Հրանտ Դինք միջազգային հիմնադրամի Հրանտ Դինքի անվան մրցանակի դափնեկիրների անունները հայտարարվեցին սեպտեմբերի 15-ին, զազրելի հանցագործությանը զոհ դարձած մեր անգին բարեկամի և գործընկերոջ` Հրանտի 55-ամյակի օրը: Մրցանակին արժանացան Թուրքիայից Ալփեր Գյորմուշը և Իսրայելից Ամիրա Հասսը:

Մրցանակաբաշխության օրը, երբ հարգանքով ու ցավով ոգեկոչվում էր Հրանտի հիշատակը, հնարավոր էր գտնել մի փոքր մխիթարանք նրա երազանքը հանդիսացող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին իրականացված քայլերով:

Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները ապրիլի 22-ին հայտարարեցին հարաբերությունների կարգավորման հարցում համաձայնության գալու մասին: Իսկ օգոստոսի 31-ին հրապարակվեցին երկու արձանագրությունները: Երկու երկրների իշխանությունները վեցշաբաթյա ներքաղաքական քննարկումներից հետո արձանագրությունները վավերացման համար ներկայացնելու են խորհրդարաններ: Վավերացումից հետո երկամսյա ժամկետում հաստատվելու են դիվանագիտական հարաբերություններ, բացվելու են դիվանագիտական ներկայացուցչություններ, փոխադարձաբար ճանաչվելու և բացվելու են սահմանները: Ստեղծվելու են էներգետիկ հարցերից մինչև ենթակառուցվածքների և զբոսաշրջության ու պատմական հարթության հարցերով զբաղվող ենթահանձնաժողովներ:

Որևէ կասկած չկա, որ կողմերն այդ արձանագրությունները ստորագրել են` հավատալով, որ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանի անվտանգության ապահովմանն ու տնտեսական զարգացմանը, ինչով և կծառայի իրենց շահերին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն օգտակար կլինի նաև Ադրբեջանի համար. տեղեկությունների համաձայն` Բաքուն նույնպես իրազեկված է եղել արձանագրությունների ստորագրման մասին:

Թուրքիայի` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելը, 1993թ. ի վեր սահմանները փակ պահելու համառ քաղաքականությունը, շահեկան չեղավ ադրբեջանական տարածքների հայկական օկուպացիային վերջ դնելու հարցում: Իսկ սրան հակառակ` կարգավորման գործընթացի մեկնարկով վերջ է դրվելու օկուպացիային և աստիճանաբար արագություն հաղորդվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Պարզ երևում է, որ Հայաստանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորումը զուգահեռ է ընթանում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին: Իշխանություններն առանց օկուպացիայի վերացման չեն վավերացնելու արձանագրությունները: Իսկ դա երևում է սահմանները չբացելու մասին արված հայտարարություններից:

Հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցում է ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը, ինչն էլ խոսում է այն մասին, որ հանարվոր է շոշափելի արդյունքների հասնել այդ գործընթացում: Մոսկվան ջանք է գործադրում նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Շատ ուշագրավ են Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի` ՙՄիլլիյեթ՚ օրաթերթին տված հարցազրույցում արած հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հոկտեմբերին հանդիպելու են և սպասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ հայտարարություն կանեն. ՙԹուրքերը չեն սպասում լուծում ղարաբաղյան հարցում, սակայն ցանկանում են ինչ-որ ձևով առաջընթաց տեսնել: Այդ հայտարարությունը խաղաղության համաձայնագրի նման չի լինելու, այլ լինելու է այն, ինչ ուզում է տեսնել Թուրքիան…՚,- հայտարարել էր Կիրակոսյանը:

Ինչպես Թուրքիայում և Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում շատ բնական են հարաբերություների կարգավորման գործընթացի դեմ ուղղված քննադատությունը: Սակայն կարգավորման ռահվիրաներից հանգուցյալ Ալփարսլան Թյուրքեշին հիշելիս ուղղակի անհասկանալի է դառնում ՙԱզգայնական շարժում՚ կուսակցության գործելաոճը: Իսկ Ժողովրդա-հանարպետական կուսակցության վարքագիծն ավելի հասկանալի է. այդ կուսակցությունն իշխանությունների ցանկացած քայլին դեմ դուրս գալուց բացի այլ քաղաքականություն չունի: Սակայն երեք երկրների հարաբերությունների կարգավորումից ակնկալվող շահերն այնքան մեծ են, որ դժվար թե ընդդիմությանը հաջողվի կասեցնել այդ գործընթացը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից կշահի նաև Ադրբեջանը