Մեծ է նաև հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի հասարակական նախաձեռնության դերը:

Ըստ իս, հարաբերությունների կարգավորման գործընթացի ետին պլանում գտնվող հերոսներից մեկը 1997թ. ձևավորված հայ-թուրքական գործարար խորհուրդն է:

Երեկ խորհրդի համանախագահ Քաան Սոյաքից հարցրեցի, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա: Սոյաքը թվարկեց հետևյալը.
Հայաստանի և Թուրքիայի միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը հասնում է մինչև 150 միլիոն դոլարի: Այս թիվը կարճ ժամանակահատվածում կկրկնապատկվի` հասնելով մինչև 300 միլիոն դոլարի: Իսկ առաջին երեք տարիների ընթացքում հնարավոր կլինի խոսել 1 միլիարդ դոլարի հասնող ապրանքաշրջանառության մասին:

Մոտ 10 տարուց ի վեր` Ստամբուլի և նրա շրջակայքում զարգացող և ակտիվացող առևտուրը սահմանների բացման հետևանքով կթափանցի նաև արևելյան շրջաններ:

Սակայն Քաան Սոյաքի խոսքերով, ամենաարագը կզարգանա զբոսաշրջության ոլորտը: Վանում` Ախթամար կղզին, Կարսում` Անիի ավերակները, իսկ Հայաստանում` Էջմիածինը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Լիբանանի նման երկրներում մոտ 7 միլիոնանոց հայկական սփյուռքի այցելության համար նախընտրելի հիմնական վայրերն են:
Տնտեսության ոլորտին առնչվող մյուս առանցքային հարցը 1993 թվականից ի վեր փակված Կարս-Գյումրի երկաթգիծն է, որը հարավից հյուսիս` Նախիջևանով Բաքու և արևելքից արևմուտք` Վրաստանով Ռուսաստան, Աֆղանստան և Չինաստան է հասնում:

Ըստ Քաան Սոյաքի` այդ երկաթգծի վերաբացումը կարող է փոխել «փոխադումների համակարգը» Միջին Ասիայի երկրների, Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

«Կարս-Գյումրի երկաթգծի բացումը տնտեսության տեսանկյունից մեծ առաջխաղացում կարող է ապահովել, ինչպես նաև կարող է ձևավորել դեպի Աֆղանստան տանող անվտանգ ճանապարհներից մեկը »,- ասում է Սոյաքը:
Հայկական երկաթգիծը մի քանի տարի առաջ գնվեց Ռուսաստանի կողմից և այժմ շահագործվում է «Ռուսական երկաթուղիներին» պատկանող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից: Այդ պատճառով աճել է աշխատունակությունը:

Մյուս կարևոր թեման աշխարհի օրակարգում հայտված էներգակիրներն են:
Սոյաքի խոսքերով, չպետք է անտեսել այն ներդրումը, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է ապահովել ձևավորման նոր փուլում գտնվող էներգետիկ դաշինքների համար:

«Մի ժամանակահատվածում, երբ գծագրվում են 50 տարվա էներգակիրների քարտեզները, Թուրքիա-Հայաստան մերձեցումը շատ կարևոր է, քանի որ այն էներգետիկ դաշինքների համար Կովկասում ավելի անվտանգ,  տնտեսապես այլընտրանքային, տարանցիկ ճանապարհներ կարող է բացել»,- նշում է Սոյաքը:

Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահի կարծիքով` հայ-թուրքական մերձեցումը դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վրա:

Ինչպիսի ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տնտեսության վրա