընթաց չգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, արձանագրությունները կյանքի չեն կոչվի