Հայաստանի հետ հարաբերությունների և քրդական հարցի կարգավորման գործընթացներն առաջ են սլանում մեծ արագությամբ և ոգևորությամբ: Հակառակ բոլոր քննադատություններին և հակազդեցություններին` հանրության մեջ այսօր արդեն առկա է ընդհանուր ակնկալիք: Սակայն հասարակության մի ստվար հատված, չհավատալով այդ գործընթացների անկեղծությանը, միևնույն ժամանակ ցանկանում է, որ դրանք լինեն իրական:

Շատ հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ասում են, թե «այդ գործն իրականություն չի դառնա: «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրական խուսանավումներ է անում»: Ժողովրդի մեջ առկա է ընդհանուր անվստահություն, ընդհանուր հոռետեսություն, որից չի կարողանում ազատվել:

Ընդհանուր կասկած և մտահոգություն կա: Ամեն պահի գործընթացը դադարեցվելու սպասում կա:

Սակայն բոլոր այս հոռետես տրամադրություններին հակառակ` նույն մարդկանց մեջ կա նաև հույս. «Իսկ եթե ամեն ինչ հաջողությամբ պսակվի…» «Եթե իրականում լռեն զենքերը…»

Բայց հույսերի և ակնկալիքների հետ մեկտեղ՝ դժվարին ժամանակներում ենք ապրում: Այն պատճառով, որ ունեք շատ արագ բորբոքվող, հուսադրվող և հուսալքվող հանրություն, ապրում ենք վերելքներով ու վայրէջքներով լի ժամանակաշրջանում:

Որոշ ժամանակ հետո հասարակությունը սկսելու է նեղվել և ասել, թե «լինում է, թող լինի, եթե ոչ` հրաժարվենք»: Հետո հաջորդելու են «քրդերն արդեն բավականին շատ են: Շուտով մեր վրայի վերմակն են ուզելու» քննադատությունները:

Այսպիսի անհամբեր, իր հայացքներն արագ փոփոխության ենթարկող, ոգևորությունը շուտ կորցնող հանրության մոտ շատ դժվար է անընդհատ հետաքրքրություն բորբոքել:

Թուրքիայի ներսում և դրսում կան այնպիսի ուժեր, որոնք բացարձակապես չեն ուզում, որպեսզի կարգավորվի քրդական հարցն, ու վերանա Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ահաբեկչական գործունեությունը: Դա նրանց շահերից չի բխում: Չեն ցանկանում, որ Թուրքիան հաղթահարի այդ հարցն ու ողջ ռեսուրսներն ուղղի տնտեսության զարգացմանը: Նրանց համար Թուրքիան պետք է արյունահոսի և չօգտագործի իր ողջ ներուժը: Եվ կարծում են, թե այդ դեպքում ավելի հեշտությամբ կկարողանան իրենց կամքը թելադրել Անկարային:

Նրանք, ովքեր փորձում են արգելակել այդ ընթացքը, կարճ ժամանակ անց գործի են անցնելու: Մի մահափորձ այստեղ, մի պայթյուն այնտեղ… Նաև շատ հնարավոր է, որ հանցագործություններ իրականացվեն PKK-ի անվան տակ: Հնարավոր է նաև, որ PKK-ի ներսում ապստամբեն նրանք, ովքեր կողմնակից չեն խաղաղությանը:

Այդ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը: Կարողանալու՞ է շարունակել այսօրվա համարձակ և վճռական գործելաոճը, թե՞, հանդիպելով դժվարությունների, գործընթացը թողնելու է դարակում: Թե՞ հանձնվելու է` ասելով. «Ես արեցի այն, ինչ կարող էի: Սակայն հանդիպեցի լուրջ արգելքների: Ավելի հեռուն չեմ կարող գնալ»: Թե՞ բավարարվելով «Քրդական հարցի կարգավորման նախաձեռնությամբ հանդես եկած միակ կուսակցությունը լինելու» հանգամանքի գովաբանությամբ` հետաձգելու է գործընթացը:
Ասեմ հենց սկզբից: Էրդողանը շատ դժվար գործընթաց է սկսել: Դրանից ետ կանգնել այլևս հնարավոր չէ: Այն կարելի է միայն դանդաղեցնել կամ որոշ ժամանակով հետաձգել:  

Իսկ ի՞նչ է ուզում Եվրոպան: Նախքան հարցին պատասխանելը, որոշենք, թե որ Եվրոպայից ենք խոսելու` կառավարությունների՞ց, գաղտնի ծառայությունների՞ց, թե թուրքի երդվյալ թշնամիներից կամ էլ ամեն գնով Թուրքիային Եվրոպայից հեռու պահելու վճռականություն ունեցող կառույցներից:
Եվրամիության 27 անդամ երկրներից 2-3 պետություն է, որ կառավարական մակարդակով ողջունում է քրդական հարցի կարգավորման գործընթացը: Հատկապես Գերմանիայի և Սկանդինավյան երկրների նման պետությունները, որոնք ապաստան են տվել քուրդ ժողովրդին, կողջունեն Անկարայի քայլերը:
Եվրահանձնաժողովն, իր աշխատանքները սկսելուն պես, առաջին հայտարարության մեջ ողջունեց ինչպես քրդական հարցի, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունները: Սակայն այս հարցում ամեն ինչ պարզ կլինի հրապարակվելիք զեկույցից հետո:

Այդ ընթացքում Թուրքիային Եվրամիությունից դուրս պահելու կամ ներքին արյունահոսության շարունակման ջատագովները կանեն ամեն հնարավորը՝ այդ գործընթացները կասեցնելու համար:

Ով ինչ ուզում է, թող ասի. քրդական հարցի լուծման, PKK-ի ահաբեկչությունների դադարեցման, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները Թուրքիային ավելի են մոտեցնում Եվրամիությանը: Ամեն դեպքում, դեպի Եվրամիություն տանող ճանապարհին հաղթահարված կլինի ամենակարևոր արգելքներից մեկը:

Հայկական և քրդական հարցերի կարգավորման գործընթացները Թուրքիային մոտեցնում են Եվրամիությանը